Չընտրենք ցատկոտող առաջնորդ, ընտրենք զռռացո՞ղ առաջնորդ

Չընտրենք ցատկոտող առաջնորդ, ընտրենք զռռացո՞ղ առաջնորդ

Ազնվորեն եմ ասում` ներկա վարչապետ Կարեն Կարապետյանին այս վեց-յոթ ամսվա ընթացքում ես հեռուստատեսությամբ չեմ տեսել: Նախ` ինքս քիչ եմ ժամանակ ունենում հեռուստացույց դիտելու, երբ էլ պատահում է դիտեմ, հազիվ միջազգային հեռուստաալիքներին եմ հետեւում: Արդյունքում` Կարապետյանի լուսանկարներն եմ տեսել եւ համացանցում տարածված կարճ տեսանյութերը`  բանավոր խոսքի ակնհայտ սայթաքումներով:



Տեսանելի շյուղն ու գերանը



Սայթաքումը՝ սայթաքում, սխալը՝ սխալ, բայց հայերենի տոտալ չիմացության, կիսագրագիտության առումով ոչ մի երգիծաբանի նյութ Կարեն Կարապետյանի շարքային խոսքի հետ չի մրցի: Նա չի կարողանում հայերենի օժանադակ բայերն արտասանել, խոսում է չասենք՝ փողոցի, ասենք` հայաթի բառապաշարով ու մակարդակում, որը տհաճ է լսել, եւ անում է ձեւակերպումներ, որ անհնար է չնկատել ու չհիշել:



Ներկա ընտրարշավից երկու տեսանյութ եմ դիտել համացանցում: Մեկում վարչապետ Կարապետյանը դարչնագույն վերնազգեստով, մարզկենտրոններից մեկում, հարթակի վրա, անձրեւի տակ, պաշտպանության եւ արդարադատության նախարարներն էլ կողքին կանգնած խոսում է. ասում է` մեր բանիմաստ նախարարները…: Ընդսմին լսվում էր` «մեր անիմաստ նախարարները», ինչը կողքին կանգնածների մասով կատարյալ ճշմարտություն էր, բայց կարծում եմ՝ Կարապետյանը խնդիր ուներ ասելու՝ «բանիմաց»:
ՀՀԿ ընտարշավից մյուս տեսանյութը, որ տեսել եմ, էլ ավելի անմոռաց ու զվարճալի էր. նորից Կարեն Կարապետյանն է` կարմիր, սպորտային վերնազգեստով, ինչ-որ վարչական շենքի բակում, աստիճանների վրա տարեց մարդկանց հետ է խոսում եւ ասում է. «Դուք ընդհանրապես տելեվիզոր նայո՞ւմ եք, ես էս իրեք ամիս ա էդ հետագա ծրագրի մասին եմ զռռում… Լավ, մի հատ չե՞ք ասում` էս մարդն ինչ ա էսքան զռռում…»:



Եթե ճիշտ գիտեմ, զռռոցը ավանակին վերագրվող կենդանական ձայնարկությունն է, ինչպես մլավոցը` կատվին, բզզոցը` մեղվին, խրխինջը` ձիուն եւ այլն: Իհարկե, կենդանական ձայնարկությամբ ինքնաբնութագրվելը տպավորիչ անկեղծություն է ՀՀԿ-ի կողմից, քանի որ այդ կուսակցությունում եւ Կարեն Կարապետյանից առաջ, եւ իրենից հետո անվերջ թվով անձինք կան, որոնք տարբեր կենդանիների հետ միանգամայն համեմատելի են թե՛ ձայնարկության մակարդակի իրենց խոսքի, թե՛ ընդհանրապես մտավոր ունակությունների առումով: Մինչդեռ, նախընտրելի պիտի լիներ, եթե ՀՀԿ-ն հարգարժան ավանակի հետ համեմատվեր, դիցուք, աշխատասիրությամբ:



Սակայն եթե մի կողմ թողնենք ողջ այս զավեշտը, ներառյալ այն, որ ըստ Սերժ Սարգսյանի «մենք ապրիլի 2-ին տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրելու», մինչդեռ ակնհայտ է, որ կենդանական ձայնարկությամբ ինքնաբնութագրվելն էլ երկիր առաջնորդելու արժանիք ու կարողություն չէ, ապա կանգնում է հիմնական հարցը` ի վերջո ապրիլի 2-ին Հայաստանի ժողովուրդը ո՞ւմ է ընտրում։



