Ինչո՞ւ չեք հավատում, որ ՀՀԿ-ն տապալվելու է

Ինչո՞ւ չեք հավատում, որ ՀՀԿ-ն տապալվելու է

Սկսեմ երեւի խոստովանելուց, որ իմ շրջապատում ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՀՎԿ-ից եւ կոմունիստներից բացի, մնացյալ բոլոր ուժերին ընտրողներ կան` ե՛ւ ԵԼՔ-ին, ե՛ւ Ազատ դեմոկրատներին, ե՛ւ ՀԱԿ-ՀԺԿ-ին, ե՛ւ ՀՅԴ-ին, ե՛ւ ՕՐՕ-ին: Ինքս եթե ապրիլի 2-ին Երեւանում լինեմ եւ ընտրություններին մասնակցեմ, ընտրելու եմ ՀԱԿ-ՀԺԿ-ին: Կարծում եմ, մինչեւ ընտրությունները մի հոդվածաշար կհասցնեմ գրել, թե ինչու չնայած 2008-ից հետո Տեր-Պետրոսյանի գործունեության հանդեպ անվերջ վերապահումներին, չնայած ՀԱԿ-ի զայրացնող մանիպուլյացիաներին ու ստախոսություններին, անգամ անտանելի պրոռուսականությանը, միեւնույնն է ընտրելու եմ ՀԱԿ-ՀԺԿ-ին:



Եթե այս պահին կարճ թվարկեմ. թե ինչու, առաջինը, որպեսզի ղարաբաղյան խնդիրը ընդունելի որեւէ կերպով լուծվի-ավարտվի, Հայաստանն այդ բեռից ազատվի եւ հայաստանցի նորակոչիկներն ու զինվորները չզոհվեն Ղարաբաղում: Երկրորդ, որպեսզի «Հոկտեմբերի 27-ի» եւ «Մարտի 1-ի» համար հատկապես Ռոբերտ Քոչարյանը արդարատության առջեւ կանգնեցվի, այնպես չպատահի, որ նա բանտի փոխարեն ազատության մեջ կյանքն ավարտի:



Երրորդ, որպեսզի Հայաստանի պետական կառավարման հիմքում մերիտոկրատիան դրվի` դեմոկրատիայի լյումպենային արժեհամակարգի ու բարքերի փոխարեն: Եվրոպային դեմոկրատիան գուցե չի վնասում, որովհետեւ այնտեղ կա հազարամյակների արիստոկրատիա, իսկ մյուսներին վնասում է:



Սակայն մի կողմ թողնելով թեման, թե ով, ինչու եւ ում է ընտրում, առավել հետաքրքրականն այս ընտրություններում այն է, որ գոնե իմ շրջապատում գրեթե բոլորին միավորող ցանկությունը ՀՀԿ-ին տապալված տեսնելն է: Եվ որքան էլ զարմանալի լինի` գրեթե բոլորին միավորող թերահավատությունը, թե դա կպատահի: Ընդ որում, երբ հետաքրքրվում ես, թե ՀՀԿ-ն ինչպե՞ս, ինչի՞ հաշվին պիտի չտապալվի, ինչպե՞ս կամ ի՞նչը պիտի կեղծի, ոչ ոք որոշակի մի գործոն կամ հնարք չի մատնանշում, միայն վստահ է, որ ՀՀԿ-ն մի այլանդակություն կանի:



                            Ի՞նչ է հուշում սթափ բանականություւնը



Ես ինքս էլ կարծում եմ, որ ՀՀԿ-ն դժվար թե այլանդակությունից բացի ուրիշ մի բան ընդունակ լինի անել, բայց ամենեւին չեմ հավատում, թե բոլոր «այլանդակությունները» միասին վերցրած կկարողանան ՀՀԿ-ին փրկել: Սթափ բանականությամբ ՀՀԿ-ն դատապարտված է տապալվելու եւ իշխանությունը կորցնելու` ոչ այնքան, որովհետեւ բոլորը Հայաստանում ատում են ՀՀԿ-ին, այլ ավելի օբյեկտիվ եւ տեխնիկական պատճառով:



Առաջին. նույնիսկ այն երանավետ ժամանակներում, երբ ՀՀԿ-ն նույն ընտրողին մի քանի անգամ քվեարկելու, «կարուսել» ընտրախախտում իրականացնելու, քվեատուփեր լցոնելու, մասնակիցների թիվն ու ընտրությունը կեղծելու, բողոքարկման դիմումները չընդունելու, վերահաշվարկ չիրականացնելու անսահմանափակ հնարավորություններ էր վայելում, բոլոր կեղծումների հանրագումարում ՀՀԿ-ի համար 30-40% ձայն էր հնարավոր լինում նկարել:



Այժմ, երբ թվարկված հանցանքների ճանապարհը հնարավորինս արգելափակված է` որոշները իրավական կարգավորումներով, որոշները տեխնիկական սարքավորումներով, ՀՀԿ-ն ինչպե՞ս պիտի 20-25%-ի միջակայքից բարձր ձայն հավաքի: Կա՞ մեկը, որ կարող է հիմնավորել եւ համոզել, որ չնայած մատնահետքերին, կտրոններին, տեսախցիկներին, ընտացուցակների հրապարակվելուն, ՀՀԿ-ն կարող է կեղծել… ի սեր Աստծո:



