Լոռու մարզի փրկարարական և հրշեջ ծառայությունները տեխնիկապես ամբողջությամբ կվերազինվեն. ՀՀ ԱԻ նախարար

Լոռու մարզի փրկարարական և հրշեջ ծառայությունները տեխնիկապես ամբողջությամբ կվերազինվեն. ՀՀ ԱԻ նախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: Նախարար Տոնոյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Սպիտակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացան անձնակազմին, տեխնիկական հագեցվածությանն ու խնդիրներին: Նախարարն ու դեսպանը քննարկեցին ՀՓՋ-ների տեխնիկական արդիականացման հնարավորությունները:



Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարը նշել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում այցելելու է հանրապետության բոլոր մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատները և ծանոթանալու վերջիններիս գործունեությանը:



«Ծանոթանալով հագեցվածության, հանդերձանքի հետ կապված խնդիրներին՝ կկարողանանք տեղում ճիշտ լուծումներ տալ: Մարզային և համայնքային ղեկավարության հետ հանդիպումները հնարավորություն կտան մեզ բյուջետային պլանավորման ընթացքում անհրաժեշտ շեշտադրումներ անել, որպեսզի աղետների ռիսկի նվազեցման ոլորտում հատկացումները լինեն համայնքային իշխանության կողմից»,- ասել է նախարար Տոնոյանը:



Նա նաև նշել է, որ Լոռու մարզի հետ իրականացվելու է Ճապոնիայի կառավարության մեծ ծրագիր՝ հիմնականում վերազինվելու և վերահագեցվելու է ամբողջ փրկարարական և հրշեջ տեխնիկան:



Նախարարն այցելել է նաև Լոռու մարզային փրկարարական վարչություն և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, տվել մի շարք հանձնարարականներ:



ԱԻ նախարարը եղել է նաև Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան քաղաքների և Գուգարք համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատներում: