Վերջապես Թրամփը նմանվեց նախագահի

Վերջապես Թրամփը նմանվեց նախագահի

Այսօր ժամեր առաջ գրեթե կայծակնային արագությամբ, համաշխարհային ողջ լրատվադաշտում տարածվեց լուրը, որ ԱՄՆ նախագահը վերջապես դիտարկում է Սիրիայում ռազմական ինտերվենցիա կատարելու տարբերակը: Առավել հավանական վարկածով ամերիկյան օդուժը կփակի Սիրիայի օդային տարածքը Ասադի ռեժիմի ուժերի համար: Արդյո՞ք Ասադը կենթարկվի Սիրիայում ապահով գոտիներ ստեղծելու այդ ջանքին, թե՞ կընդդիմանա՝ դժվար է կանխատեսել: Նույնքան դժվար է կանխատեսել` Սիրիայում սարդոստայն հյուսած ռուսական եւ իրանական գործակալների ու զինվորականների ցանցերը ինչ դիրքորոշում կորդեգրեն: Ամեն պարագայում պարզից էլ պարզ է, որ 2013-ին Ասադի կողմից սեփական քաղաքացիների դեմ քիմիական զենքի գործադրումից եւ նախագահ Օբամայի գծած կարմիր գծի հատվելուց հետո ԱՄՆ-ից հակազդեցություն եւ հակահարված չստանալը քաջալերեց ու լկտիացրեց Բաշար Ասադին, նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:



Եթե Ասադի կարգի իրենից ոչինչ չներկայացնող, սեփական բանակի հրամատարությունը գրեթե Իրանի հեղափոխության պահապանների գնդի գեներալներին հանձնած եւ հազիվ սեփական քաղաքացիների դեմ պատերազմական հանցանքներ իրականցնող ֆիգուրի համար քիմիական զենք գործադրելը, ԱՄՆ նախագահի նախագուշացումն անտեսելը կարող էր գրեթե անհետեւանք անցնել, այլեւս Վլադիմիր Պուտինի կարգի լճացած տնտեսություն, միջուկային զենք եւ իմպերիալ միրաժներ ունեցող գործչին ի՞նչը պիտի ետ պահեր Ղրիմ ներխուժելուց եւ Եվրոպան ապակայունացնելու փորձերից: Հասկանալիորեն ոչինչ չէր կարող ետ պահել եւ չպահեց: Հետեւաբար, այժմ պետք է հուսալ, որ Բաշար Ասադին իր պատերազմական հանցագործություների համար պատժելը եւ միջազգային քրեական դատարանին հանձնելը հակառակ եւ բարերար ազդեցություն կգործի Մերձավոր Արեւելքի ողջ իրադրության վրա` իրենց տեղը ցույց տալով նաեւ Ռուսաստանին եւ Իրանին:



Ակնհայտորեն, Թրամփին Ասադի հանդեպ եւ առհասարակ Սիրիայի հարցում վճռականորեն տրամադրել է ոչ թե աշխարհաքաղաքական հաշվարկը, այլ մարդկային մղումը: Նա խորապես ազդվել էր զարին գազի արձակումից շնչահեղձ եղող, իրենց ողջ փոքրիկ մարմիներով թպրտացող, ցնցվող ու մահացող նորածինների, մի քանի ամսեկան երեխաների կադրերից, որ ապրիլի 4-ի կեսօրից չեն իջնում միջազգային հեռուստաէկրաններից: Սպիտակ տան Վարդերի պուրակում Հորդանանի արքա Աբդուլլահ II-ի հետ ասուլիսում Թրամփը բառացիորեն ասաց. «Այդ փոքրիկ երեխաների սպանությունը մեծապես ազդել է ինձ վրա… դա ոչ միայն կարմիր գիծ է հատում, այլ դրանից էլ այն կողմ գծեր է հատում»:



Իսկապես քաղաքացիական բնակչությանը, անզեն մարդկանց, ծերերին ու նորածիններին օդում տարածվող քիմիական նյութերով սպանելը բարբարոսության գագաթնակետ է: Ընդսմին դա ոչ միայն Ասադի ռեժիմի քստմնելի հանցագործությունն է, այլեւ այսկամայն չափով Ռուսաստանի եւ նրա ՌԴ նախագահ Պուտինի: Ապրիլի 5-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ասադի ուժերի կողմից Իդլիբ նահանգում իրագործած քիմիական հարձակման հարցը քննարկելիս, ԱՄՆ դեսպան Նիկի Հելին իրավիճակի ողջ եղերագործությունն ու ողբերգականությունը խտացրած մի հարց տվեց. «Սիրիայում որքան երեխա պիտի սպանվի, որ դա Ռուսաստանին վերջապես մտահոգի»:



Իրականում, ռուսների մասին չափազանց բարձր կարծիք պետք է ունենալ համարելու համար թե նրանք կարող են մարդ սպանելուց մտահոգվել` լինի դա ծեր, թե երեխա: Դրա համար պետք է մարդկային որակի հասած լինել, ինչից եւ թյուրքական ազգությունները եւ ռուսական պետությունները հեռու են եղել իրենց պատմության ողջ ընթացքում: Ամփոփելով` Սիրիայում ակնկալելի են սրընթաց զարգացումներ, հուսանք նաեւ նույնքան սրընթաց հանգուցալուծում:



Սակայն Սիրիայի խնդիրը Թրամփի առջեւ ծառացած միակ միջազգային մարտահրավերը չէ այս շաբաթ: Այսօր գրեթե միաժամանակ, երբ լրատվամիջոցները հաղորդում էին ԱՄՆ նախագահի կողմից Սիրիայում ռազմական ինտերվենցիայի հնարավորությունը դիտարկելու մասին, ուղիղ եթերում ցուցադրվում էին Չինաստանի նախագահի` ԱՄՆ ժամանելու կադրերը: Չինաստանի նախագահը տիկնոջ հետ ժամանեց Ֆլորիդա, որտեղ Թրամփին պատկանող Մար-ա-Լագո հանգստավայրում կայանալու է նախագահ Թրամփի հետ հանդիպումը: Ամենաէական հարցը Հյուսիային Կորեային է վերաբերում, եւ Թրամփը շաբաթվա սկզբից հայտարարում է, որ Չինաստանի հետ, թե առանց Չինաստանի, ինքը լուծում է տալու Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրին եւ այնտեղից եկող սպառնալիքներին: Մնում է տեսնել, թե Չինաստանի նախագահի հետ բանակցություններից հետո Թրամփը ինչ կհայտարարի:



Լուսինե Պետրոսյան