«Բրեժնևի դոկտրինը» պետք է դիտվի ժամանակավրեպ

«Բրեժնևի դոկտրինը» պետք է դիտվի ժամանակավրեպ

Հարցազրույց Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան (2009-13 թթ.) պրն․ Հանս-Յոհեն Շմիդտի հետ 



Սկիզբը՝ այստեղ։



- Կայուն եւ կանխատեսելի քաղաքական իրադրությունը Գերմանիայում չափազանց կարեւոր է ԵՄ-ի կայունության համար, մանավանդ՝ շուրջբոլորը պատահած ցնցումներից ու փլուզումներից հետո: Եվ քանի որ Գերմանիայում քաջալերիչ կայունություն է, անցնենք ԵՄ սահմաններից դուրս, եւ ես ցանկանում եմ հարցնել՝ ինչպե՞ս եք Դուք տեսնում Արեւելյան գործընկերության ապագան:



- Կարծում եմ՝ Գերմանիան ինքը, ԵՄ շատ երկրներ, եւ ընդհանրապես Եվրամիությունն իր ամբողջության մեջ, մնում են մեծապես հետաքրքրված Արեւելյան գործընկերությամբ եւ նայում են առաջ` ԱլԳ երկրների հետ համաձայնագրերի իրագործմանը: Ես շատ ուրախ եմ, որ Եվրամիությունը եւ Հայաստանն ավարտեցին իրենց բանակցությունները նոր պայմանագրի շուրջ, եւ ենթադրելի է, որ ամենաուշը նոյեմբերին Բրյուսելում գումարվող ԱլԳ գագաթնաժողովում համաձայնագիրը կստորագրվի:



Դա եւս մեկ ապացույց է, որ Արեւելյան գործընկերությունը երբեք էլ «հակա» ռուսական ծրագիր չի եղել: Իրականում Գերմանիան, քաղաքականապես սատար կանգնելով ԵՄ նոր հարեւանության ծրագրի մշակմանը (Լեհաստանի եւ Շվեդիայի նման գործընկերների հետ), երբեք մտադրություն չի ունեցել եւ ոչ էլ կողմ է եղել Եվրոպան բաժանելուն` «տրամագծորեն» ներհակ դաշինքների կոնցեպտով: Այդ սեփական ազդեցության գոտիներ գծելը, այսպես կոչված՝ «Բրեժնեւի դոկտրինի» վերակենդանացումը, պետք է դիտվի ժամանակավրեպ, եւ Ռուսաստանը պետք է դրանից անկեղծորեն հրաժարվի: Իմիջիայլոց, Եվրամիությունը եւ անդամ երկրները Ռուսաստանի հետ նույնպես ձգտել են պայմանագրային քաղաքականություն ձեւավորել` PCA (Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիր) կնքել` հետագա առաջարկներով, ինչպես գործակցության ընդլայնումն էր չորս ոլորտներում (մարդկանց տեղաշարժի, կապիտալի եւ այլն)…



- Պրն. Շմիդտ, կարիք չկա օրինակներ բերել, թե Եվրոպայի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ որքան բարեհոգի եւ կառուցողական է: Երկու դարից ավելի Եվրոպան անհասկանալի բարություն եւ համբերատարություն է ցուցաբերում Ռուսաստանի հանդեպ՝ վերջինիս դարձնելով միայն ավելի ագրեսիվ: Ավելի նախընտրելի չէ՞ր լինի, եթե Եվրոպան Ռուսաստանին վերաբերվեր անողոք, ինչպես արժանի է:



- Դուք պետք է որ իմանաք՝ ինչ հակառակորդ էլ լինի, ինչ հակասություն էլ լինի, Եվրոպան, մանավանդ Եվրոպական Միությունը, ձգտում են լուծումներ գտնել, համատեղ գործել, ոչ թե հակադրվել: Չնայած Ռուսաստանի ամբողջ ագրեսիվությանը, հիբրիդային պատերազմին, ստահոդ քարոզչությանը՝ իբր ԵՄ-ի սանկցիաները Ռուսաստանին պատժելու նպատակ ունեն, նույնիսկ սանկցիաների հարցում իրականությունն այլ է: Մենք ցանկություն չենք ունեցել պատժամիջոցներ կիրառելու եւ ուրախ կլինեինք դրանք հանել, բայց Ռուսաստանի անընդունելի վարքագիծը, Ուկրաինայում իրադրության շարունակական ապակայունացումը հարկադրում են պատժամիջոցներն ուժի մեջ թողնել:



Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը վերանայի իր վարքագիծը եւ գիտակցի, որ խաղաղ, զարգացող եւ ժողովրդավար հարեւաններ ունենալը, ներառյալ Ուկրաինան, ճիշտ նույնքան Ռուսաստանի շահերից է բխում, որքան Եվրոպայի: Հենց այս պատճառով էր Գերմանիան այդքան վճռականորեն ընդդիմանում ուկրաինացիներին զինելուն․ մենք հավատացած ենք, որ որեւէ կողմի զինելը չի բերի լարվածության թուլացման, այլ ավելի շուտ նոր դիմակայություն կսադրի: Մինչդեռ բոլորի շահագրգռությունն Ուկրաինայում պետք է լինի լարվածության եւ բախումների կանխումը, ոչ թե դրանց նպաստելը:



