Ինձ ավելի շատ գրքերն ու կինոն են ձևավորել իբրև անհատի. Զավեն Բոյաջյան

Ինձ ավելի շատ գրքերն ու կինոն են ձևավորել իբրև անհատի. Զավեն Բոյաջյան

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Այս առիթով hraparak.am-ը հարցազրույց է ունեցել մի շարք գրքերի թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանի հետ: 



-Պարո՛ն Բոյաջյան, ինչպե՞ս են ընտրվում այն ստեղծագործությունները, որոնք Դուք թարգմանում եք հայերեն («Վարդի անունը», «Մարսյան քրոնիկոն», «Խատուտիկի գինի» և այլն):



-Կամ տվյալ ստեղծագործության թարգմանությունն ինձ առաջարկվել է, կամ ինքս եմ ընտրել: Ե՛վ «Վարդի անունը» վեպի, և՛ Բրեդբըրիի, իսկ նախկինում Սարոյանի և այլոց գործերի թարգմանության նախաձեռնությունը պատկանում է այդ գործերը լույս ընծայած հրատարակչություններին, բայց թարգմանությունը ստանձնելու համար առաջարկը պիտի անպայման համապատասխանի իմ նախասիրություններին, այսինքն՝ ես պիտի տվյալ ստեղծագործությունը թարգմանելու, այդ փորձությանը տրվելու սրտանց ցանկություն ունենամ և անկեղծ հետաքրքրություն հեղինակի ու նրա աշխարհի նկատմամբ: Սա հաջող թարգմանության ամենակարևոր նախապայմանն է, այլապես անհոգի գործ կստացվի: Իսկ Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը» և Նաբոկովի «Լոլիտան», որը շուտով լույս կտեսնի, թարգմանել եմ սեփական ընտրությամբ: Այս և մյուս տարվա համար էլ ընտրել եմ Բըրջեսի «Լարովի նարինջը», Պավիչի և Պազոլինիի գործերը: Ի դեպ, առաջիկայում շատ կուզենայի որոշ թարգմանություններ անել սլավոնական լեզուներից, քանի որ այդ լեզուներից մի քանիսին ծանոթ եմ դեռ պատանեկան տարիքից, և լավ կլիներ, եթե իմացածս ի վերջո կիրառեի:



-Էկոն չէր հավանել իր ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմը և որոշել էր այլևս երբեք թույլ չտալ էկրանավորել իր վեպերը: Դուք՝ որպես կինոգետ և որպես ստեղծագործության մանրակրկիտ գիտակ, ինչպե՞ս կգնահատեք ֆիլմը:



-Ժան-ժակ Անոյի գունեղ ֆիլմը ինքնին վատ կինոնկար չէ և բավական հաջողություն ունեցավ՝ 80-ականների երկրորդ կեսին ցուցադրվելով էկրաններին, բայց եթե փորձենք համեմատել գրական հենքի հետ, ֆիլմն անկասկած տանուլ կտա, որովհետև Էկոյի վեպից քաղել է միայն միջավայրն ու դետեկտիվ սյուժեն, ասենք, վեպն այնքան բազմաշերտ է և բազմաբովանդակ, որ անհնար է համարժեք էկրանացում պատկերացնել: Ուստի զարմանալի չէ, որ ֆիլմը, ի հիասթափություն Էկոյի, պարզունակացրել է նրա գործը՝ հանգելով փաստորեն հանրամատչելի հանդիսանքի:



-«Վարդի անունը» վեպը սիրվեց և՛ գիտական միջավայրում, և՛գեղարվեստական գրականության սիրահարների կողմից, ո՞րն է նրա ֆենոմենը:



-Ինչպես արդեն նշեցի, «Վարդի անունը» բազմաշերտ, բազմամակարդակ ստեղծագործություն է, մի համապարփակ կառույց, որտեղ ամեն կարգի ընթերցող կարող է հագուրդ տալ իր հետաքրքրությանը. մեկին գրավում է մակերեսիկ դետեկտիվ սյուժեն, մյուսին՝ փիլիսոփայական խորքը, մի ուրիշին՝ ասենք, միջնադարի կառնավալային տարերքը: Սա է պատճառը, որ նման բարդ գործը, որքան էլ պարադոքսալ լինի, տարիներ շարունակ պահպանել է բեսթսելերի իր դիրքերը գրաշուկայում: Խորագիտակ Էկոն վեպի համապիտանի բաղադրատոմս ունի:



