Կառավարությունը շատ արագ «լուծեց» խոշոր բիզնեսի հարցը, հիմա անդրադարձավ մանրին. Սամսոն Գրիգորյան

Կառավարությունը շատ արագ «լուծեց» խոշոր բիզնեսի հարցը, հիմա անդրադարձավ մանրին. Սամսոն Գրիգորյան

«Մենք ինքներս չենք ուզում հարկերից ազատվել, մենք ուղղակի ուզում ենք արդար հարկահավաքության դաշտում աշխատենք, այսինքն՝ հավասար պայմաններում լինենք բոլորի հետ».- նշում է գործարար, «Կասեցում» շարժման համակարգող անդամներից Սամսոն Գրիգորյանը։ Hraparak.am-ի հետ զրույցում Սամսոն Գրիգորյանն խոսեց քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի, կառավարության աշխատելաոճի, ինչպես նաև «Կասեցում» շարժման աշխատանքների մասին։



-Պարոն Գրիգորյան, նախընտրական շրջանում կուսակցությունների առաջարկած ծրագրերում տեղ էին գտել նաև միջին և մանր բիզնեսին վերաբերող դրույթներ, ծանո՞թ եք այդ ծրագրերին, իրատեսակա՞ն էին։



-Մեծամասամբ կուսակցությունների ծրագրերում տեղ գտած ՓՄՁ-ին առնչվող դրույթները մեծամասամբ համարում ենք պոպուլիստական։ ՓՄՁ-ին ընդհանրապես հարկերից ազատել և այլն, ամենաքիչը ծիծաղելի էր։ Այն երկրում չենք ապրում, որ ինչ-որ մեկը հարկերից ազատվի և երկրի համար նորմալ լինի։ Մենք ինքներս չենք ուզում հարկերից ազատվել, մենք ուղղակի ուզում ենք արդար հարկահավաքության դաշտում աշխատենք, այսինքն՝ հավասար պայմաններում լինենք բոլորի հետ։



-Իսկ վարչապետի փոփոխությունից ի վեր բացասական, կամ դրական տեղաշարժեր նկատո՞ւմ եք։



-Կան փոփոոխություններ, չենք կարող ժխտել, ասել, որ ոչինչ չի փոխվել։ Կան փոփոխություններ, բայց համարում ենք քիչ, համարում ենք շատ դանդաղ, բոլորս ենք տեսնում, որ համատարած կոռուպցիան շարունակվում է, ալան-թալանը կոպիտ ասած շարունակվում է, մոնոպոլիաները դեռ գործում են։ Ինչ-որ փոքրիկ քայլեր արվում են, բայց ես չէի ասի, որ դրանք հիմնական լուծում կտան, տնտեսական միջավայրին ինչ-որ փոփոխության կբերեն։ Ասեմ, որ շատ կարճ ժամանակում կառավարությունը, ես անձամբ չեմ հավատում, իբրև թե լուծեց բոլոր հարցերը խոշոր բիզնեսի հետ։ Ինչպես գիտեք, վաղվանից սկսում է ՊԵԿ-ը միջոցառումներ իրականացնել արդեն դեպի մանր բիզնես, այսինքն՝ լինելու են նախազգուշացումներ, 10 օր տեղի են ունենալու ռեյդեր, կրելու են նախազգուշացման բնույթ, ինչպես մեզ տեղեկացրեցին։ Բայց դրանից հետո պատժվելու են այն մանր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք չեն աշխատի խաղի կանոններով։ Իբրև անցած 5 ամիսների մեջ խոշորն ամբողջովին վերադարձել է խաղի կանոններին, դուրս է եկել ստվերից, հիմա խնդիրը մնացել է մանրի մեջ։ Մի քիչ հավատալի չի, կարծում եմ շատ արագ կառավարությունը «լուծեց» խոշորի հարցը, հիմա անդրադարձավ մանրին։ Կարծում եմ, դեռ շատ անելիք ուներ խոշորի հետ, ինչպես գիտեք մանր բիզնեսը շատ մեծ կերպով կախված է խոշորից, եթե խոշորն ամբողջապես ստվերից դուրս չգա, մանրը հնարավորություն չունի, իսկ խոշորը դուրս բերելուց հետո շատ հեշտ կլինի մանրը ամբողջովին դուրս բերել ստվերային դաշտից՝ չվնասելով, չփակելով, չվերացնելով մանրը։



-Կարելի՞ է ասել, որ մեր կառավարության թիրախը սովորաբար մանր և միջին բիզնեսն է։



-Նորից գալիս ենք դրան, որովհետև ընդամենը 5 ամիս տրամադրել խոշորին ու միանգամից անցնել մանրին, համարում եմ ազնիվ չէ, ու չեմ կարծում, որ այդ 5 ամսվա մեջ, առհավատչյա չեմ տեսնում իմ աչքերով այդ 5 ամսվա մեջ խոշորի դեպքում ինչ-որ բան փոխվեց։ Եղան տուգանքներ, ստուգումներ, բայց չեմ կարծում, որ դա գլոբալ առումով ինչ-որ հարց լուծեց, բան փոխեց երկրում։



-Պարոն Գրիգորյան, «Կասեցում» շարժումը գոյություն ունի՞, գործո՞ւմ է։



- «Կասեցում» շարժումը գոյություն ունի, ուղղակի շարժումն իր բնույթով, իր պայքարելու տեսակով պայքարում է այն դեպքում, երբ մանր և միջին բիզնեսի հետ խնդիրներ են ծագում։ Ներկա պահին կարելի է ասել քնած վիճակում է, բայց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» հետ միասին ինչ-որ քայլեր, բաներ արվում են։ Ամենօրյա աշխատանք տարվում է, սկսած օրենսդրության վրա աշխատելուց, սկսած կառավարության հետ աշխատելուց, քննարկումներ կլինեն, թե ինչ-որ լուծումներ փնտրել։



-Կա՞ հատուկ ծրագիր, կամ օրենսդրություն այս պահին, որի վրա այս պահին աշխատում եք։



-Ներկա պահին կառավարության հետ, «ՓՄՁ համագործակցության ասոցացիայի» հետ միասին աշխատում ենք նոր հարկային օրենսգրքի որոշակի դրույթների վրա, քննարկումներ են գնում, որ փոփոխություններ լինեն, ավելի հեշտացվեն բիզնեսի համար, այլ բաներ չէի շեշտի։ Կառավարությանն առընթեր Հակակոռուպցիոն խորհրդի կազմում ենք, էլի «ՓՄՁ համագործակցության ասոցացիայի» հետ միասին ՓՄՁ զարգացման խորհրդում ենք, այսինքն՝ գլոբալ ինչ-որ հարցեր չեն, բայց ամենօրյա աշխատանքներ տարվում են։



Սիրան Հունանյան