Մկրտիչ Արմեն. Ինչպես են գրվում վեպերը (հատվածներ)

Մկրտիչ Արմեն. Ինչպես են գրվում վեպերը (հատվածներ)

Մկրտիչ Արմենի «Երեւան » վեպի նոր հրատարակության առիթով (Երեւան, 2017, «Անտարես») ուզում եմ ներկայացնել 1932 թվին «Գրական թերթում » լույս տեսած Մ. Արմենի պաշտպանական հոդվածից հատվածներ, ուր երիտասարդ արձակագիրը, կարելի է ասել, Գլավլիտին բացահայտում է, պարզաբանում վեպն ստեղծելու իր էսթետիկական մոտեցումները: Ըստ իս՝ վեպը եւ դրա ստեղծման պատմությունն ամբողջովին ըմբռնելու ճանապարհին սա շատ կարեւոր հոդված է:



Իմ կարծիքով, գրողն ունի ստեղծագործության զարգացման երկու շրջան: Առաջին շրջանում նա գրում է տարերայնորեն առանց գիտակցելու իր ստեղծագործության մեթոդը: Չգիտակցելով այդ՝ նա չի կարող ընտրել եւ զարգացնել այն բնորոշ գծերը, որոնք հատուկ են ստեղծագործությանը: Այդ առաջին շրջանում եւս, իհարկե, նա ունի իր ստեղծագործական մեթոդը, որը, սակայն, լրիվ միասնական եւ մոնոլիտ չէ, հետեւաբար՝ մեթոդ չէ: Երկրորդ շրջանում գրողն սկսում է գիտակցել, կազմակերպել եւ զարգացնել իր ստեղծագործական մեթոդը: Նա այլեւս դեն է նետում այն ամենը, որն ավելորդ էր իրեն, որը չէր բխում իր մեթոդից, որը խորթ էր իրեն: Եվ հակառակը՝ սկսում է զարգացնել մի շարք բնորոշ գծեր եւ նույնիսկ պատահական կետեր, որոնք վերածվում են նոր որակի, դառնում տվյալ գրողի ստեղծագործական հիմնական մեթոդը:



Խոսել գրողի ստեղծագործական մեթոդի մասին, նշանակում է խոսել ահա այս երկրորդ շրջանի մասին: Այս երկրորդ շրջանում է, որ գրողը բարձր է կանգնած իր գրվածքից, ինչպես Շեքսպիրն է ասում: Առաջին շրջանում նա դեռ իր գրվածքի ցածրում է, գրվածքի մեջ: Այդ շրջանում գրվածքի լիրիզմը հեղինակի լիրիզմն է, գրվածքի գլխավոր հերոսների մտքերը հեղինակի մտքերն են եւ այլն… Առաջին շրջանում հեղինակն այնքան բաց չի անում արտաքին աշխարհը, որքան ներքին սուբյեկտիվ աշխարհը: Գրվածքը դառնում է նրա յուրատիպ ինքնակենսագրականը…



Երկրորդ շրջանում գրողը վեր է բարձրանում իր հերոսներից, նրանց միջավայրից, նրանց մտքերից եւ զգացմունքներից… Այս երկրորդ շրջանում գրողն սկսում է պատասխանատու լինել ոչ թե իր առաձին հերոսների խոսքերի եւ գործերի համար, այլ գրվածքի ամբողջական պատկերի համար, գրվածքից բխող ընդհանուր եզրակացության համար… (Երեւանի) մեջ ես չկամ, ես ոչ Արշակ Բուդաղյանն եմ, ոչ Արշակ Բուդաղյանը, ոչ էլ Գուրգեն Փարսադանյանը, ոչ էլ Արամ Գնունին: Ես՝ (Երեւան) էպոպեան եմ ամբողջությամբ վերցված:



…Լինել պատասխանատու իր գրվածքի ամբողջության նկատմամբ եւ ոչ թե նրա մի մասի կամ մի հերոսի - ահա իմ ստեղծագործական մեթոդի մի կարեւոր սկզբունքը:



…Ընթերցողները նկատած կլինեն, որ իմ (Երեւանը) ռեալիստական գրվածք չէ: Ես համաձայն եմ: Սակայն ռոմանտիկական էլ չէ, սիմվոլիստական էլ չէ: Այնտեղ կա եւ սիմվոլիզմ, եւ ռոմանտիկա:



…Արշակ Բուդաղյանների գոյությունը մի բան պետք է նշանակի եւ նշանակում է, ավելին, իսկ ի՞նչ թող գտնի ընթերցողը: Ինձ համար կյանքը սխեմա չէ, սեւ եւ սպիտակ չէ: Ես սիրում եմ կյանքը դիտել իր դիալեկտիկական հակասությունների մեջ, դա այնքան էլ պարզ բան չէ:



…Ես գիտեմ, որ դասակարգերն իրարից պարսպված չեն, եւ անհատը հաճախ ընկնելով մի խավից մյուսը, մի դասակարգից մյուսը, իր մեջ կրում է հազար հակադիր ազդեցություններ: Անտեսել այդ հակասությունները, ափսոս, ես չէի կարող:



…Գուցե հեղինակի գրչի խա՞ղ…



…(Երեւանի) մեջ պատահական կամ քմահաճ ոչինչ չկա:



