Էկվադորը, Լենինը, «ընտրական դիկտատուրան»… եւ Հայաստանը

Էկվադորը, Լենինը, «ընտրական դիկտատուրան»… եւ Հայաստանը

Սկիզբը՝ հետևյալ հղումով



Քանի որ թե Միգելին, թե Էկվադորն ինչ-որ չափով ներկայացրեցի, այժմ՝ Էկվադորի ապրիլի 2-ի նախագահական ընտրության եւ ընտրական դիկտատուրայի մասին իմ հարցերը, որոնց Միգելը պատասխանել էր դեռ ընտրություններից առաջ:



- Էկվադորում կառավարման համակարգը նախագահակա՞ն է, թե՞ խորհրդարանական: Որո՞նք են հիմնական կուսակցությունները, եւ ովքե՞ր են գլխավոր քաղաքական գործիչները:



- Պատմականորեն Էկվադորն ունեցել է նախագահական կառավարման համակարգ: Ներկա սահմանադրությունը, որ ընդունվել է 2008-ին, հաստատել է հիպեր-նախագահական համակարգ, որտեղ գործադիր իշխանությունը մեծ ազդեցություն ունի իշխանության մյուս ճյուղերի վրա եւ նշանակում է վերահսկողական մարմինների ղեկավարներին, դիցուք՝ երկրի գլխավոր դատախազին կամ գլխավոր աուդիտորին: Այս սահմանադրությունն ստեղծվել է ներկայիս նախագահ Ռաֆայել Կորեայի ցուցմունքով, որպեսզի ինքն Էկվադորը ղեկավարի առանց ինստիտուցիոնալ վերահսկողության:
Ներկայիս առաջատար կուսակցությունները Alianza Pais-ն է (նախագահ Կորեայի կուսակցությունը) եւ CREO/SUMA դաշինքը, որին պատկանում է ընդդիմադիր նախագահական թեկնածու Գիլերմո Լասոն: Երրորդ ազդեցիկ ուժը Սոցիալ-քրիստոնեական կուսակցությունն է, որն աջակողմյան ավանդական կուսակցություն է: Այս պահին երկրում ամենաազդեցիկ քաղաքական գործիչներն են Ռաֆայել Կորեան (գործող նախագահն է), Լենին Մորենոն (նախագահի իշխանական թեկնածուն է) եւ Խորխե Գլասը, որն Էկվադորի փոխնախագահն է, Alianza Pais-ից:
Ընդդիմության գլխավոր գործիչներն են Գիլերմո Լասոն եւ փոխնախագահի իր թեկնածուն` Անդես Պաեսը:



- Էկվադորի համապետական ընտրություններին հիմնականում ի՞նչ խախտումներ եւ ընտրակեղծիքներ են կատարվում: Իշխանությունները հետաքննո՞ւմ են այդ խախտումները, թե՞ լռության են մատնում:



- Կարող եմ ասել, որ հիմնական ընտրախախտումը կառավարության կողմից հօգուտ իշխանության թեկնածուի տարվող քարոզչության հանդեպ վերահսկողության բացակայությունն է: Մինչդեռ ընդդիմադիր կուսակցություններին Ազգային ընտրական խորհուրդը հսկում է ամբողջ ժամանակ: Իշխանական թեկնածու Լենին Մորենոն իր ընտրարշավը մղում է պետության տնտեսական եւ վարչական աջակցությամբ: Կառավարությունը 4 համապետական հեուստաալիքների սեփականատերն է եւ եւս երկուսի գործընկերը (ընդհանուր առմամբ, 8 համապետական հեռուստաալիք ունենք): Նրանք լրատվադաշտի իրենց ռեսուրսներն ու կարողությունը գործի են դնում ամեն օր՝ Գիլերմո Լասոյի դեմ քարոզչական հարձակումներ կատարելու եւ կեղծ լուրեր տարածելու համար, որպեսզի վերջինս ընտրությանը ձայներ կորցնի:



Օրինակ՝ գործ էին հարուցել այն օրաթերթի դեմ, որին ես եմ աշխատակցում, որովհետեւ մենք հրաժարվել էինք Լասոյի դեմ կեղծ տեղեկություններ տպագրելուց: Իշխանությունը, առանց մի ապացույցի, Լասոյին մեղադրում է օֆշորներում միլիոնավոր դոլարների կարողություն ունենալու մեջ: Իսկ պատկան մարմիններն այդ կարգի ընտրախախտումները չեն հետաքննում, քանի որ հավատարիմ են նախագահ Ռաֆայել Կորեային ու նրա կուսակցությանը:



- Էկվադորի ընտրողների մոտ ի՞նչ խոստումներ են առավել պահանջարկված: Քաղաքական գործիչները հիմնականում ի՞նչ են խոստանում ապրիլի 2-ի ընտրությանն ընդառաջ:



- Էկվադորը տնտեսական ճգնաժամի մեջ է: Մարդիկ պահանջում են աշխատանք: Քաղաքական գործիչներն էլ նրանց խոստանում են աշխատանք: Հետաքրքիրն այն է, որ Ռաֆայել Կորեայի վարչակազմն ունեցավ Էկվադորի պատմության մեջ ամենամեծ հասույթները նավթամթերքի իրացումից: Բայց նրանք այդ միջոցները վատնեցին ամբոխավարական ծրագրերի վրա, որոնց երկրում պիտակավորել են «սպիտակ փղեր» մականունով, քանի որ իրականում դրանց կարիքը երկրում չկա: Դիցուք, իշխանությունը միլիոնավոր դոլարներ վատնեց Yachav համալսարանի կառուցման վրա, որը կատարելապես ձախողված ծրագիր էր, փոխարեն բարենորոգելու պետական համալսարանները, որոնք մեզ մոտ աղետալի վիճակում են:



Հիմա Էկվադորն ահռելի պարտքեր ունի, հատկապես Չինաստանին, որովհետեւ, երբ նավթի գները համաշխարհային շուկայում նվազեցին, իշխանությունն սկսեց վարկեր խնդրել իր ամբոխավարական ծրագրերի եւ անպետք բյուրոկրատիային պահելու համար, քանի որ պետական բյուրոկրատիայում իր կուսակցության աջակիցներն են: Ըստ իս, Alianza Pais-ը վերջին 10 տարում ցույց տվեց, որ իրենք ի զորու չեն պետություն ղեկավարելու: Հիմա Լենին Մորենոն խոստանում է 40 նոր համալսարան կառուցել, բնակարանով ապահովել բոլոր աղքատներին եւ նվազագույն սպառողական զամբյուղը 50 դոլարից հասցնել 150-ի: Բայց թե այդ ամենն իրականացնելու համար գումար որտեղից է վերցնելու, մնում է հարցական:



- Ովքե՞ր են ապրիլի 2-ի նախագահական ընտրության հիմնական մրցակիցները, եւ նրանցից ո՞ւմ հաղթանակն ինչ կարող է բերել կամ նշանակել երկրի համար:



- Մրցակիցները Լենին Մորենոն է` իշխանական Alinaza Pais կուսակցությունից, եւ բանկիր Գիլերմո Լասոն` ընդդիմադիր CREO/SUMA դաշինքից: Ապրիլի 2-ին ընտրությունների երկրորդ փուլն էր: Մորենոն եւ Լասոն եզրափակիչ հասած մրցակիցներն էին:
Նախագահ Կորեայի վարչակազմը 10 տարում հիմքեր ապահովեց ժամանակակից դիկտատուրայի հաստատման համար, որտեղ պետության ողջ հզորությունը պատկանում է իրեն եւ իր կուսակցությանը: Նա ամբոխավար առաջնորդ է, նրա իշխանությունը վերարտադրվում է ընտրական քվեներով: Այժմ էլ, քանի որ ինքը որոշել է հեռանալ, իր ժառանգորդ եւ նախագահի թեկնածու առաջադրեց նախկին փոխնախագահ Լենին Մորենոյին:



Բայց իրականում սա ընտրություն չէ անձերի` Մորենոյի եւ Լասոյի միջեւ, այլ ընտրություն է ժամանակակից ընտրական դիկտատուրայի, որն Էկովադորը հասցրել է սնանկության եւ կոռուպցիոն սկանդալների եւ անկատար ժողովրդավարության միջեւ, որն ամեն դեպքում գոնե ժողովրդավարություն է:



- Որքանո՞վ են հարեւան երկրները հետեւում Էկվադորի այս նախագահական ընտրությանը եւ ինչ հիմնական ակնկալություն ունեն:



- Էկվադորի այս նախագահական ընտրությունը ռեգիոնի համար նշանակություն ունի նախ Վենեսուելայի իրադրության պատճառով: Նախագահ Ռաֆայել Կորեան եղել է Ուգո Չավեսի եւ Նիկոլաս Մադուրոյի հավատարիմ դաշնակիցը: Էկվադորը հրաժարվեց հավանություն տալ Վենեսուելայում Ամերիկյան երկրների կազմակերպության (OAS) ինտերվենցիային եւ հրաժարվեց դատապարտել Մադուրոյի՝ ժողովրդավարությունը վտանգող քայլերը: Հարավային Ամերիկայում հաստատվում են լիբերալ կառավարություններ: Էկվադորը, Վենեսուելան, Նիկարագուան եւ Բոլիվիան «21-րդ դարի սոցիալիզմի» վերջին ներկայացուցիչներն են, մի ձախողված կառավարման մոդել, որը երկրները հասցնում է աղքատության, ինչպես նավթային ահռելի պաշարներ ունեցող Վենեսուելան:



Հետգրություն



Ինչպես գիտենք, Վենեսուելան այժմ ցնցվում է բողոքի ցույցերից: Այլեւս ելք չտեսնելով աղքատությունից եւ ընտրական դիկտատուրաներից՝ մարդիկ դուրս են եկել փողոց: Ես չեմ կարծում, թե Հայաստանին նման ապագա է սպասվում, բայց կասկած չունեմ, որ վարչակազմի կողմից պետական ռեսուրսների չարաշահմամբ եւ ընտրական քվեով վերարտադրվելու մեխանիզմը, որ կոչվում է «ընտրական դիկտատուրա» եւ անկման է հասցրել նավթապաշարներով հարուստ լատինամերիկյան երկրներին, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի տկար մտքով եւ կոտրած ձեռքով արմատավորվելով Հայաստանում, հազիվ թե Հայաստանը անկումից բացի ուրիշ մի հանգրվանի կառաջնորդի:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