Մշակույթ

«Խոստում» ֆիլմը գրավում է համաշխարհային աստղերի սրտերը

«Խոստում» ֆիլմը գրավում է համաշխարհային աստղերի սրտերը

Նախօրեին Լոս Անջելեսում տեղի է ունեցել հայոց ցեղասպանության մասին պատմող ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում» (The Promise) պատմական դրամայի պրեմիերան, որին մասնակցել են համաշխարհային մասշտաբի դեմքեր, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, Անդրե Աղասին, Շերը, ինչպես նաեւ ֆիլմի դերակատարները։ 



Դիտումից հետո, ֆիլմից տպավորված, իրենց միկրոբլոգներում գրառումներ էին արել թե Շերը եւ թե Քիմ Քարդաշյանը, ով մասնավորապես գրել էր. «Անչափ հպարտ եմ այս ֆիլմով, խնդրում եմ գնացեք եւ վերջապես լսեք հայ ժողովրդի պատմության մասին»։ Շերի արած մի քանի գրառումներից մեկն էլ սա էր. «Սա իրական պատմություն է, թե ինչպես թուրքերը 1915թ․-ին սպանեցին 1.5 մլն․ հայերի... Էրդողան փաշա... Այլեւս երբեք...»։



Շաբաթներ առաջ, ի աջակցություն «Խոստում» ֆիլմի, հայտարարություններով էին հանդես եկել նաեւ ոչ հայազգի աստղեր, որոնց մեջ էին Լեոնարդո Դի Կապրիոն, Էլթոն Ջոնը, Բարբարա Սթրեյզանդը։



Հիշեցնենք, որ ֆիլմը նկարահանվել է Քրք Քրքորյանի նախաձեռնությամբ: Նկարահանումներն սկսվել են 2015 թվականի աշնանը՝ Պորտուգալիայում եւ Կանարյան կղզիներում: Նկարագրված իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին, այն ներկայացնում է սիրային եռանկյունի՝ բժշկություն ուսումնասիրելու համար Կոստանդնուպոլիս մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի եւ ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջեւ: Դերերում հանդես են եկել ճանաչված դեմքեր՝ Քրիստիան Բեյլը, Օսկար Աիզեկը, Դանիել Խիմենես Կաչոն, Շոխրե Աղդաշլուն, Ժան Ռենոն, Անժելա Սարաֆյանը։
«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել դեռ 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ։ Հայաստանյան պրեմիերան կլինի այս տարվա ապրիլին, իսկ ապրիլի 28-ից հնարավոր կլինի դիտել նաեւ կինոթատրոններում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image