Երեւակայության կարիք չկա, փաստերը սպառիչ են

Երեւակայության կարիք չկա, փաստերը սպառիչ են

Hraparak.am-ում այսօր ավելի վաղ հրապարակված իմ` «Նորից Gallup-ի անունը հոլովող շառլատաններ» հոդվածին արձագանք է ստացվել Գեւորգ Պողոսյանի ղեկավարած ՀԿ-ից: Պատասխանում չի հերքվել իմ նյութում հրապարակած որեւէ տեղեկություն:



Ոչ այն, որ Գեւորգ Պողոսյանն եւ իր ASA ՀԿ-ն ջանում են զարտուղի ձեռնածություններով իրենց Gallup-ի հետ առնչություն վերագրել` Rasa Alisauskiene կոչվող անձի միջոցով:



Ոչ այն, որ Rasa Alisauskiene անձին 2008-ից ի վեր յուրաքանչյուր նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վիլնյուսից բերում են Երեւան գաստրոլների:



Ոչ այն, որ  Rasa Alisauskiene-ն անգամ կրթություն չունի սոցիոլոգիայի բնագավառում:



Ոչ այն, որ Rasa Alisauskiene-ն իբր սովորել է Վիլնյուսի ինչ-որ համալսարանի պատմության ֆակուլտետում, բայց  համալսարանը տարօրինակորեն ավարտել է հոգեբանի որակավորումով:



Ոչ այն, որ այդ պատմաբան-հոգեբանի աշխատանքային փորձառությունը եղել է լաբորատորիաներում:



Ոչ այն, որ ԽՍՀՄ փլուզվելուց հետո պատմաբան-հոգեբան-լաբորանտ Rasa Alisauskiene-ն  հիմնադրել է ապրանքային շուկայի ուսումնասիրությամբ եւ գովազդով զբաղվող մի ՍՊԸ:



Ոչ այն, որ հաջորդիվ նորաթուխ բիզնեսմեն Rasa Alisauskiene-ն իր  շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող ՍՊԸ-ն վերապրոֆիլավորել է սոցիոլոգիական հետազոտություններով զբաղվելու:



Ոչ այն, որ պատմաբան-հոգեբան-լաբորանտ-մարկետոլոգ-սոցիոլոգ ու չգիտես էլ ինչ ներկայացող Rasa Alisauskiene-ն Gallup-ին առնչվել է Եվրոբարոմետրի հետազոտությունների խողովակով:



Ոչ էլ այն, որ Rasa Alisauskiene-ի եւ մարկետոլոգիայից սոցիոլոգիայի անցած իր Baltic Surveys ՍՊԸ-ի գործակցությունը եղել է Gallup Hungary-ի հետ:



Եթե փաստական ոչինչ չեն կարողանում հերքել, ապա պատասխանելու իմաստը ո՞րն է: Դատարկախոսելը, իբր Rasa Alisauskiene-ն կամ իր Baltic Surveys ՍՊԸ-ն այսօր Gallup Incorcorated-ի հետ առնչություն ունե՞ն: Իհարկե չունեն: Եթե ժամանակին Gallup Hungary-ի խողովակով Եվրոբարոմետրի հարցումների համար առնչվել են Gallup անվանը, դա ոչինչ չի նշանակում:



Եթե Գեւորգ Պողոսյանի, իր ASA ՀԿ-ի անդամների կամ Rasa Alisauskiene գրագիտության մակարդակը exit poll բառը գրել չկարողանալն է, դա դեռ չափանիշ չէ: Հայաստանում տասնյակ հազարավոր մարդկանց անգլերենի իմացությունը  թույլ է տալիս բացել Gallup
Inc-ի պաշտոնական կայքը www.gallup.com եւ ստուգելու, որ Gallup-ի միջազգային գրասենյակների ցանկում գյություն չունի ոչ մի Baltic Surveys ՍՊԸ (http://www.gallup.com/corporate/171821/global-offices.aspx ), ոչ էլ Gallup-ի  խորհրդատուների կամ գիտական աշխատակիցների ցանկում գոյություն ունի որեւէ Rasa Alisauskiene (http://www.gallup.com/seniorscientists/171815/senior-scientists.aspx ): Հետեւաբար Գեւորգ Պողոսյանի, իր ASA-ի եւ վիլնյուսցի Rasa Alisauskiene-ի անցկացրած սոցգուշակություններն ի՞նչ են, շառլատանությունից բացի:



Վերջում էլ կարճ` իմ մասին անձնական հայհոյախոսության մասով: Եթե նամակագիրները կարծում են՝ իրենք միջազգային մակարդակի հետ առնչություն ունեն, ապա թող բացեն  եւ նայեն, թե մնացյալ` գուցե ավելի էական հրապարակումները մի կողմ թողած, միայն նույն միջազգային մակարդակում ես ո՞ր հաստատությունների ու պաշտոնյաների հետ եմ շփվում` Պետդեպարտամենտի հրավերով ԱՄՆ մեկնելուց մինչեւ ՄԹ Լորդերի պալատ այցեր ու հարցազրույցներ, Սուրբ Աթոռի հրավերով Վատիկան մեկնելուց մինչեւ Երուսաղեմի ու Պոլսո Հայոց պատրիարքություններ, տասնյակ պաշտոնյաների ու դեսպանների հետ հարցազրույցներ: Հուսամ` իրենց մտավոր մակարդակը թույլ կտա նման հարթություն ու հոդվածներ գոնե ընկալելու:



Այնպես որ` հանգիստ, եւ Ձեր չափը ճանաչելով, ընդսմին` շատ համեստ չափը: Այլապես ինձ համար խնդիր չէ հարցում ուղարկել Gallup Inc.-ի պատասխանատուներին եւ այնտեղից ստացվող պատասխանով լռեցնել շառլատանների մի խմբակի: Ի դեպ, «շառլատան» էլ «ր»-ով չի գրվում…



Լուսինե Պետրոսյան