Ինչ շահեցին եւ ինչ կորցրինք

Ինչ շահեցին եւ ինչ կորցրինք

Չգիտեմ ով ինչ հետեւություն է արել 2017-ի ընտրական մարաթոնից, բայց ինձ մոտ մի անորոշ ու տհաճ զգացում է մնացել, որ Հայաստանում աստիճանաբար ձեւավորվում է պիժոնության եւ անամոթության կայուն մթնոլորտ։ Երբ բարձրաստիճան չինովնիկներն ու ժողովրդի «ընտրյալներն» ուղիղ նայելով մեր աչքերի մեջ անամոթաբար ստում են ու տղայական մրցակցության մեջ մտնում միմյանց հետ՝ ձայներ բերելու, հանրությանն ավելի ճզմելու, իրենց ուժն ավելորդ անգամ ցուցադրելու հարցում։ Ես ոչ մի կերպ չեմ հասկանում հանրապետականների անպատմելի ջանքերն ու համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու եռանդն ընտրությունների փուլում։ Մի՞թե այդքան մեծ մտավախություն ունեն, որ չեն անցնելու։ Եվ արդյոք արժե՞ դիմել այդքան ապօրինությունների եւ անամոթությունների մի 10-15 տոկոս ավելի շատ ձայն հավաքելու համար։ Ասենք, Մալաթիայից հայտնի օլիգարխը եթե 42 հազար ձայն չունենար «գրպանում», այլ 32 հազար, կամ Արարատի օլիգարխը 45 հազարի փոխարեն՝ 35 հազար, դրանից ի՞նչ կփոխվեր իրենց, իրենց կուսակցության, մեր երկրի կյանքում։ Ասենք, եթե Երեւանի ավագանու ընտրություններին «ցուցակներ» չկազմեին, թաղային հեղինակություններին չմոբիլիզացնեին ու արդյունքում ոչ թե 70, այլ 60 տոկոս տանեին, մի 5 մանդատ պակաս ունենալով, դրանից ո՞վ կտուժեր։ Իսկ որ կշահեինք բոլորս՝ դրանում ոչ մի խոսք։ Քանզի հանրությունը կհամոզվեր, որ մեզանում էլ է հնարավոր ազնիվ ու արդար ընտրություններ անցկացնել։ Կհասկանար, որ իշխանությունը հարգում է իր քաղաքացուն եւ նրան չի «առնում», չի «ստորացնում»։ Ի վերջո, հանրության հոգեվիճակն ու վերաբերմունքը պակաս կարեւոր գործոն չեն, քան ընտրական կասկածելի հաղթանակն ու սեփական թիմակիցներին եւ կուսառաջնորդին ինչ-որ բան ապացուցելու մարմաջը։