Հայ-թուրքական քննարկում Երևանում

Հայ-թուրքական քննարկում Երևանում

Փետրվարի 17-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված ուշագրավ քննարկում էր կազմակերպվել` համալսարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ «Երկիր» կոչվող ՀԿ-ի ուժերով:



Ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պրն. Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, Շվեյցարիայի դեսպանը` պրն. Լուկաս Գասսերը, այլ դիվանագիտական աշխատակիցներ, Հայաստանի քաղաքագիտական շրջանակներից Դավիթ Շահնազարյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը, Սերգեյ Մինասյանը ներկայացուցիչներ «Հրանտ Դինք», «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամների հայաստանյան գրասենյակներից եւ այլն:



Դահլիճում ներկա էին նաեւ զգալի թվով ուսանողներ, եւ թերեւս այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ելույթներն առանձնապես գիտական-հետազոտական-տեղեկատվական հարթությունում չէին, այլ ավելի մարդկային շփման, կարծիքների փոխանակման:
Միջոցառումը երկու հատվածից էր բաղկացած, երկրորդ հատվածում «Հրանտ Դինք» եւ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամների, նաեւ Imagine կենտրոնի եւ Կովկասի ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացնում էին Թուրքիայի իրենց գործընկերների հետ իրականացվող ծրագրերը:



Դրանք շատ կարեւոր են, քանի որ Հայաստան-Թուրքիա շփումների հիմնական հարթակն են: Սակայն միջոցառման այցեքարտն առաջին հատվածն էր: Այդ հատվածի ելույթների համար հրավիրվել էին բանախոսներ Ֆրանսիայից, Թուրքիայից եւ Հայաստանից: Ֆրանսիայից ժամանել էին մեր հայրենակիցներ տիկ. Տալին Փափազյանը` Փարիզի Սիանո-Պո համալսարանից, եւ պրն. Ֆիլիպ Կալֆայանը` Փարիզ 2 համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնից: Թուրքիայից ժամանել էին պրն. Ալի Բայրամօղլուն` Ստամբուլի Կուլտուր համալսարանից, եւ Ստամբուլի Անատոլիական հետազոտությունների ֆրանսիական համալսարանի տնօրեն Ժան Ֆրանսուա Պերուզը: Հայաստանից Վահրամ Տեր-Մաթեւոսյանն էր` ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտից, եւ Թաթուլ Հակոբյանը` Սիվիլնեթից:



Յուրաքանչյուր բանախոսի ելույթում Թուրքիայի իրավիճակը եւ հայ-թուրքական հարաբերությունները մի ասպեկտով էին քննարկվում: Միանգամայն ուշագրավ դիտարկում էր պրն. Կալֆայանի գնահատականը, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական առումով չի կարող լինել Թուրքիային փոխհատուցման պահանջ ներկայացնող սուբյեկտը, ինչը ճշմարտություն է` Հայաստանում դա ընդունեն, թե ոչ:



Նաեւ Վահրամ Տեր-Մաթեւոսյանի մի ճշտումն էր շատ հետաքրքիր, նա ասաց, դա տարածված սխալ է, թե հայ-թուրքական սահմանը փակվել է 1993-ին: Իրականում հայ-թուրքական միջպետական սահմանը երբեւէ չի էլ բացվել, որ 93-ին փակվեր: 1991-93-ին անցակետեր են բացվել, հատկապես Թուրքիայի տարածքով Հայաստան ցորեն ներկրելիս, ինչի համար թուրքական կողմին նաեւ վճարումներ են կատարվել: Հետեւաբար, կլիշեն, թե հայ-թուրքական սահմանը փակվել է 1993-ին, Արցախյան պատերազմում եղած ռազմական զարգացումների արդյունքում, առանձնապես ճիշտ չէ:



Եթե միջոցառումը փոքր-ինչ ինտերակտիվ լիներ, եւ դահլիճից էլ կարծիքներ, հարցեր հնչեին, գուցե հիշվող ավելի շատ դրվագներ լինեին: Սակայն, զարմանալիորեն, այդպես չէր, եւ դա մոդերատորի ակնբախ թերացումն էր։ Մոդերատորը մի լրագրող էր` «Նյուվել Դ’Արմենի» ամսագրից, որն ինքը մի քանի հարց ուղղեց բանախոսներին։ Դիցուք, Ստամբուլից պրն. Բայրամօղլուն հարցրեց, թե Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին թուրքական լրատվամիջոցները, TV-ները լուսաբանեցի՞ն այդ իրադարձությունը, դա ի՞նչ լսարան ունեցավ:



Նույնիսկ դահլիճում նստած ուսանողները, կարծում եմ, կիմանային, որ թուրքական տասնյակից ավելի առաջատար լրատվամիջոցների լրագրողներ ապրիլի 24-ին Հայաստանում էին, Սերժ Սարգսյանը նրանց հարցազրույց տվեց, Ծիծեռնակաբերդից էին ուղիղ ռեպորտաժներ Թուրքիայում հեռարձակվել, բոլոր հիմնական թուրքական թերթերն էին ընդարձակ հոդվածներ տպագրել, առաջին էջերին մեծադիր` «Հիշում ենք», «Ցավում ենք», «Ներեցեք» եւ նման արտահայտություններով: Իսկ թե այդ ամենը որքան լսարան է ունեցել կամ ինչ ազդեցություն` ո՞վ կարող է չափել: Գրողը տանի, ի վերջո, կարելի է լռել կամ փոքր-ինչ տեղյակ եւ իմաստալից հարցեր տալ, երբ դահլիճում ես, եւ տասնյակ մարդիկ են դա լսում:



Վերջապես, բոլոր բանախոսներին լսելուց հետո, ինձ հետաքրքրեց ոչ թե հնչած, այլ հատկապես չհնչած մի հարց. ինչպե՞ս պատահեց, որ ողջ միջոցառմանը չգտնվեց մի բանախոս, որը պետական մակարդակում հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալիս մտաբերեր եւ հիշատակեր, հետո էլ՝ կուզի դրական, կուզի բացասական, գնահատեր իրողությունը, որ նախագահ Էրդողանի կողմից եւ 2014-ի ապրիլի 24-ին, եւ 2015-ի ապրիլի 24-ին, եւ 2016-ի ապրիլի 24-ին հայությանն ուղղված ցավակցության ուղերձներն են հնչել:



Երբեւէ նախկինում նման խոսք լսե՞լ էին: Որքան էլ Էրդողանի ուղերձներն անկատար կամ թերի լինեն, անգամ մանիպուլյացիաներ ներառեն, միեւնույն է, ինչպե՞ս կարելի է երեւույթը չնկատել: ԱՄՆ-ից եւ Թուրքիայից բացի կա՞ մեկ այլ երկիր, որի նախագահն ապրիլի 24-ին հայությանն է դիմում: Քանի՞ նման երկիր կա: Այո, նախագահ Էրդողանը բազմաթիվ սխալներ, անգամ հանցանքներ է գործում, որոնց մասին ճիշտ է խոսել, բայց սխալ է ուրիշ ոչինչ չտեսնել եւ չնշել: «Նայեք, որ Ձեր աչքի լույսը խավար չըլլա»,- ասում է Ասվածաշունչը եւ ոչ իզուր:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