Էկվադորը, Լենինը, ընտրական դիկտատուրան… և Հայաստանը

Էկվադորը, Լենինը, ընտրական դիկտատուրան… և Հայաստանը

Ապրիլի 2-ին, երբ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին, Միջերկրական ծովից եւ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ, ամերիկյան մայրցամաքում, մարդիկ նույնպես ընտրությունների էին մասնակցում կամ հետեւում: Ընտրությունն իսպանախոս Ամերիկայում էր. Էկվադորի 15 միլիոն բնակչությունն ընտրում էր երկրի նախագահ, իսկ մնացյալ Լատինական Ամերիկան ուշադրությամբ հետեւում էր: 



Ինչո՞ւ: Որովհետեւ Էկվադորում նախագահական աթոռի համար պայքարող իշխանական թեկնածուն` Լենին Մորենոն, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի, Վենեսուելայի Նիկոլաս Մադուրոյի, Բոլիվիայի Էվո Մորալեսի եւ Կուբայի Ռաուլ Կաստրոյի հետ մաս է կազմում Լատինական Ամերիկայում «21-րդ դարի սոցիալիստների» խմբակին: Էկվադորում Լենին Մորենոյի հաղթանակը կամ տապալումը համարվում էր ցուցիչ մնացյալ դիկտատորների եւ «ընտրական դիկտատուրաների» ապագայի համար:



Լատինական Ամերիկայի անցյալը՝ ՀՀ ապագա՞ն



Էկվադորի ապրիլի 2-ի ընտրությանը, ըստ exit poll-երի արդյունքի, հաղթում էր Լենին Մորենոյի աջակողմյան մրցակիցը` Գիլերմո Լասոն` ձայների շուրջ 53%-ով: Նա արդեն շամպայնի ֆուժեր էր բարձրացրել եւ հաղթանակի առթիվ դիմել էր իր կողմնակիցներին, երբ քվեների հաշվումն այլ արդյունք արձանագրեց: Ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների, ձայների 0.6% առավելությամբ հաղթել էր Լենին Մորենոն:
Լասոն չընդունեց հայտարարված արդյունքը՝ պնդելով, որ քվեների հաշվարկում թույլ են տրվել կեղծիքներ, եւ սահմանված ժամկետում` ապրիլի 12-ին, պաշտոնապես բողոքարկեց հայտարարված արդյունքը: Քվեների 10 տոկոսը վերահաշվելուց հետո պատկան ընտրական իշխանությունը հայտարարեց, որ արձանագրված արդյունքների համեմատությամբ էական տարբերություններ չեն արձանագրվում, եւ հաստատեց Լենին Մորենոյի ընտրությունը:



Այժմ, եթե ոչինչ չպատահի, մայիսի 24-ին Մորենոն կստանձնի Էկվադորի նախագահի պաշտոնը: Բայց, ինչպես Լենին անունից կարելի է ենթադրել, այդ մարդու կյանքը լի է արկածներով, բավական է եւ այն, որ նա գամված է հաշմանդամության սայլակին, քանի որ տարիներ առաջ իր վրա հարձակված կողոպտիչների կրակոցներից դարձել է հաշմանդամ:



Սակայն Հայաստանի հեռավորությունից դիտելիս լատինամերիկյան Էկվադորի ընտրություններում հետաքրքրականը ոչ այնքան էկզոտիկ Լենին անունն է, որքան «ընտրական դիկտատուրա» հասկացությունը: Սա իշխանության կողմից մանիպուլյացիաների ենթարկվող ընտրազանգվածի քվեով իշխանությունը պահպանելու եւ վերարտադրվելու մեխանիզմն է: Այն, ինչը ՀՀԿ-ն ակնհայտորեն ջանում է Հայաստանում ներդնել նախագահական ինստիտուտի վերացումով եւ ռեյտինգային ընտրակարգի ներդրմամբ: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը լծվել են Լատինական Ամերիկայի անցյալը մեզ համար ապագա դարձնելու գործին: Հետեւաբար տեսնենք, թե «ընտրական դիկտատուրան» ուր է հասցրել Էկվադորը եւ ուր կառաջնորդի մեզ:



Հենց դա պատճառ դարձավ, որ ընկերներիցս մեկին` Միգելին, ով ապրում է Էկվադորում, գրեմ եւ խնդրեմ, որ իրենց նախագահական ընտրություններին, քաղաքական իրադրությանը, երկրին վերաբերող մի քանի հարցի պատասխանի: Ինչը, բնականաբար, սիրով արեց: Միգելը պատասխաններն ուղարկել էր դեռ ապրիլի 2-ից առաջ, բայց այն ժամանակ հրատապ այլ նյութեր կային գրելու, եւ հետո՝ ընտրական թոհուբոհի մեջ չեմ կարծում, թե հայաստանյան ընթերցողն այդքան կընկալեր եւ խորհեր «ընտրական դիկտատուրա» հասկացության շուրջ: Մինչդեռ ապրիլի 2-ի ընտրություններում «ընտրական դիկտատուրան» տեսանելիորեն սպառնաց դառնալու Հայաստանի ապագան: Այդքանով էլ այժմ ժամանակն է այդ մասին գրելու:



Կա՞ Նոբելյան մրցանակակիր հայ գրող



Մինչեւ Միգելին ուղարկված հարցերին ու իր պատասխաններին անցնելը, անշուշտ, իմաստ ունի նախ մի փոքր Միգելի եւ երկրի` Էկվադորի մասին պատմել: Միգելը, ամբողջական անուն-ազգանվամբ` Միգել Մոլինա Դիաս, քաղաքական մշակութային լրագրող է, ով ապրում եւ աշխատում է Կիտոյում` Էկվադորի մայրաքաղաքում: Կրթությամբ իրավաբան է, պրոֆեսիոնալ գործունեությամբ լրագրող, ինչի արդյունքում էլ անգամ քաղաքականության մասին գրում է մարդու իրավունքների պրիզմայով: Իրենց առաջատար թերթերին է աշխատակցել, ներկայիս LaRepublica.ec օն-լայն պարբերականին եւ հենց LaRepublca.ec-ում ծավալած գործունեության համար էլ ԱՄՆ Պետդեպարտամենտը Միգելին ընտրել էր այն 20-25 հոգու թվում ողջ աշխարհից, որոնք 2016-ի սեպտեմբերին հրավիրվեցին ԱՄՆ` երկշաբաթյա լրագրողական ճանապարհորդության:



Միգելի հետ այդ ամերիկյան շրջագայության ընթացքում էլ ծանոթացել եմ: Տպավորությունս այն էր, որ եթե քաղաքական պայքարն այդքան սուր չլիներ Էկվադորում, Միգելն ավելի մշակույթի մասին կգրեր, որովհետեւ նախ փայլուն հումոր ուներ. մի օր Կոլորադոյում, Դենվերից դուրս մի վայրից վերադառնում էինք Դենվեր եւ ամբողջ ճանապարհին բոլորս ծիծաղում էինք Միգելի եւ Ֆիլիպեի (Չիլիից է) սրամտություններից: Տարեվերջին, երբ Կուբայի Ֆիդել Կաստրոն մահացավ, Միգելի խոսքերն էի հիշել ու ծիծաղում էի. «Այ, երբ Ֆիդելը կմահանա, նոր կհասկանաք, թե ինչ է նշանակում անմահություն, նա 70 տարի էլ Կուբան գերեզմանից է ղեկավարելու…»:



