ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է ստորագրվել նոյեմբերին

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է ստորագրվել նոյեմբերին

Փետրվարի 27-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ նախագահ Սերժ Սարգսյանը համատեղ ասուլիսում հայտարարեցին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» բանակցություների ավարտի մասին: Դա Սարգսյանի բրյուսելյան այցի կենտրոնական եւ կարեւորագույն արարն էր:



Այնուհետեւ, Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ էր ունեցել նաեւ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերի, EEAS-ի (Եվրոպական արտաքին գործառնությունների ծառայության) ղեկավար Մոգերինիի հետ, բայց թվում է, դրանք առանձնակի կարեւորություն չունեցած, հերթապահ հանդիպումներ են եղել, քանի որ ոչ մեկի մասին եվրոպական կողմը լրատվություն չհաղորդեց: Օրեր առաջ նախագահ Յունկերի կայքում ազդարարված էր, որ փետրվարի 28-ին Յունկերն ընդունելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն հետո հանդիպման, քննարկված հարցերի, արդյունքների մասին որեւէ հաղորդում չեղավ: Տայանիի եւ Մոգերիննի հետ հանդիպումների մասին էլ Եվրախորհրդարանից կամ EEAS-ից լրատվություն չտրվեց:



ՀՀ նախագահի կայքում, իհարկե, նշյալ հանդիպումների մասին մամլո հաղորդագրութուններ տեղադրվեցին, բայց դրանք բոլորն էլ միապաղաղ, ոչինչ չասող տեքստեր էին, որտեղ երկար-բարակ թվարկվում էր, թե Սարգսյանը ում ինչի կապակցությամբ է գոհունակություն հայտնել եւ ինչ համար է շնորհակալ եղել` յուրաքանչյուր գոհունակությանն ու շնորհակալությանը հատկացնելով մեկ պարբերություն: Թե Սարգսյանի շնորհակալական մենախոսություններին էլ ինչ արձագանք էր եղել զրուցակիցների կողմից, մնում է անհայտ: Այսինքն` ինչպես միշտ, ՀՀ նախագահականը նույն սնամեջ շաղակրատանքը տարածեց Սարգսյանի բրյուսելյան այցի մասին, ինչը սովորություն ունի տարածելու առհասարակ ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում Սարգսյանի շրջագայությունների մասին` բառերի հեղեղ, ուղղված շարքային քաղաքացուն արտաքուստ տպավորելուն, ինչից այն կողմ չկա ոչ էական տեղեկություն, ոչ էլ որեւէ արդյունքի արձանագրում:



Բարեբախտաբար, EEAS-ի (Եվրոպական արտաքին գործառնությունների ծառայության) կայքում փետրվարի 27-ին տեղեկանք էր հրապարակվել Հայաստան-ԵՄ հարաբերություների մասին: Այդտեղ մասնավորապես նշված էր, որ փետրվարին 26-ին արձանագրված բանակցությունների ավարտին այժմ կհետեւեն «մնացյալ անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք հնարավոր կդարձնեն համաձայնագրի նախաստորագրումը եւ ստորագրումը»:



Հասկանալու համար, թե ինչ ընթացակարգերի մասին է խոսքը, բանակցություների ավարտին այժմ ինչ է հետեւելու, երբ է հավանական համաձայնագրի նախաստորագրումը, երբ արժե սպասել ստորագրման` մնում էր դիմել Բրյուսել: Այդպես էլ վարվեցինք: Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությանբ եւ խողովակով հնարավոր եղավ Բրյուսելից, EEAS-ից բավականին արագ ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը, որը մեջբերում ենք ամբողջությամբ:



«Համաձայնագրի նախագիծը մինչեւ ստորագրումը անհրաժեշտաբար պետք է ենթարկվի իրավաբանական և լեզվական հանգամանալի սրբագրման. որի նպատակը տեքստը մաքրագրելն է` առանց բովանդակությունը շոշափելու:
Բացի այդ, ԵՄ կողմին անհրաժեշտ է կլինի նախապատրաստել և համաձայնեցնել Եվրոպայի խորհրդի որոշումը` Համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Այդ իրավական փաստաթուղթը համաձայնեցվում է նախ EEAS-ի (Եվրոպական արտաքին գործառնությունների ծառայության) եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ, այնուհետ` ԵՄ բոլոր անդամ երկրների հետ: Ամենայն հավանականությամբ հայկական կողմին նույնպես անհրաժեշտ կլինի համաձայնագրի ստորագրման մանդատ նախապատրաստել:
Ներկա պահին դժվար է կանխատեսել, թե նշված լրացուցիչ ընթացակարգերի իրականացումը որքան կտեւի: Ամեն դեպքում, կարեւորն այն է, որ բանակցություններն ավարտվել են»:



Եվ այսպես առջեւում ամիսների աշխատանք է: Ասոցացման համաձայնագրերի դեպքում, բանակցությունների ավարտի ազդարարումից մինչեւ դրանց նախաստորագրումը տեւեց կես տարի, հետո` եւս ավելի քան կես տարի (նոյեմբեր, 2013 – հունիս, 2014), մինչեւ Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան հասան ստորագրման փուլ: Ընդսմին, դա այն դեպքում, երբ Ուկրաինայում հեղաշրջում էր եղել, զինված բախումներ էին սկսվել, եւ ԵՄ-ն անում էր առավելագույնը Ուկրաինային բարոյապես սատարելու եւ համաձայնագրերն արագ ստորագրելու համար:



Հայաստանի պարագայում էլ լրացուցիչ ընթացակարգերը ամիսներ են պահանջելու, բայց քանի որ 2017-ի նոյեմբերին Բրյուսելում գումարվում է ԱլԳ հերթական գագաթնաժողովը, ապա շատերը կարծում են, այդ թվում` դիվանագիտական շրջանակներում, որ թե Հայաստանը, թե ԵՄ-ն առավելագույնը կանեն մեկ տարվա ճանապարհը կես տարում անցնելու, եւ նոյեմբերին, Բրյուսելում, ԱլԳ գագաթնաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու համար:



Լուսինե Պետրոսյան