Կադրերի դեֆիցիտ

Կադրերի դեֆիցիտ

Հայաստանում ամենակարեւոր խնդիրը մարդկային ռեսուրսի խնդիրն է, երբ բոլոր ոլորտներում կա որակյալ կադրերի պակաս եւ մասնագետների դեֆիցիտ։ Ու արտագաղթի ֆոնին դա տարեցտարի ավելի է սրվում, երբ որակյալ բժիշկներին փոխարինում են թերի կրթություն ստացածները, ուսուցիչները կոչումով մանկավարժ չեն, այլ գործազրկությունից դրդված մանկավարժ դարձածներ, երբ լրագրությամբ զբաղվում են հազիվ տառաճանաչները, որոնք նախադասություն կազմել չգիտեն, իսկ պետական պաշտոններ զբաղեցնում են առուփախի հոգեբանություն ունեցողները, որոնք յուրաքանչյուր հրամանի ետեւում փող աշխատելու հնարավորություն են փնտրում։ Հասկանալի է, որ տիեզերքից կադրեր չենք ներմուծելու, պետք է փորձենք ներսում կրթել ու պատրաստել կադրերին։ Եվ այդ գործում ոչ միայն կրթական համակարգի դերն է ահռելի, այլեւ յուրաքանչյուր կազմակերպություն պետք է զբաղվի կադրեր աճեցնելով, կրթելով, դաստիարակելով։ Բայց ինչպե՞ս պետք է արվի դա, երբ բուհի ռեկտորը մի խնդիր է իր առջեւ դրել՝ շատ փող աշխատել եւ ուսանողներին էլ դիտում է որպես կթու կով։ Երբ մասնավոր կազմակերպության ղեկավարի միակ հոգսն իշխանական վերնախավի հետ «լավ» լինելն է եւ արտոնյալ կարգավիճակ կորզելը։ Երբ դպրոցի տնօրենն զբաղված է ընտրությունների ժամանակ ձայներ բերելով եւ կոլեկտիվին էլ լծել է այդ գործին։ Երբ հիվանդանոցի տնօրենը պատերազմական օրերին պատահաբար գեներալ դարձած մի կիսագրագետ է, որի աչքին ամենաարժեքավորը հիվանդանոցի շենքն է։ Երբ կուսակցության ղեկավարը հիստերիկ է ու անհավասարակշիռ եւ իր զայրույթը սրա-նրա վրա թափելու առիթներ է փնտրում։ Երբ նախարարն իր կաբինետից դուրս չի գալիս եւ միայն իր խորհրդականների հետ է շփվում։ Եվ այս բոլորի հանրագումարում ունենք այն, ինչ ունենք։