«Արմմոնո» մոնոներկայացումների կողքին կլինեն նաեւ մոնոպար, մոնոօպերա

«Արմմոնո» մոնոներկայացումների կողքին կլինեն նաեւ մոնոպար, մոնոօպերա

Ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 3-ը Երեւանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 15-րդ փառատոնը, որի շրջանակներում կցուցադրվի 28 ներկայացում: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Հայաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, Ավստրիան, Մոլդովան, Ուկրաինան, Լեհաստանը, Ռուսաստանը, Վրաստանը։ Փառատոնի ծրագրում ներառված են տարբեր մոնոժանրեր` մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա, մոնոդոկ (վավերագրական ներկայացում)։ Դերասանուհի Նարինե Գրիգորյանի՝ մոնոդոկ ժանրի մեջ արված «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումով էլ կբացվի «Արմմոնո-2017» փառատոնը։



Ինչպես նշեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, բացի հիմնական ծրագրից, որը ներառում է հայ եւ արտերկրյա մոնոներկայացումները, կանցկացվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», «Արմմոնո-Օպերա» ծրագրերը, ինչպես նաեւ հատուկ ծրագիր՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին: Մխիթարյանը նշեց, որ փառատոնի ծրագիրը շատ խիտ է, երբեմն մի քանի թատրոնների բեմում միաժամանակ ընթանալու են տարբեր ներկայացումներ. «Փառատոնի համար մեր տեղական ներկայացումներն ամենակարեւորներից են, որովհետեւ այս փառատոնը նախեւառաջ մեր երկրի հանդիսատեսի համար է»։



Փառատոնի տնօրենն առանձնացրեց մի քանի հնչեղ ներկայացումներ, որոնց թվում են «Մարիա» փառատոնի տնօրեն Լարիսա Կադիրովայի «Լաց մի´ եղեք իմ ետեւից երբեք», Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի առաջատար դերասան Բեսո Զանգուրիի «Պսիխոզ 4.48» (բեմադրությունը՝ աշխարհահռչակ վրաց բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի), Ռոման Վիկտյուկի թատրոնի առաջատար դերասան Դմիտրի Բոզինի «Արքա-աղջիկը» մոնոներկայացումները: Բոլոր ներկայացումների համար էլ մուտքն ազատ է։



Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են մոնոփառատոնի տնօրեններ Մարիա Տանանան (Լիտվա), Ալեքսանդր Կնիգան (Ուկրաինա), Մարիա Յուրեւան (ՌԴ) եւ Պատի Դոմենեխը (Իսպանիա), թատերագետներ Արմինե Հովհաննիսյանը (Ռուսաստան), Ելենա Լիոպոն (Բելառուս) եւ Ալլա Պոդլուժնայան (Ուկրաինա): Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաեւ վարպետության դասեր` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին:



Ինչ վերաբերում է քննարկումների ձեւաչափին, փառատոնի տնօրենը նկատեց, որ կյանքը ցույց է տվել, որ մեզ մոտ քննարկումները դառնում են կամ կենացային, կամ ճիշտ հակառակը։ Ըստ նրա, ամենաճիշտն անմիջական շփման տարբերակն է։



Դերասանուհի Նարինե Գրիգորյանն էլ, անդրադառնալով իր ներկայացմանը, նշեց, որ ներկայացման թեման իրեն հուշել է Մարիաննա Մխիթարյանը. «Որովհետեւ, երբ սկսեցի պրպտել իմ հուշերը, անցյալը, հասկացա, որ այդ մասին այսօր պետք է խոսել։ Այդտեղ իմ պատերազմական մանկությունն է, ամեն ինչ զուգահեռ է եղել, մանկությունը, Ղարաբաղյան պատերազմը, երբ պապային գերի են տարել, եղել է մի պահ, որ ընտանիքն ընտրության առաջ է եղել, միայն մի հոգի պետք է փրկվեր ընտանիքից։ Բայց այդ ամենը՝ միայն մանկական աչքերով, որը շատ անմեղ է ու յուրովի է ընկալում։ Իսկ այս ամենը բերում է նրան, որ հասկանում ես՝ այդպես է սկսվում սերը հայրենիքի հանդեպ։ Այստեղ կերպար չկա, Նարինեն է՝ ես ինձ եմ խաղում, այդ առումով ինձ կարծես անմաշկ եմ զգում, եւ կա այդ անհանգստությունը՝ հանդիսատեսի առաջ այդքան բաց լինելու, բայց դրա մեջ էլ մի մեծ հաճույք կա»։



Դերասանուհին ընդգծում է՝ մոնոներկայացման ժամանակ հայտնվում ես միկրոսկոպի տակ, որտեղ մարդկային կյանքը դետալ առ դետալ դիտվում է. «Եթե դերասանը կարողանում է մոնոներկայացում խաղալ, ուրեմն հաստատ կկարողանա նաեւ մեծաքանակ ներկայացումները հաղթահարել»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