Մի խոսակցության դրվագ էլ հիշողությունիցս չի ջնջվում․ իրեն պատմում էի, թե Հայաստանն ինչ բացառիկ, անկյունաքարային արժեք ունեցող երկիր է հնդեվրոպական եւ քրիստոնեական քաղաքակրթությունների տեսակետից, թե հին հայերենը` գրաբարը, ինչ կատարյալ լեզու է, որ հին հունարեն բնագրի կորստյան դեպքում հայերեն գրաբար թարգմանությունն է որպես բնագիր ընդունվում եւ այլն: Միգելն իր համար Հայաստանը բացահայտեց, հետո հարցրեց՝ իսկ կա՞ հայտնի հայ գրող, որին խորհուրդ կտայիր կարդալ, օրինակ՝ Նոբելյան մրցանակակիր: Նոբելյան մրցանակի արժանացած հայ գրող ես չգիտեմ, բայց առհասարակ Զոհրապից, Պարոնյանից, Վարուժանից, Չարենցից, եւս մեկ-երկուսից բացի ես չգիտեմ այդպիսի հայ գրող, որ խորհուրդ կտայի կարդալ: Մանավանդ՝ Միգելին, ով իսկապես գրականություն գիտեր` Մինանդրեսից ու Վիրգիլիոսից մինչեւ Քամյու ու Բորխես:



Լավ, ես ի՞նչ հայ գրող ասեմ, որ եւ գրականության համաշխարհային անդաստանում արժեք ներկայացնի, եւ իսպաներեն կամ անգլերեն թարգմանված լինի: Իր հետ զրուցում եմ, բայց միտքս պրպտում է. ի՞նչ հայ գրող կա, ում անունը կարելի է տալ… Վերջապես գտա` Վիլյամ Սարոյան: Միգելին ծանոթ չէր Սարոյանը: Ասացի, որ Սելենջերի ոճի գրող է, հայ է, բայց ԱՄՆ-ում է ապրել, անգլերեն է գրել, եւ, իմիջիայլոց, Նոբելյան մրցանակի չէ, բայց Պուլիցերյան գրական մրցանակի արժանացել է: «Դե, Սելինջերը հրաշալի գրող է…»,- արձագանքեց Միգելը: «Հավատա, Սարոյանը նույնպես»,- վստահեցրի ես, միանգամայն գոհ, որ կա Սարոյանը, ում անունը կարող էի տալ: Հետո հիշեցի, որ անցյալ տարվա Պուլիցերյան մրցանակակիրն էլ ամերիկահայ գրող էր, բայց անուն-ազգանունը չէի հիշում:



Ավելի ուշ իմացա, որ Միգելն Էկվադորում ժամանակին գրական հանդես է հիմնադրել՝ Lineas de Expression (թարգմանաբար` Արտահայտչաուղիներ) անվանումով, ինչը, կարծում եմ, իրեն ավելի մեծ էսթետիկական եւ ինտելեկտուալ բավականություն կպատճառեր՝ նկատի առնելով գրականության իր իմացությունը, դրա հանդեպ սերն ու հետաքրքրությունը:



Մեզանից տարբեր և մեզ նման Էկվադորը



Իսկ այժմ երկրի` Էկվադորի մասին: Էկվադոր թարգմանաբար նշանակում է հասարակած: Սա Լատինական Ամերիկայի այն երկիրն է, որով անցնում է հասարակածը: Անգամ մայրաքաղաք Կիտոյից (կամ Սան Ֆրանցիսկո դե Կիտոյից` եթե անունը ասվի ճիշտ եւ ամբողջությամբ) մոտ 30 կմ դեպի հյուսիս կառուցված է Հասարակածի հուշակոթողը` ճիշտ Երկիր մոլորակը պարագծող հասարակածի նշագրման վայրում: Էկվադորը քարտեզային ուրվագծով շատ նման է Հայաստանին, բայց տարածքով տասն անգամ մեծ է Հայաստանից` մոտ 283 000 քառ. կմ, տարածվում է Խաղաղ օվկիանոսի ափին, Հարավային Ամերիկայի Կոլումբիա եւ Պերու պետությունների հարեւանությամբ: Բնակչության թիվը 15 միլիոն է, եւ, ինչպես Հայաստանում, 90%-ից ավելին քրիստոնյաներ են: Էկվադորում քրիստոնյաների 85%-ից ավելին կաթոլիկներ են: Մայրաքաղաք Կիտոն գտնվում է ծովի մակերեւույթից 2850 մ բարձրության վրա, համեմատության համար Երեւանը` 1300 մ: Էկվադորի դրոշը շատ նման է Կոլումբիայի դրոշին, որը միջազգային համերգային, սպորտային միջոցառումներում անգամ շփոթում են Հայաստանի դրոշի հետ, քանի որ դրոշները միեւնույն գունային շերտերն ունեն` հակառակ դասավորությամբ:



