Իմաստ չունի Նոյան տապանի անվան տակ ուտել-խմելու տեղ սարքել

Իմաստ չունի Նոյան տապանի անվան տակ ուտել-խմելու տեղ սարքել

Նոյան տապան կառուցելու գաղափարը, որի առաջարկությունն արվել է դեռ 2011-ին, մի խումբ մտավորականների կողմից, կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ «Եթե ոչ Հայաստանում, ապա էլ որտե՞ղ պետք է Նոյան տապան կառուցվի»,- ասում է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, ով ընդգրկված է այս նախագծի հոգաբարձուների խորհրդի կազմում։ Նա ընդգծում է՝ Նոյան տապան կառուցելու գաղափարը բավականին հին է, դեռ 2012-ին այն քննարկվել է Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում եւ արժանացել հավանության, իսկ այդ գաղափարին ժամանակին հավանություն են տվել այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Սոս Սարգսյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Լեւոն Անանյանը, Ազատ Գասպարյանը, Վլադիմիր Բարխուդարյանը։ 



Նախաձեռնողների առաջին խումբն այն կարծիքին էր, որ Նոյան տապանը պետք է կառուցվի «Մայր Հայաստանի» «ոտքերի» տակ (Հաղթանակի զբոսայգում), բայց այդ տարբերակը ճարտարապետների հետ քննարկելով՝ համոզվեցին, որ ճիշտ չէ Երեւանում նման մասշտաբի բան կառուցելը։ Դրանից հետո, որոշ ժամանակ, այդ գաղափարը մի կողմ դրվեց, այս տարի նորից անդրադարձան դրան, ընտրվեց հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում են Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Նկարիչների միության նախագահ, հոգաբարձուների խորհրդ նախագահ Կարեն Աղամյանը, հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանը։ «Նոյան տապան» հիմնադրամի գործադիր տնօրենն է «Գեղարվեստի կոմբինատ» ՍՊԸ տնօրեն Մարտուն Հարությունյանը։



Մերուժան Տեր-Գուլանյանը նկատում է, որ Նոյան տապաններ կառուցվել են ԱՄՆ-ում, Հոնկոնգում, Հոլանդիայում, անգամ՝ Թուրքիայում։ «2 տարի առաջ, երբ համահայկական խաղերի առիթով ջահավառության գնացի Արեւմտյան Հայաստան, մինչեւ Իգդիր հասնելը տեսա, որ ամեն գյուղ իր Նոյան տապանն ունի։ Իհարկե, դրանք այն չէին իրենց չափերով՝ փոքր էին, բայց դե՝ մարդիկ սարքել էին, որտեղ նստում-թեյ էին խմում, նարդի խաղում։ Այսինքն թուրքերը, մտածելով, որ Արարատը Նոյան տապանի հայրենիքն է, եւ մարդկության սկիզբն այստեղից է, մտածել են՝ ինչո՞ւ չանել, եւ արել են»,-ասում է Տեր-Գուլանյանն ու նշում, որ եկել է մի ժամանակ, երբ Հայաստանը կարող է նախաձեռնել դա․ «Խնդիրն այն է, որ նախաձեռնողները պետությունից փող չեն ուզում, որ, ենթադրենք, ասեն՝ Նոյան տապան կառուցելու փոխարեն 2 հատ շենք կառուցեք տուն չունեցողների համար։ Դա համազգային հանգանակությամբ պետք է արվի, նպատակը հենց այդպես էլ ձեւակերպված է՝ կառուցենք ազգովին»։ Տեր-Գուլանյանը չի բացառում, որ այն կառուցելու համար համահայկան դրամահավաք արվի, իսկ եթե ֆինանսավորում լինի, կարծում է, որ մոտ 3 տարում կկառուցվի, բայց մինչ այդ պետք է նախ ճարտարապետների մրցույթ հայտարարվի։



Իսկ մինչեւ մրցույթ հայտարարելն էլ պետությունը մեկ բան պետք է անի՝ տեղ հատկացնի տապանը կառուցելու համար։ Այդ առումով բազմաթիվ տարբերակներ են առաջարկվել ու առաջարկվում։ Դրանցից մեկն օդանավակայանի ճանապարհին՝ Դալմայի այգիների մոտակայքում այն կառուցելն է, որին ինքն սկզբունքորեն դեմ է։ Տեր-Գուլանյանի կարծիքով, դա պետք է լինի հուշարձանային տեղ. «Լավագույն տեղը Գառնիի ճանապարհին է, մինչեւ Չարենցի կամարը 3 բլուրներ կան, այդ բլուրներից մեկի վրա։ Այս տարբերակի շահեկանությունը նախ նրանում է, որ Գառնի-Գեղարդի ճանապարհին է, զբոսաշրջիկները շատ են։ Երկրորդ․ եթե Չարենցի կամարից տեսել եք Արարատը, ապա պատկերացրեք, թե Նոյան տապանից ինչպես կերեւա Արարատը։ Ընդ որում՝ այն տարածքը, որ ես առաջարկում եմ, սողանքային գոտու հետ կապ չունի։ Մեկ այլ տարբերակ էլ կա՝ Բյուրականի տարածքում, որտեղից նույնպես Արարատը շատ լավ է երեւում․ սա նույնպես զբոսաշրջային տարածք է»։



