Երեք քառորդի հարցը լուծվեց

Երեք քառորդի հարցը լուծվեց

Նախօրեին մեր պաշտոնյաներից մեկը հարցազրույցում խուսափել էր պատասխանել՝ գնալո՞ւ է խորհրդարան, թե՞ մնալու է գործադիրում։ Պարզ է, որ ցուցակների հրապարակման նախորդ օրն անգամ մարդը տեղյակ չէ, թե ինչ է սպասվում իրեն։ Նախարարներից մեկն էլ մտերիմներին խոստովանել էր, որ տեղյակ չէ, թե իր հետ կապված ինչ որոշում է կայացրել քաղաքական ղեկավարությունը։ Իսկ ԱԺ-ում բարձր պաշտոնի հավակնություն ունեցողներից մեկը մեր լրագրողին խնդրել էր չզանգել, չանհանգստացնել իրեն՝ հիմա լռելու ժամանակն է․ մի բան կասեմ՝ գործս կփչացնեմ, բացատրել էր նա։ Մեկ ուրիշը պարբերաբար զանգում էր խմբագրություն եւ հարցնում․ չիմացա՞ք՝ ես պատգամավոր դառնո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Պատգամավոր դառնալու «շեմը» հաղթահարածներն ընտրություններից հետո շուրջ մեկ ամիս անհետացել էին լրագրողներից։ Նրանք ոչ միայն հրապարակային ելույթներից էին խուսափում, այլեւ վախենում էին «խորը շնչել», որ հանկարծահաս երջանկությունը՝ մանդատի տեսքով, հօդս չցնդի։ Իսկ ցուցակների հրապարակումից հետո սկսվեց ամենաինտրիգային պահը։ Իշխանական կուլիսներից տեղեկություններ են հասնում, որ «Ծառուկյան դաշինքի» ինքնաբացարկի դիմումներից հրաժարվելու պրոցեսն առանց միջամտության չի եղել։ Կամ կառավարվել է ՀՀԿ ուղեղային կենտրոնից, կամ հրաժարվողները «դաբրո» են ստացել այնտեղից, որ համարձակվեն դուրս գալ Ծառուկյանի դեմ։ Իսկ ՀՀԿ-ին հենց այսպիսի առիթ էր պետք, որ իր 58 մանդատը համալրի եւս 8-10 մանդատով եւ այլեւս որեւէ խնդիր չունենա երեք քառորդով քվեարկությունների ժամանակ։ Հիմա էլ առանձնապես խնդիր չուներ, բայց Ծառուկյան «մնացորդացի» մասնակցության պարագայում կարող են չլարվել, եթե որոշ կոճակ սեղմողներ սաունաներից ու վետերոկներից չկարողանան կտրվել եւ ուշանան քվեարկությունից։