Մայրաքաղաք Կիտոյի պատմական կենտրոնն առաջին վայրն է աշխարհում, որին 1978-ին շնորհվել է UNESCO World Heritage Site (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության տեղավայրի) կարգավիճակ: Այդտեղ Իսպանական գաղութային ճարտարապետության հարյուրից ավելի շինություններ են` ճիզվիտական, ֆրանցիսկյան ու այլ կաթոլիկ ուխտերի վեհաշուք եկեղեցիներից մինչեւ իսպանական պալատներ ու ապարանքներ: Պետական լեզուն իսպաներենն է։ Բնիկ հնդկացիների լեզուներն էլ պետական կարգավիճակ ունեն:



Ի տարբերություն Հայաստանի, Էկվադորի պատմությունը հազարամյակներով չի չափվում, պատմության ժամանակակից շրջանըն սկսվում է միջնադարից, երբ Ինկերի կայսրությունը գրավել է երկրի ներկայիս տարածքը` 15-րդ դարի սկզբներին, իսկ 16-րդ դարում այն նվաճել են իսպանացիները: Իսպանական կայսրությունն էլ հիմնադրել է մայրաքաղաք Կիտոն` հաստատելով նաեւ ներկայիս պետականության հիմքը եւ երկրին տալով իսպանական կոլոնիալ քաղաքակրթության դիմագիծը:
Անձամբ ես երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչպես կարելի է մաս կազմել Հռոմեական, Բյուզանդական, Բրիտանական կամ Իսպանական կայսրություններին եւ հանկարծ ձգտել դրանցից անկախանալու: Անկախանալ քաղաքակրթող ուժի՞ց, դուրս գալ քաղաքակրթության ուղեծրի՞ց, որտե՞ղ հայտնվելու համար… Ինչեւէ, փաստը մնում է փաստ, որ 19-րդ դարում Լատինական Ամերիկայում ծայր առան Իսպանական կայսրությունից անկախանալու շարժումները, եւ, ի դեպ, առաջին ընդվզումը 1809-ին եղել է հենց Կիտոյում, ինչի համար քաղաքն ստացել է Luz de America (Ամերիկայի լույս) մականունը:



1820-ին Սիմոն Բոլիվարի առաջնորդած անկախության շարժումը պսակվեց Իսպանական կայսրությունից ընդարձակ լատինամերիկյան տարածքների անջատմամբ եւ Մեծ Կոլումբիայի Հանրապետության (Republic de Gran Colombia) հիմնադրմամբ, որին մաս էին կազմում ոչ միայն մերօրյա Կոլումբիան, այլեւ Էկվադորը, Վենեսուելան եւ Պանաման: 1830-ին Էկվադորն առանձնանում է եւ հռչակվում ինքնիշխան հանրապետություն եւ այդ անկախությունը պահպանում է մինչեւ այսօր: Էկվադորի տնտեսության հիմնական արտահանումը նավթամթերքի եւ գյուղատնտեսության ոլորտում է: Dole-ի, Chiquita-ի պլանտացիաներում աճող բանանն էլ այն բարիքն է, որն Էկվադորից հասնում է Հայաստան:



Եվ, իհարկե, Աստված մի արասցե, որ բանանից հետո Էկվադորի ընտրական դիկտատուրան էլ հասնի Հայաստան:



Շարունակությունը՝ հետևյալ հղումով:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