ՀՀ-ԵՄ․ կարող էր այսքան բարենպաստ չդասավորվել

ՀՀ-ԵՄ․ կարող էր այսքան բարենպաստ չդասավորվել

Ինչպես ամենքս գիտենք, փետրվարի 26-28-ին աշխատանքային այցով Բրյուսելում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` մի ամբողջ պատվիրակությամբ, որի կազմում էին նաեւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անգամ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: Արտառոց էր այն, որ չկային տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը եւ հատկապես Պնախարար Վիգեն Սարգսյանը:



Դատելով տարածված լուսանկարներից՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպմանը, սեղանի շուրջ հայկական կողմից նստած են եղել հինգ հոգի, եւ նրանց թվում չի եղել ՀՀ պաշտպանության նախարարը: Որ Վիգեն Սարգսյանին Բրյուսելում, մասնավորապես ՆԱՏՕ-ում չընդունեցին եւ չեն հրավիրում, ակնբախ է, բայց բոլորովին անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանն ինչու նրան իր պատվիրակության կազմում ՆԱՏՕ չի տարել: Վստահաբար, ՀՀ նախագահի կողմից սեփական պատվիրակության կազմ ընտրելիս Բրյուսելի համաձայնություն եւ ագրեման չի պահանջվում:



Թվում է՝ Վիգեն Սարգսյանը ճիշտ կվարվի, եթե ԱԺ իր մանդատից չհրաժարվի, որովհետեւ ՀՀ-ն չի կարող ունենալ ՆԱՏՕ-ի կողմից բոյկոտվող Պնախարար, ինչը որոշիչ դեր կատարեց նաեւՍեյրան Օհանյանի՝ պաշտոնից հեռացման հարցում: Բայց այս թեման թողնենք, քանի որ ՀՀ Պնախարարից իրականում այնքան էլ շատ բան չի կախված Բրյուսելի հետ Հայաստանի հարաբերությունների ամբողջական համալիրում:



Եվրամիության եւ ընդհանրապես եվրոատլանտյան համայնքի հետ Հայաստանի հարաբերությունների ամենակարեւոր գրավականն ու հենասյունը ԵՄ-ՀՀ համաձայնագիրն է, քանի որ դա է ամփոփում եւ ուղենշում հարաբերությունների ներկան եւ ապագան: Փետրվարի 26-ին, հուրախություն բոլորի, ավարտվեցին ՀՀ-ԵՄ բանակցությունները, ինչի մասին հաջորդ օրը համատեղ հայտարարեցին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջապես հայտնի դարձավ բանակցված փաստաթղթի անվանումը, այն է` EU-Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement։ Հայերեն դա հնչում է ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Այս համաձայնագիրն ունի բոլոր չորս բաժինները, որ ուներ 2013-ին չնախաստորագրված ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:



Նոր բանակցված համաձայնագրում ընդգրկվել են համապատասխանաբար Political dialogue and reform (Քաղաքական երկխոսությանը եւ բարեփոխումներին) վերաբերող բաժինը, Home and justice affairs (Ներքին եւ արդարադատության հարցեր) բաժինը, ամենակարեւոր` Trade and investment (Առեւտրին եւ ներդրումներին) վերաբերող գլուխները, եւ վերջին ու ամենածավալուն հատվածը՝ Sectoral cooperation (Ոլորտային համագործակցության) գլուխները:



Անհավատալի է, որ ընդամենը մեկ տարում, ավելի ստույգ՝ մեկ տարի երեք ամսում (07 դեկտեմբերի 2015թ. - 26 փետրվարի 2017թ.) հնարավոր եղավ բանակցել հարյուրավոր էջերի ծավալով այդ փաստաթուղթը, որի նախորդը` Ասոցացման համաձայնագիրը, բանակցվել էր երեք տարի, այլեւս չասած, որ վերջինիս ազդօրինակն Ուկրաինայի հետ բանակցվել էր երեւի յոթ տարի` 2004-ից, թե 2005-ից մինչեւ 2012թ․: Հայաստանի հետ նոր պայմանագիրը բանակցվեց ԵՄ չափանիշներով զարմանալի արագ, շնորհիվ հանգամանքի, որ մինչ այդ էլ շուրջ մեկ տարի կողմերը վերանայել էին չնախաստորագրված ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, եւ զգալի հատվածներ այնտեղից բերվում էին նոր համաձայնագիր: Այն, ինչ դուրս էր մնում նոր համաձայնագրից, հիմնականում մաքսային կանոններին, դրույքներին, վճարներին վերաբերող հատվածներն էին:



Պետք է խորապես շնորհակալ լինել ճակատագրին, որ Հայաստանի համար ամեն ինչ այսքան բարենպաստ դասավորվեց: Առանց Ուկրաինայի նման տասնյակ հազարից ավելի զոհեր տալու եւ ավերածությունների ենթարկվելու, առանց Վրաստանին նման` սեփական տարածքների հանդեպ վերահսկողությունը կորցնելու եւ հասարակության երկատվելու, առանց Մոլդովայի նման սալտո-մորտալե շարժումների եւ երկրի նախագահի աթոռը Կրեմլի բացարձակ կողմնակցին, չասելու համար գործակալին հանձնելու` դրանից բխող անկայունության հետեւանքներով, Հայաստանին հաջողվեց ԵՄ-ի հետ գրեթե նույն պայմանագիրն ստանալ` բացառությամբ մաքսային հատվածի: Այո, այդտեղ Հայաստանի անգնահատելի արժեքը, պատմությունն ու քաղաքակրթությունը դեր կատարեցին, Հայաստանի իշխանությունների հետեւողականությունը, առճակատումներից խուսափելն ու ԵՄ-ի բարյացակամությունը դեր խաղացին, բայց մեծ հաշվով ու վերջնահաշվում աշխարհը եւ Եվրոպան 2013-ից ի վեր անպատկերացնելի փոխվեցին:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