Ազնիվ, լուսավոր ու բարի

Ազնիվ, լուսավոր ու բարի

Ոչ «Արմմոնո» թատերական փառատոնով եմ հիացած եղել, ոչ էլ մոնոներկայացումներն եմ համարել մշակութային մեծ գտածո։ Բայց այն, ինչին ականատես եղա Տիկնիկային թատրոնում՝ «Արմմոնոյի» բացմանը, կտրուկ փոխեց կարծիքս եւ փառատոնի, եւ դրա մասնակիցների, եւ ընդհանրապես մոնոներկայացում կոչվող երեւույթի նկատմամբ։ «Մեղավորը», այսպես ասած, երիտասարդ դերասանուհի, Համազգային թատրոնի աշխատակից Նարինե Գրիգորյանն էր։ Նրա «Մանկության պատմությունը», որով մեկնարկեց այս տարվա «Արմմոնո» փառատոնը, մի ստերեոտիպ էլ կոտրեց իմ մեջ։ Այն, որ Ղարաբաղի, պատերազմի, հայրենիքի ու հայրենասիրության թեմայով արվեստի լավ գործ ստեղծել հնարավոր չէ։ Դրանք կամ վերամբարձ ու կեղծ են լինում, կամ՝ մռայլ ու հուսահատեցնող, կամ՝ անարվեստ ու անտաղանդ։ Նարինե Գրիգորյանին հաջողվել էր գրել ու բեմականացնել մի գործ՝ «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» վերնագրով, որն անկեղծ էր, լուսավոր, գեղեցիկ, բարի։ 50 րոպե հանդիսատեսը շունչը պահած հետեւում էր երիտասարդ կնոջը, որը բեմի վրա պատմում էր իր մանկության պատմությունը՝ Ղարաբաղի ու հայրենիքի մասին իր հուշերը, իր տխրությունը, իր սերն ու երազներն էր փոխանցում հանդիսատեսին։ Առանց թանկ ու ծավալային դեկորների, առանց տեխնիկական ժամանակակից միջոցների, միակ միջամտությունը հոր հայտնվելն էր էկրանին․ վավերագրական ֆիլմում նա պատմում էր իր գերության եւ փրկվելու մասին։ Անգամ այն հատվածները, որտեղ նա պատմում է Շուշիի բերդի ու իրենց տառապանքների մասին, չարությամբ չի համակում հանդիսատեսին՝ ադրբեջանցի բժշկի կերպարը, որը փրկում է Նարինեի հորը, թույլ չի տալիս, որ դու մինչեւ վերջ ատես ու չարանաս այդ ազգի նկատմամբ։ Եթե անգամ հազարից մեկն է այդպիսին, ուրեմն այրված չեն բարիդրացիության կամուրջները։



Պատերազմ, ռմբակոծություններ, վախ, ընտանիքի հոր ձերբակալություն, երեխաներից գոնե մեկին Ղարաբաղից հանելու փորձեր ու 12-ամյա աջկա երազներ, որի աչքերով դու վերադառնում ես այն հեռավոր 1992-ն ու հասկանում, որ ամենակարեւորն այդ աղջնակների ու տղաների ապրումներն են, հույսերն ու հավատը, որ էլ երբեք ոչ իրենք, ոչ իրենց զավակները պատերազմի վախերը չեն վերապրելու։ Դահլիճը հուզված էր, լույսերը վառվելուց հետո արտասուքները սրբող մարդկանց թաց աչքերը վկայում էին, որ Նարինե Գրիգորյանը բախել է ներկաների սրտերը, հասել հոգու խորը ծալքերին, ստիպել, որ մտածեն ու տխրեն իր հետ միասին, սիրեն Արցախ աշխարհն ու այն համարեն Հայաստանի անբաժան կտորը։ Այսինքն՝ արել է այն, ինչ կարող է ու պետք է անի արվեստի իրական գործը։



Արմինե ՕՀԱՆՅԱՆ