Ես մեղավոր չեմ

Ես մեղավոր չեմ

Սահմանադրական փոփոխությունների արդյունքների մասին շատ է խոսվել եւ դեռ էլի կխոսվի, բայց դրանց ամենաընդգծված առանձնահատկությունն այն է, որ մեր իրականության մեջ խիստ նվազեց անհատական պատասխանատվությունը, եւ խիստ ավելացավ կոլեկտիվ անպատասխանատվության գործոնը։ Նախօրեին Սերժ Սարգսյանի ելույթի մի փոքրիկ հատվածը դրա ցցուն վկայությունն է։ Խոսելով Սահմանադրության արդյունքում արձանագրված փոփոխությունների մասին, նա 7 կետ առանձնացրեց։ Դրանք են․ «1) կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ, 2) հանրապետության նախագահը նոր լիազորություններով կլինի վերկուսակցական անաչառ արբիտր, 3) խիստ կնվազի իշխանության անձնավորումը, 4) չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջեւ կնպաստի կոլեգիալ կառավարմանը, 5) կբարձրանա խորհրդարանի ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողական դերակատարությունը, 6) խորհրդարանի քաղաքական դերի բարձրացման շնորհիվ երկրում աստիճանաբար կձեւավորվի իշխանության եւ ընդդիմության երկբեւեռ դասական քաղաքական համակարգ, 7) երկիրը կկարողանա ավելի ճկուն լինել արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու հարցում, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ»։ Այս բոլոր կետերը եւ հատկապես վերջին բառը՝ «կոլեգիալ», հենց կոլեկտիվ անպատասխանատվության քաղաքակիրթ ձեւակերպումն է։ Կնվազի իշխանության անձնավորումը, չի լինի իշխանության գերկենտրոնացում, կլինի կոլեգիալ կառավարում, քաղաքական որոշումների կոլեգիալ ընդունում․ սա նշանակում է վերացնել կոնկրետ անձանց պատասխանատվությունը։ Պատասխանատուն կլինեն ԱԺ-ն, կուսակցությունները, ինստիտուտները։