Թեպետ եւ եմք ածու փոքր…

Թեպետ եւ եմք ածու փոքր…

Ամեն ինչ գալիս է նրանից, որ մենք փոքր երկիր ենք՝ նվազ ռեսուրսներով ու սակավաթիվ բնակչությամբ, ասում է պատմաբան ընկերս ու ապացուցում, որ դրանում է մեր շատ դժբախտությունների իրական պատճառը։ Նախ, փոքր երկրում հեշտ է ամեն ինչ կառավարել ու վերահսկել, ինչը հաջողությամբ անում են երկրի նախագահներն ու հատուկ ծառայությունները։ Երկրորդը՝ մեզանում միշտ եղել է ու կլինի կադրային սով, եւ բոլոր համակարգերում կզգան մասնագետների պակաս։ Երրորդը՝ մեր փոքր երկրի համար մեծ ապարատ, տարբեր կառավարման մարմիններ, կառույցներ ու համակարգեր պահելը եւ դժվար է, եւ լուրջ բեռ է երկու միլիոնից մի քիչ ավելի ազգաբնակչության ու սուղ բյուջեի համար։ Փոքր երկրում փոքր է նաեւ սպառման շուկան, ինչն ինքնըստինքյան հանգեցնում է արտադրություն եւ բիզնես ծավալելու դժվարություններին։ Վերջապես, փոքր երկրում նաեւ հոգեբանական, բարոյական բազում խնդիրներ կան՝ ազատության պակաս, ստեղծագործական հեղձուկ, նոր մարդկանց հետ նոր հարաբերություններ հաստատելու դեֆիցիտ։ Մի խոսքով՝ բոլորը բոլորին ճանաչում են, փախչելու, թաքնվելու տեղ չկա, նոր կյանք սկսելու հնարավորություններ՝ եւս։ Մեր տիպի երկրներում արտագաղթը, թափառումները, շրջագայությունները փրկություն են, զարմանալի եզրահանգման է գալիս զրուցակիցս։ Միայն շրջելու, դրսում ապրելու-վերադառնալու ճանապարհով է հնարավոր փոխհատուցել այս փոքրության բերած վնասները, կարծում է նա։ Պետք չէ խանգարել երիտասարդ սերնդին, որ մեկնի, աշխարհ ճանաչի, նոր իրողություններ հայտնաբերի, նոր արժեքներ ձեռք բերի ու վերադառնա՝ փոխանցելով ու հարստացնելով մեզ՝ մնացողներիս։ Արտագաղթի դեմ ամենալուրջ փաստարկներս ջախջախելով, պնդում է ընկերս, որի ասածների մեջ նաեւ տրամաբանություն կա ու խորը իմաստ։