Ազգային գաղափարախոսությո՞ւն, թե՞ հարստանալու մոլուցք

Ազգային գաղափարախոսությո՞ւն, թե՞ հարստանալու մոլուցք

Այս երկուսն իրար հակադիր, մեկը մյուսին բացասող երեւույթներ են: Հարստանալու մոլուցք ասվածը ոչ թե մարդու արժանավայել, բարեկիրթ ապրելաձեւի մասին է, այլ «փող, փող, էլի փող» քրոնիկ հիվանդության, որն էլ իր հերթին ծնում է անկշտություն ու ագահություն: Մեկ-մեկ մտածում ես՝ լավ, էս մարդիկ փոքր հասակում հեքիաթներ չե՞ն կարդացել, ինչ է, չգիտե՞ն արդյոք, թե չարի եւ ագահի վերջն ինչ է լինում: Գուցե շատ լավ էլ գիտեն, սակայն համակարգի եւ մարդու տեսակից ծնվող անբուժելի հիվանդությունը կամաց-կամաց իր սեւ գործն անում է եւ իշխանատենչությունն ու պաշտոնամոլությունը հասցնում իրենց գագաթնակետին: Ինչո՞ւ, որովհետեւ փող, փող, էլի փող աշխատելու հիմնական մղումը հասարակական այս կացութաձեւից եւ անպատժելիությունից է գալիս: Որովհետեւ հարստությունը, դիրքը, առաջընթացը պահպանելու միակ եղանակը դարձել է պաշտոնական լծակներ ունենալը: Եվ պատահական չէ այս «պատգամավորամրցույթը»: Համալսարանական տարիներին, երբ մեր փիլիսոփայության դասախոսը կապիտալ դիզելն աշխարհի բոլոր չարիքների հիմքն էր համարում, մենք՝ հայաստանաբնակ ուսանողներս, տարված լինելով սփյուռքահայ մեր ընկերների արտասահմանից բերած վիսկիով, նախշուն վերնաշապիկներով, կապույտ ջինսերով, փայփլուն «լակիրովնի» կոշիկներով, բուրավետ մածուկներով, հեգնում էինք դասախոսին՝ ասելով, որ դա խորհրդային գաղափարախոսություն է: Ժամանակին մենք ուղղակի սխալ էինք ընկալում մեր հայ դասական գրողներին: Նրանց բոլոր ստեղծագործությունները գրված են հենց այսօրվա համար: Կարդացեք եւ կհամոզվեք: Ցավոք, դրանց մեծ մասը հանված է դպրոցական դասագրքերից: 



Այդուհանդերձ, հնարավո՞ր է արդյոք ազգային գաղափարախոսությունն ու հարստանալու մոլուցքը մեկտեղել: Կարծում եմ՝ հնարավոր է, եթե նախեւառաջ ունենաք կուռ, ժողովրդին հասանելի եւ ապագային միտված ազգային ծրագիր: Ծրագիր, որը պետք է խստագույնս պահպանվի պետության մեծ եւ փոքր կառույցների ու անհատների կողմից:
Ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ բացի փողից գոյություն ունեն այլ արժեքներ. կամք, հայրենիքին նվիրվածություն եւ զոհաբերվելու պատրաստակամություն: Այստեղ տեսանելի է այն գիծը, որ ազգային գաղափարախոսությունն ու օլիգարխիան կարող են ընդհանուր եզրեր գտնել, նույնը կարող եմ ասել «Ազգ-բանակ» նախաձեռնության մասին, որն աստիճանաբար համագործակցության կբերի ազգային գաղափարախոսությունն ու օլիգարխիան: Բանակին տրվող հազարական դրամները ոչ թե պետք է քարկոծել, այլ զարգացնել: Ժամանակն է, որ օրենքի ուժով նաեւ օլիգարխիան արդեն ազգային տուրքի ձեւով օժանդակի բանակին: Ավելին, վերջին 25 տարիներին Հայաստանից տեղափոխված, օտար երկրներում հայտնված մեծ կապիտալն ազգային տուրքի ձեւով, աստիճանաբար կա՛մ պետական բյուջե, կա՛մ էլ բանակին պիտի վերադարձվի: Սա գուցե ֆանտաստիկայի ժանրից է, սակայն մեկ սերունդ հետո այդ ամբողջ հարստությունն օտար երկրում տարրալուծվելու է: Ժողովրդի լեզվով ասած՝ քոռուփուչ է լինելու: Խոսքը չի վերաբերում նրանց, ովքեր 25 տարում Հայաստանից մերկ, տկլոր-տկլիկ են գնացել ու այնտեղ հարստացել: Չնայած նրանք էլ իրենց չափաբաժին տուրքը պիտի մուծեն: Սա, իհարկե, իրավաբանական հարց է, որը պետք է տեղ գտնի ազգային ծրագրում:
Անշուշտ, «Ազգ-բանակ» կարգախոսը մեր պաշտպանության լավագույն ձեւերից մեկն է, առավել եւս, որ այսօր նոր սուլթանական Թուրքիա ունենք, որը սուլթան Համիդի, Թալեաթի, Էնվերի ու մյուսների կիսատ թողած քաղաքական կուրսն է շարունակելու, այն է՝ թուրանական պետության ստեղծումը:



Մենք միավորվում ենք միայն վտանգի պահին, արտաքին մարտահրավերների ժամանակ: Սա հրաշալի հատկություն է, բայց այդ հատկությունը միայն արտաքին վտանգով չէ, որ պիտի պայմանավորված լինի: Սա հենց երկարաժամկետ ազգային ծրագրի բացակայության արդյունք է: Միավորվելը եւ փոխադարձ նվիրումը պիտի ժամկետների եւ երեւույթների հետ կապված չլինեն: Մի փոքրիկ երկիր՝ 70-ից ավելի կուսակցություն: Անհատական էգոիզմի վրա հիմնված փուչ դեմոկրատիա: Սա է նաեւ մեզ մասնատողը: Մեր ծանր «ես»-ից, էգոիզմից ձերբազատվել չենք կարողանում: Կարծում եմ, ամենամեծ կուսակցությունն ինքը՝ ամբողջ հայությունն է: Միայն Պեկինի նկարիչների միության անդամների թիվը մեկ միլիոն է: Փաստորեն, նկարիչների միության երկու երրորդի չափ հայություն ունենք Հայաստանում: Եվ պարզապես զավեշտ է մեզանում 70-ից ավելի կուսակցությունների գոյությունը: Ժամանակն է հասկանանք, որ աշխարհում հինգ հազարից ավելի ազգություն կա, եւ միայն երկու հարյուրին է բախտ վիճակվել պետություն ունենալ: 60-70 տարի է՝ հնամենի Պաղեստինը պայքարում եւ ուզում է պետություն ստեղծել, չի կարողանում: Եկեք այնպես անենք, որ խնդրո առարկա չդառնա, թե չորրորդ հանրապետությունն ինչպես ստեղծենք: Մենք կորցնելուց հետո է, որ կորցրածի արժեքն իմանում ենք:



