2017 թվականին ակնկալվում է էլեկտրաէներգիայի արտահանման 20-25 տոկոսի աճ. Վարչապետն այցելել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

2017 թվականին ակնկալվում է էլեկտրաէներգիայի արտահանման 20-25 տոկոսի աճ. Վարչապետն այցելել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, քննարկել Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը, էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Վարչապետը կարևորել է էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, տարածաշրջանային համագործակցության զարգացումը, էներգառեսուրսների արտահանման ծավալների ավելացումը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս ուղղություններով ակնկալում է ագրեսիվ ռազմավարություն, քանի որ Հայաստանն ունի այդ ներուժը: Վարչապետը կարևորել է նաև հանքարդյունաբերության ոլորտում լինցենզիաների տրմադրման կանոնակարգումը:



ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նախ զեկուցել է վարչապետի տված հանձնարարականների կատարման ընթացքը և նշել, որ արդեն իսկ գույքագրվել է չգազիֆիկացված համայնքների ցանկը. ՀՀ-ում կա նման 329 համայնք՝ 150 հազար բնակչությամբ, որը կազմում է երկրի բնակչության մոտ հինգ տոկոսը: Նախարարությունը նախատեսում է մինչև ընթացիկ տարվա հուլիսի մեկը յուրաքանչյուր համայնքի հետ կապված ներկայացնել կոնկրետ առաջարկություններ. գործընկեր կառույցների հետ քննարկվում է համայնքների մի մասը գազիֆիկացնելու հնարավորությունը, իսկ գերակշիռ մասի համար դիտարկվում են այլընտրանքային լուծումներ: Անդրադառնալով ընդերքօգտագործման ոլորտում տրամադրված լիցենզիաների գույքագրման վերաբերյալ վարչապետի հանձնարարականի կատարմանը՝ Մանուկյանը նշել է, որ տրամադրված լինցենզիաների թիվը կազմում է 463, դրանցից 196-ի դեպքում արտադրական աշխատանքներ չեն կատարվում, 51-ի ժամկետները լրացել են, 28 մետաղական հանքերից գործում են ընդամենը 8-ը: Նախարարն ընդգծել է, որ նշված խնդրի և ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ ևս կառավարությանը կներկայացվեն հստակ առաջարկություններ:
Խոսելով Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և մասնակի արդիականացման ծրագրի մասին՝ Աշոտ Մանուկյանն ասել է, որ աշխատանքների 2/3-րդը մոտենում են ավարտին: Նախատեսված 205 մլն դոլարի փոխարեն ծախսվել է 136 մլն դոլար, խնայողությունը կազմել է 34 տոկոս: Մայիսի 10-ից ատոմակայանի գործունեությունը կկանգնեցվի 60 օրով՝ ծրագրերը շարունակելու նպատակով:
Վարչապետ Կարապետյանը խոսելով չգազիֆիկացված համայնքների մասին՝ նշել է. «Կարծում եմ, որ շատ ճիշտ ուղղություն եք ընտրել, դրանով կբարելավենք բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանները, կնպաստենք համայնքների զարգացմանը»:Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիաներ ստացած, սակայն գործունեություն չիրականացնող ընկերությունների խնդրին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Մի բան ակնհայտ է, ներդրողներին ցավեցնելու, նրանց համար խոչընդոտ ստեղծելու որևէ ցանկություն չունենք, դա կլինի ծայրահեղ քայլը, երբ հասկանանք, որ այլևս որևէ հնարավորություն չկա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է լիցենզիաները տրամադրելիս հստակ ձևակերպել կանոնները և առաջադրել կոնկրետ պայմաններ:
Այնուհետև անդրադարձ է կատարվել տնտեսապես կենսունակ վերականգնվող էներգետիկայի ներուժի իրացմանը՝ փոքր հէկ-երի, արևային, քամու էներգետիկայի, էներգաարդյունավետության խթանման և այդ ռեսուրսների իրացման հնարավորություններին:
Վարչապետն անդրադառնալով էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը՝ հանձնարարել է այն վերջնական տեսքի բերելիս հաշվի առնել էներգետիկայի դիվերսիֆիկացման, այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունները, այլ էներգառեսուրսներից կախվածության մակարդակը, տարածաշրջանային ծրագրերը, սակագների կանխատեսելիությունը և նշել, որ այդ ամենը կարևոր է ներդրումների ներգրավման առումով: Կարեն Կարապետյանը կարևորել է էներգետիկ ռեսուրսների ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, այդ ուղղությամբ հարևան երկրների հետ ինտենսիվ աշխատանքների իրականացումը:
Զեկուցվել է, որ ընթացիկ տարում ակնկալվում է էլեկտրաէներգիայի արտահանման 20-25 տոկոսի աճ: Աշխատանքներ են տարվում արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Նշվել է նաև, որ նախորդ տարի ստեղծված «էներգաիմպեքս» ընկերությունն արդեն իսկ պայմանագրեր է ստորագրել Վրաստանի հետ ու այս տարվա փետրվարի 15-ից սկսել փոխհոսքերի իրականացումը: Ըստ պատասխանատուների, ներկայում Վրաստանի հետ առկա էլեկտրահաղորդման գծի հնարավորություններն ամբողջովին օգտագործվում են: Աշխատանքներ են տարվում առաջիկա տարիներին ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկա դուրս գալու ուղղությամբ: Առաջիկայում կառավարությանը կներկայացվի էներգետիկայի ոլորտի շուկայի ազատականացման ծրագիրը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ենթակառուցվածքների, ավանդական և երկրաջերմային էներգետիկայի արդիականացման ու զարգացման ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր: Նշվել է, որ երկրաջերմային էներգետիակայի հետ կապված մշակվում է 100 մլն դոլար արժողությամբ ներդրումային նոր ծրագիր. ներդրումային փաթեթը կառավարությանը կներկայացվի 2017 թվականի ընթացքում: Մինչև 2021 թվականը նախատեսվում է ավարտին հասցնել բարձրավոլտ ենթակայանների արդիականացման գործընթացը, ինչը կբերի էներգահամակարգի հուսալիության բարձրացմանը, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան 400 կվտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, որը կնպաստի Հայաստան-Ռուսաստան-Վրաստան-Իրան քառակողմ տարածաշրջանային զարգացմանը: Մինչ 2020 թվականը նախատեսվում է ավարտին հասցնել նաև Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները: Նույն տարում շահագործման կհանձնվի Երևանի 250 մեգավատ հզորությամբ նոր շոգեգազային ջերմային էներգաբլոկը, որը հնարավորություն կտա ապահովել Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի փոխշահավետ իրականացումը: