Առաջնագծում Մակրոնը, հետո` Բլեյերը, Թրամփը…

Առաջնագծում Մակրոնը, հետո` Բլեյերը, Թրամփը…

Եթե այս շաբաթ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բախում չսկսվի (իսկ այն դժվար սկսվի, քանի որ մայիսի 9-ին Հարավային Կորեայում նախագահի ընտրություն է), երկրագնդի վրա ոչինչ իր կարեւորությամբ չի կարող համեմատվել կիրակի` մայիսի 7-ին Ֆրանսիայում կայացող նախագահական ընտրության երկրորդ փուլի հետ: Որքան էլ Էմանուել Մակրոնի կողմնակիցները 60%-ից ավելի են, նրա հաղթանակը երաշխավորված է, կարեւոր է նաեւ Լը Պենի հնարավորինս ջախջախիչ պարտությունը:



Գուցե ճշմարտություն կա Մարի Լը Պենի այն պնդումներում, որ 39-ամյա Էմանուել Մակրոնը նախագահ Օլանդի թեկնածուն է, բայց ավելի էական է հանգամանքը, որ Օլանդի այդ թեկնածուի շուրջ Ֆրանսիայում միավորվել են ամենքը` թե աջ հանրապետականները, թե ձախ սոցիալիստները, թե կենտրոնամետները, թե քաղաքականությունից հեռու գտնվողները, եւ նրան սատարում է ողջ Եվրոպան: Ինչո՞ւ:



Որովհետեւ ոչ ոք չի ցանկանում, որ Brexit-ի կամ Թրամփի ընտրության խելահեղությունը որեւէ տեսքով շարունակվի Եվրոպայում:



Brexit, Թրամփ…



Ի վերջո, ԱՄՆ-ն այլ կիսագնդում է, իսկ Թրամփի արտաքին քաղաքականությունն այնքան խոցելի չէ, որքան սպասելի էր նրա Tweet-ներից եւ սնամեջ դատողություններից: Թրամփի հազվագյուտ դրական կողմերից մեկն այն է, որ արտաքին քաղաքական հարցերում որքան էլ նա ինքնուրույն լեզվին է տալիս, բայց քայլեր, մանավանդ՝ ռազմաքաղաքական քայլեր կատարում է իր գեներալների խորհրդով: Իսկ այդ անձինք, ինչպես գեներալ Մատիսը, Մըքմասթերը եւ այլք, ավելի քան լուրջ, փորձառու եւ պատասխանատու են:



Որքան էլ Թրամփն անցանկալի եւ անտանելի առաջնորդ է ԱՄՆ-ի համար, եւ զուր չէ, որ երգիծաբանները նրան օր ու արեւ չեն տալիս, բայց միջազգային հարթակում առայժմ ոչնչի չի վնասել: Նույնիսկ Սիրիային հասցրած հրթիռային հարվածներով, Աֆղանստանում ռումբի նետումով, միջուկային մարտագլխիկներով ավիակիրները Կորեական թերակղզուն մոտեցնելով՝ նա միջազգային հարաբերություններում գրեթե նոր մեկնարկ է սկզբնավորել` առանձնակի անհասկացողներին ցույց տալով իրենց տեղը։



Ժամանակը ցույց կտա, թե Թրամփի արտաքին քաղաքականությունն ինչ արդյունքներ կգրանցի, բայց նրա անձնական վարկանիշը Երկրորդ համաշխարհայինից ի վեր ԱՄՆ ղեկավարած բոլոր նախագահներից ամենացածրն է: Եվ ինչ-որ տեղ Թրամփի՝ կրկնություն թույլ չտալն է մոտիվացնում, որ Եվրոպայում Ավստրիայից մինչեւ Նիդեռլանդներ ու Ֆրանսիա, հասարակությունները միավորվեն ընդդեմ Թրամփի նմանակների:



Գալով Brexit-ին, դա օդում կախված թեմա է: Միայն հունիսի 8-ի ՄԹ խորհրդարանական ընտրություններից հետո կերեւա, թե այն ինչպես է կյանքի կոչվելու եւ արդյո՞ք կյանքի է կոչվելու ընդհանրապես: Եթե Թոնի Բլեյերը վերադառնում է ակտիվ քաղաքականություն, իսկ նա կարծես իսկապես վերադառնում է, ապա լեյբորիստներն ակնհայտորեն ջանալու են հունիսի 8-ի ընտրությունը վերածել Brexit-ի երկրորդ հանրաքվեի: Բլեյերն ասում է, որ ընտրություններում իր թեկնածությունը չի լինի, սակայն ինքը կջանա քաղաքական հոսանք գեներացնել ընդդեմ Brexit-ի եւ ԵՄ միասնական շուկայից դուրս գալուն:



Այժմ լեյբորիստների եւ Բլեյերի ջանքերով 1-2%-ի առավելությամբ Brexit-ի համար հաղթանակ ապահոված միջին Անգլիայի դեմ կարող են դուրս գալ ոչ միայն Լոնդոնը, Շոտլանդիան եւ Հյուսիսային Իռլանդիան, այլեւ բոլոր նրանք, ովքեր, Brexit-ի հաղթանակն անհնար համարելով, ուղղակի ընտրության չէին գնացել: Նրանց մոտիվացիան ակնհայտորեն լինելու է ՄԹ-ն Եվրամիությունում պահելը, ինչի դեպքում վարչապետ Մեյի համար դժվար կլինի հաղթել:



