Մեր Երեւանը

Մեր Երեւանը

Այսօր կրկին «լռության» օր է՝ երկրորդն այս տարվա մեջ։ Մեր ընթերցողները լավ գիտեն, որ ընտրությունների նախորդ օրն օրենքով արգելված է նախընտրական քարոզչություն իրականացնել, եւ մենք ձեռնպահ ենք մնում ընտրությունների հետ կապված թեմաներ շոշափելուց, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ու անձանց մասին հրապարակումներ անելուց։ Իմաստն այն է, որ մարդիկ նախընտրական բուռն քարոզչությունից հետո մեկ օր հանգստանան՝ մինչեւ քվեախցիկ մտնելը։ Ծանրութեթեւ անեն, ամփոփեն իրենց լսածն ու տեսածը այս մեկ ամսվա ընթացքում, մոռանան ճնշումները, պահի տակ ծնված էմոցիաները, կենտրոնանան գլխավորի վրա՝ ում ընտրել, որ երկիրը, իսկ տվյալ դեպքում՝ մայրաքաղաքը, շահի։ Որ մեզ արժանի ավագանի ու քաղաքապետ ունենանք։ Այնպիսի ավագանի ու քաղաքապետ, որի համար գլխավոր կլինի Երեւանի եւ երեւանցու շահը։ Այնպիսի իշխանություն, որը ոչ միայն նախընտրական շրջանում գործ կանի ու խոստումներ կտա՝ հանդիպելով իր ընտրողների հետ, այլեւ անընդհատ, ամեն օր։ Այնպիսի իշխանություն, որը ոչ թե պոպուլիզմով, փողով, ճնշումներով ու խաբեությամբ կգրավի ընտրողների սրտերը, այլ ճշմարիտ խոսքով, իրական գործով, պաշտոնը որպես ծառայություն դիտելով։ Եվ անկախ նրանից, թե որ ուժը մեծամասնություն կգրավի Երեւանի ավագանում, որը՝ կդառնա ընդդիմություն, նրանց պետք է միավորի մեկ նպատակ ու տեսլական՝ Երեւանին ծառայելու, Երեւանը գեղեցկացնելու, երեւանցու կյանքը բարեկեցիկ ու հարմարավետ դարձնելու գաղափարը։ Ի վերջո, ցանկացած իշխանություն արագ կայլասերվի, եթե չունենա աչալուրջ ընդդիմություն։ Իսկ ընդդիմությունը կդադարի հասարակության սանիտարի դերը խաղալ, եթե չունենա իր կարծիքը հարգող իշխանություն։ Երեւանին մաղթենք առողջ ընդդիմություն եւ պարկեշտ իշխանություն։