Հետընտրական վերջին օրերին մամուլում հայտնվեցին նյութեր, որոնք խստագույնս մեղադրեցին ժողովրդին, թե տուրք տվեց ընտրակաշառքին եւ ձայնը վաճառեց: Նախ՝ եթե այդպես է, «ընտրակաշառք» բառը ես կփոխարինեի «գրանտ»` դրամաշնորհ բառով, որն արդեն 25 տարի է՝ արտերկրից տարբեր խողովակներով Հայաստան է մուտք գործում: Սոցիալական ծանր կացությունից ելնելով՝ ինչի ասես չեն ծառայում այդ գրանտները՝ աղանդների բուռն զարգացմանը, արվեստի ու մշակույթի ցածրարժեք գործերով հանդիսատեսի հոգեկերտվածքի խաթարմանը, օտարամոլության սերմանմանը, ազգային արժեքների ոչնչացմանը: Այդ ամենը մուտք է գործել դեռ էն գլխից եւ արդեն 25 տարի է՝ ժանգի նման քայքայում է Հայաստանը: Գուցեեւ մոռացել ենք 90-ականներին՝ շուկայական հարաբերությունների անցնելիս, ընդարձակ դարակները դատարկ հանրախանութների դիմաց, երբ հենց փողոցներում սեղանիկներն էին տեղ գտել, որով էլ սկզբնավորվեցին մարդուն նսեմացնելու առաջին քայլերը: Մթին ու ցրտին ինչ անորակ ապրանք ասես վաճառվում էր`մոմ ու լուցկի, սպիրտ ու սպիրտայրոց: Բա տանիքների վրայով, պատուհաններով էլեկտրական լարանցումնե՞րը, բնակարաններում, բարձրահարկերում վառարաններ դնելը: Հապա ժողովրդի խնայողությունները, ռուբլու կտրուկ արժեզրկումը, մինչդեռ դրամը տպված տեղը կարելի էր ավելի շուտ շրջանառության մեջ դնել: Այդ ամենը կամաց-կամաց ազգային ոգի ու հպարտություն ունեցող ժողովրդի մեջքը կռացրեց: Սակայն մի բան չկարողացան կոտրել` ազգային ազատագրական պայքարի հուժկու բնույթը, որը մեր ժողովրդի մեջ ներարկվել էր տասնամյակներ շարունակ:



Խորհրդային շատ ու շատ հայ մտավորականների ստեղծագործություններն այդպիսի հայրենասիրական ոգի էին ներարկել, եւ այդ ոգու կրողներն էին, որ 90-ականներին արցախյան ռազմի դաշտում մեծ զոհողությունների գնով հաղթանակ ձեռք բերին: Այդ ամենը ոչ թե անհատական, այլ համընդհանուր հերոսության ու ազգային ոգու արգասիք էր: Հերոսն ամբողջ ժողովուրդն էր: Հետո, երբ սկսեցին սակարկել այդ հաղթանակները, ժողովուրդը, ծանր ու թեթեւ անելուց հետո, ասաց՝ հերն էլ անիծած, դուք բոլորդ էլ նույնն եք, եւ դիմեց սովորություն դարձրած դրամաշնորհ-ընտրակաշառքին:
Գլոբալիզացիայի այս անհայրենիք 21-րդ դարում դրսից ու ներսի հովանավորությամբ 25 տարի ազգային արժեքները բացարձակապես ոչնչացնող նպատակասլաց քաղաքականություն են փաթաթել մեր վզին: Դա առաջին հերթին ուղղված է երիտասարդ սերնդին, որն էլ իր դրսեւորումներն է գտել դպրոցների, բուհերի, կրթական օջախների ու մարդու հոգեկերտվածքը ձեւավորող այլ հաստատություններում: Նոր հազարամյակի մարտահրավերները, գունավոր՝ վարդերի կամ ծաղիկների հեղափոխությունները գլոբալիզացիայի հետ միասին ոչնչացնում են ազգային այն ամենը, ինչը կանգնած է նրա ճանապարհին: Ազգայինը, ավանդականը ոչնչացնող, այսպես կոչված՝ կառավարելի այդ հեղափոխությունները դուրս են գալիս իրենց հունից, եւ արդյունքում ունենում ենք մի այնպիսի չարիք, ինչպիսին ռադիկալ իսլամիզմն է, որին այսօր արդեն բացահայտ է միացել Թուրքիան: Նրանց պայքարն «Իսլամական պետության» դեմ սուտ է ու խաբկանք: Արդյունքում հենց Թուրքիան է, այսպես կոչված՝ Դահիշի կամ իսլամական պետության ստեղծողներից մեկը:



Այդ չարիքին դիմագրավելու համար ազգային գաղափարախոսության լրջագույն ծրագիր է պետք: Ծրագիր՝ ոչ թե կիսատ-պռատ, ցաքուցրիվ, այլ միասնական, եւ այդ ծրագիրը կարող է համագործակցության նախադրյալ դառնալ ազգային գաղափարախոսության ու օլիգարխիայի միջեւ, որովհետեւ, ի վերջո, բոլորս փոթորկվող օվկիանոսի վրա գտնվող մի նավի մեջ ենք:




Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