Այսքանով էլ այժմ Մեծ Բրիտանիայում ուշադրության կենտրոնում ոչ այնքան վարչապետ Թերեզա Մեյը կամ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբին են, որքան Էլիզաբեթ II թագուհու ամուսինը` արքայազն Ֆիլիպը, ով այս շաբաթ հայտարարեց աշնանից արքայական ընտանիքի անդամի իր պաշտոնական-հանրային պարտականությունները մասամբ վայր դնելու մասին: Դա նշանակում է, որ 96-ամյա արքայազն Ֆիլիպն ամբողջովին չի հեռանա հանրային տեսադաշտից, բայց միջոցառումներին կմասնակցի միայն իր ընտրությամբ եւ ցանկությամբ: Երկրորդ կենտրոնական անձը ՄԹ-ում Թոնի Բլեյերն է եւ այն, թե նախկին վարչապետը որքանով հզոր հոսանք կկարողանա գեներացնել ընդդեմ Brexit-ի:



Եվրոպայի ֆավորիտը



Սակայն վերջնահաշվում ոչ Թրամփի պաշտոնավարումը, ոչ էլ Brexit-ի կենսագործումն այնպիսի դրամատիկ հետեւանք չեն կարող ունենալ Եվրոպայի եւ աշխարհի համար, ինչ հակաեվրոպական որեւէ ուժի իշխանության գալը Ֆրանսիայում: Դա աղետալի հետեւանքներ կուրվագծի ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ Եվրամիության համար` վնասելով նաեւ Արեւմտյան Եվրոպային: Իսկ երկրագնդի վրա չկա ոչինչ, որ իր արժեքով եւ քաղաքակրթիչ ուժով մոտենա Արեւմտյան Եվրոպային:



Դրա համար էլ Ֆրանսիայի նախագահական ընտրությունը դարձել է ողջ աշխարհի ակնդետ ուշադրության առարկան, եւ Էմանուել Մակրոնը` քաղաքակիրթ աշխարհի ֆավորիտը: Ի դեպ, այդ դերը նրան սազում է: Չնայած երիտասարդ լինելուն` նա խելացի է, բանիմաց, հավասարակշռված, համակրելի եւ, շնորհիվ երիտասարդության, նաեւ ինքնավստահ է ու ավյունով լի: Գուցե, որպես վերջին արժանիք, նաեւ հագնվելու ճաշակ եւ կեցվածք ունի:



Սիրային արկածներով ու ամուսնությամբ էլ Մակրոնը նման է թվում քաղաքական Եվրոպայի լեգենդար գործիչներից մեկին` Բենջամին Դիզրայելիին: Նա Միացյալ Թագավորությունն իր ամենամեծ սահմաններին, ազդեցությանը եւ փառքին հասցրած վարչապետներից մեկն էր 19-րդ դարում:
Դիզրայելին էլ ամուսնացել է իրենից 10-15 տարի մեծ տիկնոջ հետ, բայց այն տարբերությամբ, որ նա առաջին հանդիպումից ապագա կնոջը նույնիսկ չի մտապահել:



Մի տարբերակով ասվում է, թե Դիզրայելին սովորություն է ունեցել կրկնելու, որ ինքը Մերի Աննի հետ ամուսնացել է հանուն հարստության (այրին հարստությունը ժառանգել էր հանքարդյունաբերության մագնատ առաջին ամուսնուց), բայց կարող էր նրա հետ նորից ամուսնանալ հանուն սիրո: Մեկ այլ վարկածով էլ, Դիզրայելին սովորություն է ունեցել կրկնելու. «Ես չգիտեմ, թե կյանքում ինչը սխալ կամ ճիշտ կանեմ, բայց երբեք սիրելով չեմ ամուսնանա»: Սիրելով, թե առանց սիրելու Դիզրայելին երջանիկ ընտանիք եւ կյանք է ունեցել: Անգամ բրիտանական գահին մատուցած իր ծառայությունների համար ազնվականական տիտղոսը Վիկտորիա թագուհուն խնդրել է շնորհել ոչ թե իրեն, այլ կնոջը: Այդպես էլ եղել է` կոմսուհու տիտղոսը շնորհվել է Մերի Աննին, եւ միայն նրա մահից հետո է Բեկոնսֆիլդի կոմսի տիտղոսն անցել Դիզրայելիին:



Էմանուել Մակրոնը, ընդհակառակը, հայտարարում է, որ ամուսնացել է աննահանջ սիրահարվածության ու սիրո արդյունքում: Եւ էականն այն է, որ Մակրոնը նույնպես երջանիկ է իր ընտանիքում եւ կյանքում: Մնում է միայն մաղթել, որ քաղաքականության մեջ էլ նույնքան մեծ գործեր կատարի եւ նույնքան հաջողակ լինի, որքան Դիզրայելին: Եվ ով գիտե, եթե պատմության անիվն այնպես պտտվի, որ առաջիկա տարիներին Թուրքիան էլ իրաք-սիրիայի վերածվի, եւ ինչպես 1878-ին Դիզրայելին Բեռլինի կոնգրեսում գծեց Օսմանյան կայսրության սահմանները, Մակրոնին էլ վիճակվի Թուրքիայի սահմանները գծելուն մասնակցել, ապա Արեւմտյան Հայաստանն ավելի ճիշտ իմանա եւ հայանպաստ քարտեզ գծի:



Մանավանդ՝ իր կինը լատին գրականության ուսուցչուհի է, եւ Մակրոնը չի կարող չիմանալ, թե ինչ արժեք է Հայաստանը վաղնջական ժամանակներից առայսօր:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