Ինչ վերաբերում է Նոյան տապան կառույցի բովանդակությանը եւ մարդկանց կողմից հնչող այն մտահոգություններին, որ այն կարող է դառնալ հերթական ուտելու-խմելու տեղը, Տեր-Գուլանյանն ասաց. «Մեր սիրելի ժողովրդին թող չթվա, թե դա մի տեղ է, որտեղ պետք է գնան քյաբաբ-խորոված ուտեն, սա լինելու է պատմամշակութային կենտրոն, որտեղ լինելու են պատկերասրահ, կինոթատրոն, կոնֆերանսի դահլիճներ, որտեղ գիտական նստաշրջաններ են անցկացվելու, եւ, բնականաբար, այդօրինակ տարածքում կարող է նաեւ սրճարան լինել, իսկ ինչո՞ւ ոչ»։



Նա պատահական չի համարում, որ Նոյան տապանը հանգրվանեց Արարատի վրա, ավելին՝ եթե կա Աստծո ընտրյալ մատը, ինչո՞ւ շրջանցել այդ նշանը, երբ կարող ենք այն եւս մեկ անգամ շեշտել՝ կառուցելով իրական չափերին մոտ Նոյան տապան. «Ինչո՞ւ ենք մենք տատամսում, վախենում, ինչո՞ւ ենք այդքան վատ մտածում ինքներս մեր մասին, որ ուտել-խմելու եւ քեֆ անելու տեղ է սարքվում»։ Այն, որ մեր աչքի առաջ ունենք հիմնականում այնպիսի օրինակներ, որ հենց դա են փաստում, Տեր-Գուլանյանն օրինակ է բերում Մատենադարանը, որը մեր աչքի առաջ փառավոր ձեւով վերակառուցվեց. «Հիմա դա կարո՞ղ է ուտել-խմելու տեղ է, չէ՞ որ այնտեղ էլ ճաշարան կա, մարդիկ աշխատում են, ի վերջո, մի կտոր հաց պետք է ուտե՞ն, թե՞ ոչ։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ մենք մեր մասին այդքան վատ կարծիքի ենք, ինչո՞ւ ենք մտածում, որ մենք, այսպես ասած՝ «քյաբաբխանայի» ժողովուրդ ենք։ Հայաստանում լիքը ուտել-խմելու տեղ կա, իմաստ չունի Նոյան տապանի անվան տակ ուտել-խմելու տեղ սարքել, դա լրիվ այլ տեղ է լինելու։ Մի տեղ, որտեղ աշխարհը կներկայանա եւ աշխարհը կուզենա գալ ու իր աշխարհը տեսնել այդտեղ։ Նոյան տապանը պետք է ներկայացնի մեր այս փխրուն երկրագունդը, իր բոլոր արտահայտություններով, այն ժողովուրդներով, ովքեր քաղաքակրթություն են ստեղծել ետնոյյան շրջանում։ Նոյան տապանում կլինեն աղոթասենյակներ, որտեղ բոլոր կրոնների մարդիկ կկարողանան մտնել ու աղոթել։ 99 տոկոսով այն մշակութային կառույց է, եւ մի տոկոսն է, որ լինելու է սրճարան կամ ռեստորան, ծիծաղելի է ամեն ինչ թողել ու դրա մասին խոսել»։



Նախագիծն արդեն ներկայացվել է մշակույթի նախարարին, առաջիկայում հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նախարարի հետ կորոշեն, թե որտեղ տեղ հատկացնեն այն կառուցելու համար։



Ըստ նախնական տարբերակի, տապանը պետք է կառուցվի երկաթբետոնից, փայտյա երեսով եւ բնական չափերով. երկարությունը՝ 132 մ, լայնությունը՝ 22 մ, բարձրությունը՝ 13.2 մ։ Առաջին հարկում կլինի պատմական Նոյան տապանի ցուցասրահ-թանգարան։ 2-րդ հարկում՝ պատկերասրահ, հնագույն ժամանակների գրադարան, ուխտավորների, զբոսաշրջիկների համար գիշերելու առանձնասենյակներ։ 3-րդ հարկում մոտ 200 տաղավար է նախատեսվում, որտեղ կցուցադրվեն աշխարհի բոլոր ազգերի, ժողովուրդների պետական զինանշանները, ազգային ցուցանմուշներ։ Այս հարկում կլինեն նաեւ կոնֆերանս-դահլիճ, կինոթատրոն։ 4-րդ հարկում նախատեսված են կառավարական ընդունելությունների եւ պետական նշանակության հանդիսությունների սրահ, դիտակետ, սրճարան։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