Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանից շատ աշխատավարձ կստանա

Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանից շատ աշխատավարձ կստանա

Արտահերթ ընտրությունների թանաքը դեռ չչորացած՝ իշխանության տարբեր օղակներում շնչակտուր աշխատավարձեր են բարձրացնում։ Խորհրդարանն անցած շաբաթ պատգամավորների եկամուտները համալրեց հավելյալ 200  հազար դրամով, իսկ հիմա Երեւանի քաղաքապետարանն է կարգին քաղաքապետի եւ աշխատակազմի համար կարգին աշխատավարձերի կարգին նախագիծ բերել, որը կքննարկեն Երեւանի ավագանու հուլիսի 29-ի արտահերթ նիստում։ Համաձայն նախագծի՝ քաղաքապետարանի 2 հազարից ավելի աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան միջինը մոտ 100 տոկոսով, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կստանա ավելի շատ աշխատավարձ, քան վարչապետն է ստանում․ նրա աշխատավարձը կաճի գրեթե 2.3 անգամ՝ 575 հազարից դառնալով 1 մլն 320 հազար դրամ։ Հիշեցնենք, որ վարչապետի աշխատավարձը 1 միլիոն 200 հազար դրամ է։

Ըստ ամենայնի՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա «հեղափոխական» թիմը որոշել են՝ քանի դեռ պաշտոնի են, բյուջեի ընձեռած բարիքներից հնարավորինս օգտվեն, թքած, որ երկրում պատերազմ է եղել՝ իր սոցիալ-տնտեսական ծանր հետեւանքներով, հազարավոր անտուն մնացած, հաշմանդամ դարձած մարդկանցով։ Ոչինչ, որ նվազագույն աշխատավարձն ու թոշակները գրոշներով են բարձրացել։

Այս օրինագիծն անցկացնելու փորձը 2 տարի առաջ տապալվեց՝ հանրային ընդվզման պատճառով, հիմա հասարակությունը պատրաստ է մարսել ցանկացած անամոթ քայլ, որ կանի իշխանությունը։ Իսկ նախագծի հիմնավորումն էլ այն է, թե վերջին տարիներին գնաճի հետ իրենց ստացածը համահունչ չէ։ Կարելի է կարծել, թե միայն իրենց վրա է անդրադառնում գնաճը։ Իրենց չի բավարարում 500-600 հազար դրամ աշխատավարձը, իսկ երկրում 25 հազար դրամ ստացող թոշակառուներ կան, 68 հազար ստացող աշխատողներ։

«Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակի գործող դրույքաչափերը փոփոխության էին ենթարկվել դեռեւս 2011 թվականին, որը չի արտացոլում միջանկյալ ժամկետում տեղի ունեցած գնաճի, մասնագետին վարձատրության տեսքով տրվող գնահատականի եւ առհասարակ աշխատանքային շուկայում տիրող իրական պատկերը»,- նշված է հիմնավորման մեջ։ Ուստի որոշել են առնվազն կրկնակի բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Ընդ որում, ոչ մի տրամաբանություն չկա, թե ում աշխատավարձն ինչքան է բարձրանալու՝ ստորին օղակների աշխատավարձերը բարձրանում են ընդամենը 25-30 տոկոսով, իսկ «վերեւներինը»՝ քաղաքապետ, փոխքաղաքապետեր, թաղապետեր, աշխատակազմի քարտուղար եւ այլն, կրկնակի եւ ավելի։ «Վերեւների» մեջ է մտնում նաեւ լրատվամիջոցների հետ չաշխատող, լրագրողներին կոպտող քաղաքապետի խոսնակը, ում համար ԱԺ պատգամավորին ու նախարարին գրեթե հավասար աշխատավարձ են սահմանել՝ 629 հազար դրամ՝ ներկայիս 298 հազարի փոխարեն։

Այս փոփոխությունների արդյունքում քաղաքապետը, նրա տեղակալները, թաղապետերը, Երեւանի գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի ղեկավարը կստանան ավելի բարձր աշխատավարձ, քան բազմաթիվ առանցքային պաշտոնյաներ, օրինակ՝ ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, դատախազը, ՊՎԾ պետը, մարզպետները, նախարարները եւ այլն։ Համեմատության կարգով նկատենք, որ Տարոն Մարգարյանի օրոք, օրինակ, աշխատավարձը բարձրանում էր բոլոր օղակների համար հավասարաչափ, ոչ թե ընտրողաբար։

Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 478 հազարից կդառնա 1 միլիոն 20 հազար, մյուս 3 տեղակալներինը՝ 443-ից 952 հազար, նույնքան կստանա նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետը։ Մարությանի 8 խորհրդականները, որոնք ներկայումս ամսական 358 հազար դրամ են ստանում, բարձրացումից հետո 578 կստանան, քաղաքապետի օգնականներինը 298 հազարից կդառնա 544, գործավարինը՝ 261-ից 357։ Ուշագրավ է, որ քաղաքապետն իր, մամուլի քարտուղարի եւ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը նույն տոկոսային հարաբերակցությամբ է ավելացնում․ աշխատակազմի ղեկավարը 952 հազար դրամ կստանա՝ նախկին 382 հազարի փոխարեն։ 100 տոկոսով կբարձրանան նաեւ վարչության պետերի աշխատավարձերը, վարչական շրջանների ղեկավարներինը՝ մի փոքր ավելի․ 400 հազար դրամից կդառնա 850 հազար, տեղակալներինը՝ 346-ից 510։

Երեւանի՝ որպես համայնք ձեւավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումը կլինի, 2019-ի փորձը՝ հանրային աղմուկի պատճառով, ավագանուն հետ կանգնեցրեց այդ քայլից, եւ նախագիծը հանվեց օրակարգից։ Հայկ Մարությանը չնայած ընտրություններին չմասնակցեց, բայց որոշել է առաջիններից մեկն օգտվել իշխանության վերարտադրությունից։ Հիշեցնենք, որ Մարությանը դեռեւս 2 տարի առաջ ավագանու նիստում հայտարարել էր, որ Երեւանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, բացառությամբ քաղաքապետի, կստանան եռամսյակային պարգեւավճարներ։ Քանի որ այդ պարգեւավճարներն օրենքով են սահմանվել, պետք է ենթադրել, որ դրանք եւս կպահպանվեն, եւ այս շքեղ աշխատավարձերին կգումարվեն նաեւ եռամսյակային պարգեւավճարները։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյան-Հայկ Մարության ոչբարիդրացիական հարաբերությունների ֆոնին քաղաքապետարանի աշխատավարձերի նման մեծամասշտաբ բարձրացումները հնարավոր չէ պատկերացնել առանց վարչապետի համաձայնության։ Սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ Փաշինյանը չկարողացավ ազատվել Մարությանից, որոշեց լեզու գտել նրա հետ եւ բյուջեի ու երեւանցիների հաշվին հարթել տարաձայնությունները։ 

ՀԳ․ Այս քայլի մեջ կա նաեւ քաղաքական կոմպոնենտ։ Երկրում գործում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարձատրության մասին օրենք, կա պաշտոնեական դրույքաչափերի սանդղակ եւ երկրի նվազագույն աշխատավարձի հետ հարաբերակցության նաեւ բարոյական խնդիր, որոնք այս օրինագծով ուղղակի տրորվում, ոտնահարվում են։ Չի կարող ուսուցչի եւ քաղաքապետի աշխատավարձերի միջեւ 10 եւ ավելի անգամվա տարբերություն լինել։ Բայց այս իշխանությունը թքած ունի բոլոր օրենքների ու բարոյական արգելքների վրա՝ նա օրենքը ձեւում է ըստ իր հայեցողության։

Ի դեպ, նախագիծը ներկայացվում է «Իմ քայլի» ավագանու «Առաքելություն» կուսակցության անդամ Լեւոն Սարգսյանի եւ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի կողմից։ «Առաքելության» առաջարկի պտուղներից կօգտվի նաեւ իրենց կուսակից, քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Իսկ «Առաքելության» ղեկավար, նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանն օրեր առաջ իր էջում քննադատել էր ԱԺ հավելավճարների օրինագիծը։ Այս կուսակցությունում էլ իմքայլականները պառակտում գցեցին։