Չկա՞ մեկը, որ Կրեմլի քարոզիչ Մ. Կոլերովին բացատրի

Չկա՞ մեկը, որ Կրեմլի քարոզիչ Մ. Կոլերովին բացատրի

Ռուսական քարոզչության մտագար ֆիգուրներից մեկից հայաստանյան Tert.am կայքը երեկ չգիտես ինչու հարցազրույց է վերցրել: Ընդսմին հարցազրույց վերցնողի տեղեկացվածությունը, մտահորիզոնը կամ համարձակությունն էլ չի բավարարել Կոլերովի բացահայտ ստախոսություններին մի երկու հարցով հակադարձելու:



Երբ Կոլերով կոչվող արարածը ստում է, թե Հալեպի եւ Սիրիայի հայությունը պայքարում է ISIS-ի դեմ, պետք չէ՞ հարցնել` իրեն որտեղի՞ց նման տեղեկություն: Եթե հայությունը ISIS-ի դեմ պայքարում էր, այդ ինչպե՞ս պատահեց, որ 2014-ի գարնանը Քեսապ ներխուժած ISIS-ի կամ al-Nusra-ի ջոկատայինները առանց հայերին սպանելու կամ առանձնակի ավերածություն գործելու հեռացան: Կարո՞ղ է ողորմելի ու изгой Ռուսաստանը այդտեղ դեր կատարեց: Այն ժամանակ էլ Կրեմլից փորձեցին հայությանը Սիրիայի քաղաքացիական պատերազմի կողմ դարձնել: Ոչնչի չհասան: Հիմա նորի՞ց են փորձում: Նորից ոչնչի չեն հասնի:



Ինչո՞ւ: Որովհետեւ այն ժամանակ երբ ռուսները դեռ ծառերից չէին իջել, Րյուրիկն էլ Սկանդինավիայից դեռ Ռուսիա չէր հասել, որ տեղի վայրենիներից գոնե արեւելա-սլավոնական, կամ ռուսական ցեղախմբեր ձեւավորեր, Րյուրիկեւիչների հայտնությունից դեռ հարյուրամյակներ առաջ ու նաեւ հարյուրամյակներ հետո հայերը բարեկամության, փոխճանաչում, միջպետական ու ազգամիջյան կապեր ունեին արաբների հետ: Ավելին, հայ-արաբական հարաբերությունները սրբագործված ու պաշտպանված են Մուհամեդ մարգարեից մինչեւ Սալլահ-էդ-Դինի` հայությանը շնորհած` իրավունքների ճանաչման եւ բարեկամության ֆերմաններով: Կոլերովի թուլամիտ գիտակցությանը դա հասանելի՞ է:
Հետեւաբար, Մերձավոր Արեւլեքի բոլոր պատերազմներում` լինի դա Իսրայելի Վեցօրյա պատերազմ, Լիբանանի` տասնամյակներ տեւած քաղաքացիական պատերազմ, թե Սիրիայի ներկա պատերազմ (որտեղ ամենամեծ հանցագործությունները ի դեպ ոչ թե ISIS-ը, այլ Ռուսաստանն է գործում), հայությունը հետեւողականորեն պահպանում է չեզոքություն: Հայերը չէ, որ պիտի արաբական եղբայրասպան պատերազմներում կողմ դառնան: Հայաստանին շանտաժի ենթարկելը այդտեղ չի օգնի, նախ որովհետեւ ռազմակայանից այն կողմ Ռուսաստանի ազդեցության լծակները Հայաստանի վրա շատ չեն, ապա` Հայաստանում ռուսական ներկայությունից ու ռազմաբազայից ազատվել ցանկացողների թիվը ամենեւին փոքր չէ:



Կոլերով կոչվող արարածը ճիշտ կվարվի, եթե Ռուսաստանի հնարավորություների մասին մտահոգվի, ոչ թե Հայաստանի: Այն Ռուսաստանի, որ Հալեպն ավերելուց ու հազարավոր մարդկանց սպանելուց հետո հիմա էլ ձեռնամուխ էր եղել Ասադի` քիմիական զենքով հարձակումներին աջակցելուն, որոնք միայն Թրամփի կարգադրած հրթիռակոծումներով զսպվեցին: Այն Ռուսաստանի, որին Սիրիայում գործած մարդկության դեմ հանցագործությունների համար միջազգային քրեական դատարանի առջեւ կանգնեցնելու անհրաժեշտությունից են խոսում արաբական աշխարհից մինչեւ Եվրոպա ու G7: Այն Ռուսաստանի, որի կողքին կանգնել նշանակում է արաբական աշխարհի ատելությանը արժանանալ: Այն Ռուսաստանի, որի հետ հայությունը իր չորս-հինգ հազարամյա պատմության մեջ հազիվ մի 150-200 տարվա կեղծուպատիր առնչություն ունի, իսկ արաբական աշխարհի հետ հազարամյակից էլ երկարատեւ փոխհարաբերություններ ու բարեկամություն:



Վերջապես, մի քիչ դժվար է պատկերացնել, որ հայությունը ISIS-ի դեմ պայքարի ակտիվ կողմ դառնալու կարիք ունենա, այն էլ հիմա, երբ Ռաքքայի ազատագրումը գրեթե սկսված է, իսկ Ռաքքայի ազատագրումից հետո այլեւս գետնի վրա ISIS չի լինի, որ դրա դեմ էլ պայքարողներ լինեն: Այդուհանդերձ, զուտ տեսականորեն, եթե պայքարելու անհրաժեշտություն էլ լինի, ISIS-ի դեմ մարտնչող միջազգային կոալիցիա կա` շուրջ 70 անդամ-երկրներով: Հայաստանը ինչո՞ւ պետք է միջազգային կոալիցիան թողած` ողորմելի, մեկուսացված եւ արաբական աշխարհի աչքի փուշը դարձած Ռուսաստանի կողքին կանգնի: Թուրքիան կանգնել է, լրիվ բավական է, թող Թուրքիան էլ Ռուսաստանի հետ կործանվի:



Գալով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազային, եթե Կոլերովի կարգի մտագարին թվում է, թե այդ ռազմաբազայով կարող են Հայաստանին շանտաժի ենթարկել եւ Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծել, ապա թող իր հիվանդ ուղեղում դրոշմի, որ Հայաստանը կարող է նաեւ ռուսական ռազմաբազան իր տարածքից դուրս շպրտել, ինչպես վրացիները դա արեցին դեռ Սահակաշվիլու ժամանակ: Այդ դեպքում Հարավային Կովկասը շատ արագ ու առանց մի խնդրի կինտեգրվի ՆԱՏՕ-ին եւ խաղաղությունն էլ, բարեկեցությունն էլ, եվրոպական ակունքների հետ կապն էլ Հայաստանի համար կապահովվի: Իսկ այ Ռուսաստանը Հայաստանից հեռանալով անվերադարձ ու առհավետ կհայտնվի Կովկասյան լեռներից այն կողմ:



Հ.Գ. Իրականում, ISIS-ի դեմ Հայաստանի ռազմակայանը երբեք էլ չի օգտագործվի եւ ամենեւին կարիք չկար, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու վերլուծագանգեր գրելու թեմա չունենալուց ու պարապությունից ՌԴ նախարար Լավրովի ինչ-որ հարցազրույցի ինչ-որ ֆրազի ինչ-որ հատվածը դարձնեին մատի փաթաթան: Լավրովը օրեկան ժամերով ասուլիս ու հարցազրույց է տալիս, դրանից քանի՞ րոպեի խոսքն է իրականության հետ առնչություն, ազդեցություն կամ հետեւանք ունենում, որ մի դատարկ հարցազրույցի դատարկ ֆրազի շուրջ օրերով արհեստական աղմուկ գեներացվի: Եթե Հայաստանի լրատվադաշտում այդքանը չեն գիտակցում, ինչ-որ կիսահիվանդ Կոլերովի զառանցանքից ի՞նչ զարմանաս:

Լուսինե Պետրոսյան