Ինչո՞ւ, ըստ իս, Կոնգրես-ՀԺԿ-ն



Եթե ընտրում ենք ընդամենը խորհրդարանի պատգամավորներ, ապա ընտրարշավին մասնակցող բոլոր ուժերին էլ կարելի է ընտրել` գրեթե նույնական փաստարկներով, որոնք վերջնահաշվում հանգում են ընտրազանգվածի ձայնը լսելի դարձնելուն: Իսկ եթե ընտրում ենք ուժ, որից ակնկալվում է իշխանափոխություն, ապա միայն Կոնգրես-ՀԺԿ-ն է, որ կարող է իրականացնել իշխանափոխություն` ՀՀԿ-ի սողացող վերափոխման փոխարեն եւ հետո հաջողությամբ երկիրն առաջնորդել: Ինչո՞ւ: Տրիվիալ իրողության պատճառով. մնացյալ ուժերը մարդկային բավարար ներուժ, փորձառություն եւ հեղինակություն չունեն երկիր ղեկավարելու:



Ծառուկյանը կարող է ժողովրդի ցավը տանել, ժողովուրդն էլ իր ցավը տանի, բայց նա չի կարող ոչ երկիր ղեկավարել, ոչ որեւէ միջազգային հարթակում ներկայանալ: Կոմունիստները վաղուց անցյալ են, դաշնակցականները` նույնպես, նրանք իրենց մասին հիշեցնելուց զատ այլ խնդիր չեն կարող լուծել: «Ազատ դեմոկրատները», «Ելքը» միայն խորհրդարանում կարող են հաջողությամբ գործել. երկիր ղեկավարելու փորձ, միտք, կադրեր նրանք չունեն: Արթուր Բաղդասարյանը այնքան է ճամբարափոխվել իշխանության եւ ընդդիմության միջեւ, որ հայտնի անեկդոտի` դժոխքի ու դրախտի միջեւ խաչմերուկը նախընտրող ոստիկանի նման, ինքն էլ խաչմերուկից այն կողմ քայլ չի անի:



Գալով ՕՐՕ-ին, այս օրգանական դաշինքը առաջնորդող երեք անձանց միավորում է անձնական ատելությունը եւ վրեժխնդրությունը Սերժ Սարգսյանի հանդեպ: Այդ անձինք համոզված են, որ չլիներ Սերժ Սարգսյանը՝ իրենցից յուրաքանչյուրը կդառնար ՀՀ նախագահ` Վարդան Օսկանյանը 2008-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը` 2013-ին, Սեյրան Օհանյանը` 2018-ին: Այժմ ոչ մեկը ոչինչ չի դարձել, դրա համար հայհոյում են Սերժ Սարգսյանին. պարզունակ, անձնական հաշիվներ... Իսկ լայն հասարակական մասշտաբում ոտքի վրա կազմված ՕՐՕ դաշինքի այցեքարտը նույնիսկ Օհանյանի` պաշտոնանկության ու հավանական քրեական հետապնդման միջեւ ընդդիմադիր խաղարկելու փորձերը չեն, Օսկանյանի` քոչարյանական դարաշրջանի մասին գովաբանական ստախոսությունները չեն: ՕՐՕ-ի այցեքարտը շատ ավելի առարկայական` ապօրինի զենքի, ընդվզման ակտերի, զինված հանցագործությունների լռելյայն խոստումն ու իլյուզիան է, որ առայժմ պսակվել է… այո, սեփական մոդերատորի` բանտում հայտնվելով:



Ամփոփելով, Կոնգրես-ՀԺԿ-ից բացի մյուս ուժերը կարող են կառավարման մասնակցել, բայց նրանք չեն կարող ՀՀԿ-ի ձեռքից իշխանության ղեկ վերցնել եւ երկիր առաջնորդել: Հետեւաբար, ով ցանկանում է ոչ թե ընդամենը Սերժ Սարգսյանի տապալում կամ ՀՀԿ-ի վերափոխում, այլ ՀՀԿ-ի եւ մանավանդ ղարաբաղյան կլանի իշխանությունից հեռացում, այլընտրանք առանձնապես չունի` Կոնգրես-ՀԺԿ-ին ընտրելուց բացի: Ի վերջո, Դեմիրճյան եւ Տեր-Պետրոսյան ազգանունների հետ ասոցացվում է Հայաստանի վերջին կես դարի քաղաքական ու պետական ինքնությունը, հետեւաբար այդ ուժը առավելագույն պատվախնդրություն եւ պարտավորություն կունենա Հայաստանը վերադարձնելու հայաստանցիներին: Իսկ այսօր դժվար է անգամ գնահատել՝ ղարաբաղյան չլուծված խնդիրն է ավելի վնասում Հայաստանին, թե՞ Հայաստանի քաղաքական-պետական-հասարակական կյանքում մետաստազի պես տարածված ղարաբաղցիները: Իմ համոզմամբ՝ երկուսն էլ, եւ ճիշտը օր առաջ երկու խնդրին էլ լուծում տալն ու դրանցից ազատվելն է:



Լուսինե Պետրոսյան