Ինչ վերաբերում է կաշառքով ձայն գնելու խոսակցություներին, թող գնեն որքան կարող են: ՀՀԿ-ականները քանի՜ հոգուց անեծք, վիրավորանք ու հայհոյանք պիտի լսեն, որքա՜ն պիտի փնտրեն ու աղաչեն, որ կաշառք վերցնելու եւ իրենց ընտրելու պատրաստ մարդիկ գտնեն: Օրերս «Ա1+»-ի թողարկած մի տեսագրություն նայեցի, Սամվել Ֆարմանյանը եւ Մարգարիտ Եսայանն հանդիպման էին ինչ-որ գյուղական ակումբում: Անհնար էր նայել, թե հանդիպման եկած մարդիկ, Ֆարմանյանին ու Եսայանին դեմառդեմ կանգնած, ինչպես էին ՀՀԿ-ին վիրավորում, գրեթե հայհոյում, ամոթանք ու թուքումուր տալիս… Անգամ վերջացած ՀՀԿ-ականին օրեր հարկավոր կլինեն նման ճնշող հանդիպման ազդեցությունը թոթափելու եւ նոր հանդիպման գնալու համար: Ընդսմին եթե ՀՀԿ ցուցակներում ներառվածները դեռ կարող են տոկալ հանուն մանդատի, ապա շտաբների շարքային աշխատակիցները հանուն ինչի՞ պիտի այդ դժոխքով անցնեն:



                      Ինչո՞ւ է ռեյտինգային ընտրակարգը ՀՀԿ-ի գերեզմանափոր



ՀՀԿ-ի տապալման երկրորդ եւ ավելի զորեղ գրավականը ռեյտինգային համակարգն է: Ո՞վքեր են ՀՀԿ ռեյտինգային ցուցակներով առաջադրվողները: Դրանք անձինք են, որոնք տարիներ շարունակ խորհրդարանական ընտությունների են մասնակցել նույն հստակ սխեմայով` իշխող կուսակցությունը տվյալ ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի իր թեկնածուին տրամադրել է բոլոր վարչական ռեսուրսները` համատիրությունները մոբիլիզացնելուց մինչեւ դպրոցահասակ երեխաներին միտինգների տանելը, եւ ինչը նվազ կարեւոր չէ` ընտրատարածքի մանդատը եղել է երաշխավորված: Այս երկու որոշիչ գործոնների` օժանդակության ու մանդատի լիակատար երաշխավորվածության պայմաններում իշխող կուսակցության մեծամասնական թեկնածուին մնացել է որոշ գումար ծախսել եւ մյուս կուսակցությունների` շատ ավելի աննպաստ պայմաններում գտնվող թեկնածուների հետ մրցել:



Այժմ, բարեբախտաբար, ՀՀԿ նախկին մեծամասնական, ներկայիս ռեյտինգային թեկնածուների համար աշխարհը գլխիվայր է շրջվել: Այժմ ՀՀԿ-ականները պայքարում են իրար դեմ, եւ ոչ մեկը չի կարող վստահ լինել, որ վարչական ռեսուրսը բացառապես իր համար է աշխատում եւ հասանելի չէ մրցակից մյուս ՀՀԿ-ականներին: Երկրորդ, չկա մանդատի երաշխավորվածություն` տվյալ ընտրատարածքից կարող է առհասարակ որեւէ ՀՀԿ-ական խորհրդարան չանցնել, եթե այլ ընտրատարածքի ՀՀԿ-ականներն ավելի շատ ձայն հավաքեն:



Հենց դա է պատճառը, թե ինչու դեռ ընտրարաշավը չսկսած ՀՀԿ-ականներն իրար դանակահարում են եւ գրեթե սպանում: Վերացել է ընտրվելու երաշխիքը, փոխարենը մնացել է անվերադարձելի գումարներ ծախսելու եւ մյուս ՀՀԿ-ականների հետ մրցելու հեռանկարը, ինչն էլ, բնականաբար ավելի հուսաթափ եւ ուժասպառ է անելու իրար դեմ դուրս եկած ՀՀԿ-ականներին:



Արդյունքում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ամեն մեկը, ով մշուշոտ է տեսնում իր ընտրվելու հեռանկարը (իսկ այդպիսիք առաջադրվածների 80-90%-ն են, քանի որ յուրաքանչյուր տարածքից մեկ, լավագույն դեպքում` երկու ՀՀԿ պատգամավոր կկարողանա մանդատ ստանալ), բոլոր մյուսները բնազդային վրեժխնդրությամբ կամ չեն աշխատելու, կամ լատենտ կերպով ՀՀԿ-ի դեմ են աշխատելու: Պատահակա՞ն է, որ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներն արդեն պատրաստ են Դավիթ Հարությունյանին արդարադատությանը հանձնել:



Հ. Գ.
Վերջապես ամենաուրախալին. քանի որ տրամաբանորեն ՀՀԿ-ն հնարավորություն չունի ընտրակեղծիքների մեծ մասից զերծ այս ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու, քան նախկին ընտրություններում, եւ ինչպես վերը փաստարկվեց, այդ ձայները նունիսկ ավելի ցածր են լինելու, ապա 20-25%, նույնիսկ 30% ձայն ստանալու դեպքում (վերջնահաշվում` 50-ից ցածր ցանկացած տոկոս) եթե չհաջողվի կոալիցիա կազմել ՀՀԿ-ն հարկադրված կլինի գնալ ընտրություների երկրորդ փուլի, ինչը համարժեք է ՀՀԿ-ի դամբանականը գրելուն: Եթե գործը հասնի երկրոդ փուլին, կարող են քաղաքական ուժերի այս կամ այն կոնֆիգուրացիաները ձեւավորվել ՀՀԿ-ի դեմ:



Լուսինե Պետրոսյան