Ռուսաստանի համար Հարավային Կովկասում հայկական ռազմա-քաղաքական գործոնի թուլացումը ցանկալի չէ

Ռուսաստանի համար Հարավային Կովկասում հայկական ռազմա-քաղաքական գործոնի թուլացումը ցանկալի չէ

Հարցազրույց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի hետ



- ԼՂՀ կարգավորման գործընթացի վերաբերյալ պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի դիրքորոշումների մեջ, Ձեր կարծիքով, տարբերություն կա՞, թե՞ ոչ։



- Չեմ կարծում, որ այս փուլում առարկայական տարաձայնություններ կարող են լինել նրանց միջեւ, թեեւ չեմ բացառում, որ առաջիկայում այդպիսիք կարող են առաջանալ: Այդուհանդերձ, բանակցային գործընթացի համատեքստում պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի դերերի որոշակի տարանջատումը հայկական շահերն ապահովելու անհրաժեշտ եւ օգտակար միջոց եմ համարում:



- Կուզեի անդրադառնայինք Ռուսաստանի դերին, Ձեր կարծիքով, Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է կոնֆլիկտի լուծմամբ, թե՞ նրան ձեռնտու է կոնֆլիկտի ներկայիս վիճակը։



- Ռուսաստանի համար Հարավային Կովկասում հայկական ռազմաքաղաքական գործոնի թուլացումը ցանկալի չէ, եւ, իմ կարծիքով, Մոսկվայում նման նպատակ չի էլ դրվել: Այլ հարց է, որ ռուսական կողմը ձգտելու է իր լիակատար վերահսկողության տակ պահել այդ գործոնի պարունակած ողջ ներուժը: Հայկական գործոնը Մոսկվայի կողմից օգտագործվել եւ օգտագործվելու է որպես Թուրքիան զսպելու համար կիրառելի եւ օգտակար գործիք, ինչպես նաեւ Ադրբեջանի հանդեպ ռազմաքաղաքական եւ տնտեսական ճնշում գործադրելու բացառիկ միջոց: Այս պահին եղած ստատուս քվոյից դուրս հնարավոր լուծումները, իմ կարծիքով, ռիսկային կլինեն ռուսական երկարաժամկետ շահերի ապահովման տեսանկյունից:



- Եվրոպայի դերը եւ դիրքորոշումը որո՞նք են լինելու։



- Դժվար թե ԵՄ ազդեցությունը հակամարտության կարգավորման մասով առաջիկայում աճի, սակայն Հայաստանի հանդեպ կվարվի հանդուրժողական եւ գործընկերային քաղաքականություն, անկախ այն բանից, թե ինչպես կընթանա բանակցային գործընթացը:



- Օրերս Թուրքիան անցավ նոր, ուժեղ նախագահական կառավարման մոդելին։ Հետաքրքիր է Ձեր կարծիքը, ի՞նչ է սպասվում այս երկրին։



- Կարծում եմ, որ «արաբական գարուն» կոչված երեւույթի սկզբնավորումից հետո Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները կարելի է դիտարկել որպես այդ երկրի համար նախատեսված նոր դերակատարմանը նախապատրաստվելու համար ձեռնարկված քայլերի փոխկապակցված շղթա: Նախապատրաստական այս գործընթացի վերջակետը դրվեց նախագահական կառավարման ձեւը հավանության արժանացրած հանրաքվեով: Այժմ Թուրքիան նախագահական հանրապետություն է, իսկ գործող նախագահ Էրդողանը տեսականորեն կարող է պահպանել իր պաշտոնը մոտավորապես մինչեւ 2030 թվականը: Մինչ այդ, նախագահ Էրդողանը տարիների ընթացքում համառ ջանքեր գործադրեց պետական կառավարման համակարգից արեւմտամետ կողմնորոշում ունեցող պաշտոնյաների բազմաքանակ խավը հեռացնելու համար: Արեւմտամետներին վերջին եւ առավել հուժկու հարվածը հասցվեց անցյալ տարվա հուլիսյան հեղաշրջման փորձից հետո՝ տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, ենթարկվեցին տարատեսակ հետապնդումների, զրկվեցին աշխատանքից: Բանն այն է, որ գերազանցապես թուրք արեւմտամետներից բաղկացած իշխանական վերնախավն ընդունակ չէր լինելու ստանձնել Թուրքիային առաջարկվող նոր դերակատարումը, քանի որ հետայսու պաշտոնական Անկարան պետք է գործի ոչ թե արեւմտյան բարոյաիրավական սկզբունքների շրջանակներում, այլ արեւմտյան իրական շահերն սպասարկելու հստակ պահանջի եւ պատվերի պայմաններին համապատասխան: Թուրքիայի նոր դերակատարումը նախատեսում է պաշտոնական Անկարայի քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական նախաձեռնումների հետեւողական ակտիվացում Մերձավոր եւ Միջին Արեւելքում, Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում:



- Ինչպե՞ս կանդրադառնա Թուրքիայում կառավարման համակարգի փոփոխությունը Հայաստանի, Ռուսաստանի վրա։



- Հավանաբար, այժմ պարոն Էրդողանը պետք է ցուցադրաբար սահմանափակի Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ այդ միջոցով շահի Ռուսաստանի ղեկավարության վստահությունը․ առանց դրա պաշտոնական Անկարան հազիվ թե հաջողության հասնելու հնարավորություն ստանա: Կկոշտացվի նաեւ եվրոպական կառույցների վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում նրանց համագործակցությունը դրանից չի տուժելու: Հայաստանն առայժմ մնալու է ռուս-թուրքական հարաբերություններում մշտապես տեղի ունեցող վայրիվերումների պատանդը, եւ ծանր կորուստների վտանգը կպահպանվի հավասարապես թե դրանց բարելավման, թե վատթարացման հաջորդական բոլոր փուլերում:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