…Արդ, ինչ գրական շկոլայի եմ ես հետեւում: Գոյություն ունեցողներից ոչ մեկին: Իմ էպոպեան գրված է մի քանի պլանով. ռեալիստական, սիմվոլիստական, նատուրալիստական: Արամ Գնունու ակնոցներ հանելը ռեալիստորեն մի այլ բան է, ռոմանտիկորեն՝ մի երկրորդ բան եւ այլն: Եվ այդպես, մինչեւ վեպի ամենափոքր դետալը:



…Ես իմ էպոպեայի մեջ կուրս եմ վերցրել ոչ միայն դեպի ընթերցողի մտքերն ու զգացմունքներ, այլ դեպի ենթագիտակցությունը, դեպի ասոցիատիվ մտապատկերները եւ այլն… (Երեւանի) մեջ ես կիրառել եմ միասնական ստեղծագործական մեթոդը: Իմ դավանած չորս հիմնական սկզբունքներից մեկը հենց այդպես էլ կոչվում է՝ մոնումենտալիզմ, երկրորդը՝ սինթետիզմ եւ այլն:



…Իմ կարծիքով, հարկավոր է սինթետիզացիայի ենթարկել այն ողջ արժեքավորը, որ բերել են իրենց հետ գրական շկոլաները: Նույնիսկ նրանցից ամենաընդունելին մեզ համար - ռեալիզմը, առանձին վերցրած այլեւս հետամնաց ձեւ է գրականության զարգացման համար: Այն, ինչ որ կարելի է տալ մի ուժեղ սիմվոլով, հաճախ ռեալիստական գրականության մեջ վերածվում է բազմաթերթ նեյնիմի: Ես չեմ պատկերացնում, թե ռեալիստական պլանով ինձնից քանի էջ պիտի խլեր ուղտերի հիպերբոլիզացիոն երթը Երեւանի փողոցներով եւ դրանից բխող իմ ասելիքը:



…Սակայն ես չեմ ժխտում ռեալիզմը: Միանգամայն ընդհակառակը: Ռեալիզմը պիտի զարգացնել ու խորացնել:



…Ոչ պատկերը ռեալիստական չէ, բայց նա միշտ եղել է բուրժուական ռեալիզմի հիմնական տարրերից մեկը: Եվ ահա, իմ կարծիքով, պատկեր ասած բանը հարկավոր է դեն շպրտել: Նա գիտական պատկերացում չի տալիս երեւույթների մասին: Նա երեւույթները դրսեւորում է մոտավորապես մի կերպ (յոլա) տանելով: Կորչի պատկերը: Հարկավոր է ռեալիզմը դուրս հանել իր հակասական վիճակից, վերածել նրան գեր-ռեալիզմի, պրոլետարական ռեալիզմի, դիալեկտիկական մատերիալիստական ռեալիզմի: Իսկ այդ դեպքում ռեալիզմը կդադարի հին իմաստով ռեալիզմ լինելուց:



…Պայքարելով մոնումենտալ-սինթետիկ երկի համար, պրոլետարական գրականությունը երկը կառուցելու մի նոր ձեւ պիտի գտնի: Իմ կարծիքով, այդ ձեւը հնարավոր է գտնել միայն այն դեպքում, եթե մենք հրաժարվենք գոյություն ունեցող բոլոր գրական շկոլաներից՝ ներառյալ նաեւ ժամանակակից ռեալիզմը: Լուծումը կտա մեզ սինթետիկ մեթոդը:



Հին Երեւանի ձեւի հետ միասին քանդվում է նաեւ նրա բովանդակությունը: Քանդվում է ոչ միայն արեւելյան բաղնիքը, այլեւ դրա հետ միասին մարդկային փոխհարաբերությունների մի ողջ սիստեմ… Եթե ռեալիզմի տեսակետից նրանք պատկերում են Երեւանի հին շենքերի քանդումը, սիմվոլիզմի կողմից նրանք պատկերում են հասարակական մի ողջ սիստեմի քանդումը, ապա ռոմանտիզմի կողմից պատկերում են մարդկային մի ողջ պսիխո-իդեոլոգիայի քանդում: Ահա մի նոր ապացույց, որ չի կարելի հասկանալ (Երեւանը), եթե նրան մենք համարենք կամ ռեալիստական, կամ ռոմանտիկական, կամ սիմվոլիստական գրվածք: Առավել անհասկանալի կմնա նա, եթե մենք նրան համարենք կոնգլոմերատ՝ այդ բոլոր շկոլաների:



Ես երազ ասած բանը իմ գրվածքում օգտագործել եմ որակապես այլ կերպ: Հերոսի արթնանալուց հետո էպոպեայում կատարվում է որակային փոփոխություն: Նա դառնում է մի այլ գրվածք, մի այլ պրոբլեմով:



Ես իմ (Քաղաքը բլուրի վրա) վեպում ոչ մի բառով, ոչ մի կերպ չեմ նկարագրել իմ ոչ մի հերոսի արտաքինի եւ ոչ մի շտրիխ: Ու ոչինչ: Իմ ընթերցողներից ոչ մեկ չի նկատել այդ: Հակառակը՝ նրանցից շատերն ինձ մոտ նկարագրում էին իմ հերոսներին, պնդելով, որ ես այդպես եմ նկարագրել նրանց արտաքինը այդ վեպում: Այդ շատ լավ է, նշանակում է՝ ես հասել եմ իմ առաջադրած նպատակին - թույլ տալ, որ յուրաքանչյուր ընթերցող իր ուզածի պես պատկերացնի հերոսներին, այդպիսով ընթերցողին մասնակից դարձնել ստեղծագործությանը:



«Գրական թերթ», 1932 թիվ, N 7



Պատրաստեց Արամ Պաչյանը