Տաթևի սյան առեղծվածը

Տաթևի սյան առեղծվածը

Վերջերս հաճախակի են դարձել Տաթևի վանական համալիրում գտնվող ճոճվող սյան, այլ կերպ ասած՝ Գավազան շինության մասին հաղորդումները, դրա կառուցման նպատակի և ժամանակի վերաբերյալ մեկնաբանությունները: Նշվում է, որ այն կառուցվել է 904-906թթ-ին և նպատակ է ունեցել սյան ճոճի միջոցով նախազգուշացնելու մոտեցող թշնամու բանակի մասին: Այս բացատրությունը ճիշտ չենք համարում: Մոտեցող թշնամական բանակի մասին կարելի էր իմանալ հեշտ և պարզ ձևով՝ ժամապահներ կարգելու միջոցով: Իսկ ո՞րն է սյան կառուցման իրական պատմությունը, ինչո՞ւ և ինչպե՞ս է այն կառուցվել:



Մենք մանրանասն չենք անդրադառնա այն հարցին, թե երբ է սյունը կառուցվել: Միայն նշենք, որ, մեր կարծիքով, այն կառուցվել է շատ ավելի վաղ, քան նշում են հայկական պատմագրության մեջ (904-906թթ): Հնարավոր է, որ 904-906թթ-ին, Տաթևի վանական համալիրի գլխավոր եկեղեցու կառուցման ժամանակ, այն վերականգնվել կամ նորոգվել է: Սյան մասին մեզ հետաքրքրող հարցի էությունը ճիշտ ընկալելու համար նախ անդրադառնանք Տաթևի պատմությանը: Ըստ պատմական տեղեկությունների՝ Տաթևի վանական համալիրի հիմնադրումը թվագրվում է 4-րդ դարով: Սա Հայաստանում քրիստոնեությունը որպես «պետական կրոն» ընդունելու (301թ) ժամանակաշրջանն էր: Քրիստոնեությունը ներդրվում էր «հեթանոսական» կոչվող համակարգի ոչնչացմամբ, սակայն վերջինիս հիմքերի վրա՝ ուղիղ և հարաբերական իմաստներով:



Քրիստոնեական եկեղեցիները կառուցվում էին ավերված հեթանոսական տաճարների տեղում, դրանց հիմքերի վրա: Անհրաժեշտ է նշել, որ նախկինում տաճարները պատահական տեղերում չէին կառուցվում, այլ կառուցվում էին որոշակի սխեմայով, որոշակի տեղերում, որոշակի ձևով ու տեսքով: Նշենք նաև, որ Տաթևի վանական համալիրին հարող տարածքում է գտնվում Քարահունջի աստղագիտական համալիրը, որը, մեր համոզմամբ, աշխարհի հնագույն աստղադիտարանն է, սակայն որի ուսումնասիրման ուղղությամբ, ցավոք, շատ քիչ բան է արվել՝ չհաշված Պարիս Հերունու կողմից կատարված մասնակի ուսումնասիրությունը (Պարիս Հերունի, «Հայերը և հնագույն Հայաստանը», Երևան, 2004թ): Իսկ ինչո՞ւ է համալիրը կոչվում Տաթև և ինչո՞ւ է կառուցվել հենց այս տեղում: Տաթև բառն ունի «սա է թևը», «սա է ձեռքը», այլ տարբերակով՝ «սա է մատը» (տիամաթ), «սա է ցույց տվողը», «ուղեցույց» իմաստը։