-Ո՞ր հատվածը կնշեք վեպից, որտեղ առավել ցայտուն է երևում նշանների միջոցով իրականությունը բացահայտելը:



-Նման հատվածները շատ են: Վեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Ուիլյամ Բասքերվիլցին, ըստ էության, միջնադարյան նշանագետ է և նշանների միջոցով իրականությունը բացահայտելու նրա հմտությունը դրսևորվում է Ուիլյամի ձեռնարկած հետաքննության՝ խորհրդավոր սպանությունների թնջուկը քանդելու ամբողջ ընթացքում: Գործնական քայլերին զուգընթաց նա իր ուղեկից մոնթին՝ Ադսոնին, շարունակ բացատրում է նշանագիտության տեսական հիմունքները:



-Ձեր կարծիքով որքանո՞վ է կարևոր Գիրք նվիրելու օրը, և ի՞նչ գիրք եք պատրաստվում նվիրել (եթե իհարկե նվիրելու եք) այդ տոնին:



-Գիրք նվիրելու օրվան, ինչ խոսք, մեծ համակրանքով եմ վերաբերվում, բայց ցանկացած օր էլ կարող է այդպիսին դառնալ, համենայն դեպս գիրք կամ գրքեր նվիրելու համար ես չեմ սպասում այդ օրվան, տարվա մյուս օրերին էլ հաճույքով նվիրում եմ: Միշտ այդպես է եղել:



-Պարո՛ն Բոյաջյան, ի՞նչ եք կարծում, արդյոք էլեկտրոնային գիրքը մարտահրավե՞ր է ավանդական գրքատեսակին:



-Ինձ համար գիրքը մարդկային քաղաքակրթության մեծագույն նվաճումներից մեկն է, եթե ոչ ամենամեծը, ինչպես էլի եմ առիթ ունեցել ասելու: Բնականաբար ժամանակի ընթացքում գրքի նորանոր տեսակներ ու կրիչներ կհայտնվեն, ինչի ականատեսն ենք մեր ժամանակներում, բայց ես լիահույս եմ, որ գիրքն իր ավանդական ձևով կգոյատևի, եթե նույնիսկ օպերայի պես հնավանդ դառնա: Դրա վկայությունն են և գրահրատարակչական գործի տպավորիչ ծավալներն աշխարհում, հակառակ էլեկտրոնային գրքի նետած մարտահրավերին: Կենդանի շփումը տպագիր գրքի հետ, այդ շփմանն ուղեկից էսթետիկ հաճույքը զգացողություններ են, որոնց իմ համոզմամբ ոչինչ չի կարող փոխարինել:



-Գրքի՝ ընթերցողի վրա թողած ազդեցության մասին գիտության մեջ առկա են տարբեր հետազոտություններ, իսկ ո՞րն է Զավեն Բոյաջյանի մոտեցումը գրքի կարևորության վերաբերյալ:



-Գրքերն ու կինոն առանց չափազանցության ամենակարևոր դերն են խաղացել իմ կյանքում: Ոչ մի ուրիշ բան այդքան չի ազդել իմ անձի, ներաշխարհի, ընկալումների վրա: Ավելին՝ ինձ ավելի շատ գրքերն ու կինոն են ձևավորել իբրև անհատի, մարդու, քան նույնիսկ իրական աշխարհը: Կարծում եմ՝ չկարդացող մարդը շատ բան է կորցնում, որովհետև նրա կյանքն ավելի շատ անցնում է կենցաղային իրականության գետնամած տիրույթում: Գիրքն այդ գետնամածությունից վեր ելնելու թևեր է ընձեռում, ներքին ազատություն, ըմբռնողության նոր չափում, ի վերջո կեցության այլ կոորդինատներ:



-Գոյություն ունի՞ այնպիսի ստեղծագործություն, որին հաճախ եք անդրադառնում՝ վերընթերցում:



-Իհարկե: Միշտ անդրադառնում եմ Շեքսպիրի գործերին և Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակին»: Ամեն տարի: Դրանք իմ էներգետիկ աղբյուրներն են:



Անահիտ ԳևՈՐԳՅԱՆ