 



ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ԲԱՑՎԻ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ



- Ես չեմ հավատում, թե Ռուսաստանը կարող է փոխվել: Կեղծ ինքնագնահատականը եւ միջազգային ասպարեզում հարգվելու հուսահատ պահանջը եղել եւ մնում են Ռուսաստանի վարքի որոշիչը 200 տարի: Ռուսաստանն ավելի մեծ հաջողությամբ եւ հաճախականությամբ փլուզվում է, քան փոխվում: Թերեւս ավելի իրատեսական է սպասել Ռուսաստանի հաջորդ փլուզմանը, բայց եկեք ես Հայաստանի թեմային անցնեմ: Դուք դեսպանի պաշտոնը թողնելուց հետո առաջի՞ն անգամ եք այստեղ:



- Օ, ոչ, կարծում եմ՝ այստեղ եմ արդեն հինգերորդ անգամ: Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո ես Հայաստան եմ վերադարձել նվազագույնը տարին մեկ անգամ: Դա մասամբ կապված է հանգամանքի հետ, որ ես Բեռլինում գործող «Հայ-գերմանական ֆորում» կազմակերպության նախագահության անդամ եմ, նաեւ Բրյուսելում գտնվող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ-ի խորհրդի կազմում եմ: Իմիջիայլոց, քանի որ այժմ այլեւս պետական ծառայության մեջ չեմ, ուրախալի հնարավորություն եմ վայելում նաեւ Ղարաբաղ այցելելու:



- Իսկապե՞ս, պրն. Շմիդտ: Եվ Ձեզ վրա ի՞նչ տպավորություն է գործել Ղարաբաղը:



- Այո, ես պատիվ ունեցա Ղարաբաղ այցելելու եւ դիտարկելու ԼՂՀ-ում անցկացվող սահմանադրական հանրաքվեն: Գոհացուցիչ է, որ Արցախի ազգաբնակչությունն իրացրեց եւս մի հնարավորություն` մասնակցելու քաղաքականապես կարեւոր հարցի շուրջ որոշման կայացմանը, եւ քվեարկությունն էլ ընթացավ միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համապատասխան, ժողովրդավար եւ թափանցիկ: Դա քաղաքականապես ոգեւորիչ հանգամանք է մի տարածաշրջանում, որտեղ մեծ մասամբ ավտորիտար, գերդաստանային, ընտանեկան ռեժիմներն են փորձում քաղաքական միջավայր ձեւավորել:



Իմ համոզմամբ՝ ոչ միայն Հայաստանը, հայկական սփյուռքը, այլեւ եվրոպական երկրները, Եվրամիությունը պետք է ավելի շատ շփումներ հաստատեն այս շրջանի հետ: Ընդգրկումը եւ համագործակցությունը լավագույն ճանապարհն են ցանկացած երկիր, տարածաշրջան, ժողովուրդ աշխարհի առջեւ բացելու համար: Ես, դիցուք, չեմ հասկանում, թե ինչու էր ադրբեջանական կողմն առարկել Ստեփանակերտի քաղաքացիական օդանավակայանի գործարկմանը: Այն կարող էր հաջողությամբ Արցախը կապել արտաքին աշխարհին: Մինչդեռ եթե Ղարաբաղը չբացվի աշխարհի համար, Ադրբեջանն ինքն ինչպե՞ս է շփումներ հաստատելու Ղարաբաղի հետ:



Նույնքան օգտազուրկ եւ ապակառուցողական դիրքորոշում է Ադրբեջանի կողմից օտարերկրյա քաղաքացիների, լրագրողների, քաղաքական գործիչների, խորհրդարանականների` ղարաբաղյան այցերին ընդդիմանալը: Եթե այս անձինք Ղարաբաղ մեկնեին պատերազմի, ատելության եւ նմանօրինակ կոչերով, Ադրբեջանի մտահոգությունը հասկանալի կլիներ, բայց արտասահմանցիները գնում են Ղարաբաղ՝ իրադրությունը սեփական աչքով տեսնելու, եւ բոլորն էլ հորդորում են ժողովրդին գնալ խաղաղության: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի դրան ընդդիմանալ: Ադրբեջանը պետք է վերանայի իր ապակառուցողական դիրքորոշումը եւ ինքը նպաստի Ղարաբաղնաշխարհի համար բացելուն: 



- Ինձ թվում է՝ դրա համար նախ Ադրբեջանի ղեկավարության կազմում պետք է տեղաշարժ լինի: Մի իշխանություն, որ իր սեփական ժողովրդին է հետապնդում եւ վատ վերաբերվում, հազիվ թե այլոց հանդեպ քաղաքակիրթ վերաբերմունք դրսեւորի: Ամեն պարագայում, Ադրբեջանում ինչ էլ պատահի, մենք մոտեցանք հարցազրույցի ավարտին, եւ ես ցանկանում եմ մեկ անգամ էլ շնորհակալություն հայտնել հետաքրքիր զրույցի համար:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