Այն հանգամանքը, որ վաղ քրիստորեական եկեղեցիները կառուցվել են հեթանոսական տաճարների տեղում, հիմք է տալիս պնդելու, որ Տաթևի ներկա համալիրի տեղում նույնպես հեթանոսական տաճար(ներ) են եղել, և որ Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց առաջ, ինչպես նաև դրանից հետո, այս տարածքում մշակույթի խոշոր կենտրոն է եղել: Նման կենտրոններում կատարվում էին կրոնական, գիտական, փիլիսոփայական, աստղագիտական ուսումնասիրություններ և թարգմանություններ, գրվում էին գրքեր (մատյաններ): Այլ կերպ ասած՝ Տաթևը եղել է ժամանակի խոշոր գիտական (իմաստասիրական) կենտրոններից մեկը և, հին աշխարհի համանման կենտրոնների օրինակով, ունեցել է ժամանակի չափման իր կառույցները՝ Քարահունջի աստղադիտարանը և Տաթևի սյուն-Գավազանը: Հայ գիտական մտքի համակարգում երկար ժամանակ Տաթևը (Սյունիքը) ունեցել է նույն դերը, ինչ Քաղդեան՝ Բաբելոնի կամ Ալեքսանդրիան՝ Եգիպտոսի համար: Իմիջիայլոց, Սյունիք (Սյունյաց աշխարհ) անվանման հիմքում սյուն (սուն) բառն է, որը նշանակում է հիմք, առանցք: Հայկական դիցաբանության մեջ «Սասնա Ծռեր» անվանման հիմքում նույնպես սյուն (սուն) գաղափարն է:



Սյունը, Քարահունջի աստղադիտարանի հետ միասին, նախատեսված է եղել ժամանակի ընթացքին հետևելու համար՝ հանդիսացել է ժամանակացույց, իսկ ժամանակը որոշվում էր աստղային երկնքի դիտարկման միջոցով՝ զոդիակի նկատմամբ Արեգակի և արեգակնային համակարգի մոլորակների տեղաշարժի դիտարկման միջոցով՝ այդ նպատակի համար կառուցված շինությունների՝ աստղադիտարանների օգնությամբ: Դիտարկումները կատարվել են տարբեր մեթոդներով, սակայն բոլորի հիմքում աստղային երկնքի նկատմամբ Արեգակի (Երկրի) ընթացքի դիտարկումն էր: Իսկ ի՞նչ ժամանակի մասին է խոսքը, ինչո՞ւ էր պետք զոդիակային ժամանակի իմացությունը, այն էլ՝ այնպիսի մեծ ճշտությամբ, ինչպիսին ապահովում էր սյուն-Գավազան + Քարահունջի աստղադիտարան համակարգը:



Հարցի էությունը հետևյալն է: Արեգակնային համակարգը սպիրալաձև շարժումով
շարժվում է գալակտիկայի կազմում` Կույս կենդանակերպի տիրույթում: Այդ սպիրալի մեկ գալարով (շրջանով) պտույտը, որը մեր պատկերացմամբ Արեգակի (համակարգի) մեկ տարին է, տեղի է ունենում 25920 երկրային տարում, այսինքն արեգակնային 1 տարին հավասար է 25920 երկրային տարվա, իսկ 1 օրը` 72 երկրային տարվա: Պայմանավորված արեգակնային համակարգի ներքին օրենքներով և զոդիակի նկատմամբ ունեցած (գտնված) դիրքով՝ համակարգում որոշակի պարբերություններով տեղի են ունենում աղետներ: Իմանալով այդ պարբերությունների տևողությունը և արեգակնային համակարգի տեղը, դիրքը զոդիակում՝ կարելի է իմանալ առաջիկա աղետի ժամանակը և պատրաստվել դրան դիմակայելուն: Որքան ճշգրիտ է գործում համակարգը, այնքան ճշգրիտ կարելի է որոշել սպասվող աղետի ժամանակը:



Հնում շինությունները կառուցվում էին որոշակի տեղում, որոշակի գաղափարախոսությամբ: Այդ շինությունների տեսքն ու չափերն արտահայտում էին այն համակարգի գաղափարախոսությունը, որին պատկանում (որը պատկերում) էին: Նման կառույցները քարացած հանրագիտարաններ են, որոնց մեջ թաքնագրված է որոշակի ինֆորմացիա: Այսպես են կառուցվել եգիպտական տաճարները, բուրգերն ու Սֆինքսը, Բաբելոնն՝ իր աշտարակով, Պերսեպոլիսը, մայաների բուրգերը (աշտարակները), հնդիկների բուրգաձև տաճարները, Հռոմի Կոլիզեյը և այլն: Այդ համակարգով է կառուցվել նաև Տաթևի ճոճվող սյունը: Այն կառուցված է 8-ական (ութու-ութա) համակարգի գաղափարով: Սյունն ութանիստ է, ունի ութ մետր բարձրություն, տեղադրված է ութանիստ «թասի» մեջ: Կենտրոնում այն բաժանված է երկու մասի: Սյան ամբողջ բարձրությունը՝ վերևում դրված խաչքար-կողմնացույցի հետ միասին, կազմում է 9 մետր. խաչքարը ցույց է տալիս արևելքն ու արևմուտքը: Այս 9 մետր բարձրությունը նույնպես որոշակի իմաստ ունի՝ 8x9=72 (մեկ արեգակնային օր): Իր ամբողջության մեջ սյունն ունի տղամարդու առնանդամի (ֆալլոսի) տեսք, որը հնում պաշտամունքի առարկա է եղել և համարվել է կյանքի սկզբնաղբյուրի խորհրդանիշ:



Սյան տակի թասը ևս խորհրդանիշ է և դրա չափերը նույնպես որոշակի իմաստ ունեն: Թասը լցված է եղել ջրով, այսինքն (ջր)ավազան է եղել: Այստեղից էլ սյան երկրորդ անունը Գ.ավազան, որը նշանակում է երրորդ ավազան, երրորդ ջուր (հեղեղ), երրորդ սերունդ: Սյունը կառուցվել է արեգակնային շրջանի 8640 տարի պարբերության գաղափարով՝ այդ պարբերության ընթացքին հետևելու համար, որը վերջին մեծ (համաշխարհային) ջրհեղեղից մինչև հաջորդ մեծ աղետ ընկած ժամանակն է:



Սյունը չափում է գալակտիկայի ժամանակը մոտավորապես այնպես, ինչպես ժամացույցի սլաքն է ցույց տալիս թվատախտակի վրա շրջանաձև շարված թվերը: Այստեղ թվերին փոխարինում են աստղերը։ Իսկ ժամանակի ընթացքին, ինչպես նշել ենք, հետևում էին զոդիակի նկատմամբ Արեգակի և Լուսնի ընթացքով (տեղաշարժով): Ժամանակը չափում էին սյան ստվերի դիրքով, նրա երկարությամբ և թասի նկատմամբ տեղաշարժերով: Որպես ստուգիչ կետեր օգտագործվում էին գարնանային և աշնանային գիշերահավասարի և ամառային ու ձմեռային արևադարձի կետերը:



Երկիրը շարժվում է «ճոճվելով», ինչը բերում է դիտարկման միջոցի (աստղադիտարանի-աստղադիտակի) նույնաձև տատանման, ինչն էլ ազդում է դիտարկման ճշտության վրա: Իսկ ինչպե՞ս վերացնել ճոճի ազդեցությունը դիտարկման միջոցի՝ աստղադիտակի վրա: Այդ ազդեցությունը կարելի է վերացնել, եթե աստղադիտակը «կոշտ» չամրացվի Երկրին, այլ հնարավորություն տրվի նրան իր հիմքի նկատմամբ ազատ տատանվել և կոմպենսացնել Երկրի ճոճի ազդեցությունը: Ահա այս նպատակով էլ կառուցվել է Ճոճվող սյուն աստղադիտակ-աստղացույցը: Միանշանակ կարելի է ասել, որ Սյունիքի տարածքում ստեղծվել է աստղադիտական համալիր՝ Քարահունջը՝ իր ստատիկ աստղադիտարանով, և Տաթևը՝ իր դինամիկ (ճոճվող) աստղադիտակով: Սյան՝ որպես գործիքի, աշխատանքի սկզբունքը կարելի է համեմատել ժամանակակից տանկի փողի աշխատանքի սկզբունքի հետ. երբ տանկը, ընթանալով անհարթ տեղանքով, ճոճվում է այս ու այն կողմ, տանկի փողը միշտ ուղղված է մնում նշանառության ուղղությամբ. նշանառության դիրքը չի խախտվում՝ շնորհիվ գիրոսկոպ կոչվող սարքի, որի վրա տեղակայված է տանկի փողը: Տաթևի սյունը ևս ճոճի ժամանակ միշտ ուղղված է մնում երկնային սֆերայի այն շրջագծի ուղղությամբ, որն ընտրված է որպես դիտարկման տիրույթ: Դա գալակտիկայի սիմետրիայի հարթության շրջագիծն է, դա Ծիր Կաթինն է: Այդ տիրույթում է գտնվում նաև Օրիոն (Հայկ) համաստեղությունը:



Կարելի է հիանալ հայ ճարտարապետների հմտության վրա, ովքեր կարողացել են ոչ թե մոնոլիտ, այլ իրար վրա շարված առանձին քարերով կառուցել ճոճվող սյուն, որի նմանը չի եղել անգամ Բաբելոնում՝ հին աշխարհի աստղագիտության կենտրոնում: Պատմությանը հայտնի է միակտոր բյուրեղաքարից (կվարց) պատրաստված նման սյան գոյության մասին, որը գտնվել է Դամասկոսում և կոչվել է Դամասկոսյան սյուն: Այդ սյան վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն։ Սակայն այստեղ կարևորը ոչ միայն և ոչ այնքան ճոճվող սյան կառուցումն էր, այլ այն, որ 9-րդ դարի վերջին և 10-րդ դարի սկզբին (իրականում ավելի վաղ ժամանակներից) Հայաստանում գիտեին արեգակնային համակարգի մոլորակների ընթացքի մասին այնպիսի նրբություններ, որպիսիք «քաղաքակիրթ» աշխարհը միայն վերջերս է իմացել արհեստական արբանյակների միջոցով (օգնությամբ): Այս ամենը ցույց է տալիս, որ մեր նախնիների աշխարհճանաչողության մակարդակը շատ ավելի բարձր էր, քան մենք պատկերացնում ենք: Մենք այսօր ղեկավարվում ենք աշխարհճանաչողության մտացածին, վերացական, վիրտուալ համակարգով, որը բացարձակապես չի համապատասխանում իրական աշխարհին, որին ծանոթ էին և որի օրենքներով ղեկավարվում էին մեր նախնիները: Սա կարող է անհավանական թվալ, բայց իրականություն է… Մասնավորապես, Անանիա Շիրակացին դեռ 7-րդ դարում տիեզերքի մասին գրած իր աշխատության մեջ նշում է Ուրան (Շիրակացին սրան անվանում է Ժամադետ կամ Ժամադիտակ) և Նեպտուն (Շիրակացին սրան անվանում է Մազովր կամ Մազաբովթ) մոլորակների գոյության մասին, որոնց մասին «քաղաքակիրթ» աշխարհն իմացավ միայն 1200 տարի անց։



Ինքնին հարց է առաջանում՝ աշխարհճանաչողության ի՞նչ համակարգ ունեին մեր նախնիները, որ տեղյակ էին արեգակնային համակարգի կառուցվածքին և ժամանակը չափում էին գալակտիկական (Ծիր կաթին) ժամանակով: Սա չափազանց հետաքրքիր թեմա է և ո՛չ միայն հայերիս համար: Իսկ ի՞նչ դիրքում է լինելու սյունը օգոստոսի 11-ին, արդյոք այն ուղղված է լինելու դեպի Օրիո՞ն, ինչպես ենթադրում են: Հավանաբար՝ ոչ: Նախ, սյունն այժմ չի ճոճվում: Նորոգման անվան տակ միտումնավոր վերացրել են նրա ճոճվելու հատկությունը: Բացի այդ՝ մենք այսօր ղեկավարվում ենք օրացուցային ժամանակով, որը կտրված է տիեզերական (երկնային) ժամանակից, իսկ Սյունիքի համակարգը (Քարահունջ, Տաթևի սյուն) չափում էր աստղային ժամանակը:



Մերուժան Եդիգարյան