Ինչ վիրահատություն է տարել Գագիկ Ջհանգիրյանը

Ինչ վիրահատություն է տարել Գագիկ Ջհանգիրյանը

Այսօր առավոտյան լուր տարածվեց, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրներ ունի` պետք է վիրահատության ենթարկվի: Սակայն, իրականում, սա նրա հրաժարականի նախերգանքն է: Սովորաբար առողջական խնդիրներով պայմանավորված են դիմում գրում ազատվում: Պարզ է, որ սորոսական ՀԿ-ների արշավը Գագիկ Ջհանգիրյանի դեմ` հայտնի ձայնագրությունից հետո, չէր կարող նրա համար անհետեւանք անցնել եւ ըստ ամենայնի` Նիկոլ Փաշինյանը որոշել է Ջհանգիրյանին «ժերտվա» տալ` մի քանի նապաստակ բռնելով: Մի կողմից կբավարարի սորոսականների պահանջը, որոնք վերջին շրջանում դժգոհություններ ունեն նրա վարած քաղաքականությունից եւ իրականացրած քայլերից: Մյուս կողմից` ցույց կտա, որ ինքը չի Գագիկ Ջհանգիրյանի «վզին դնողը», այլ այնքան է վրդովված, որ նրան ազատում է աշխատանքից: Երրորդն էլ այն է, որ Գագիկ Ջհանգիրյանից վաղուց դժգոհություններ ունեին` նա լավ չէր իրականացնում դատական համակարգը կառավարելու գործառույթը` երբեմն իշխանության հակառակորդները պլստում էին պատժից, կալանքներից: Հիմա Ջհանգիրյանի փոխարեն ավելի հնազանդ կատարող եւ դատավորների նկատմամբ ավելի խիստ վերակացու կնշանակեն եւ բոլորը գոհ ու երջանիկ կլինեն: Բնականաբար` բացի Ջհանգիրյանից:

Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանին, ապա նա, իրոք, հիվանդանոցում է: Մեր տեղեկություններով, Հանրապետականում` «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ ողնաշարի գրիժայի վիրահատություն է նախատեսված իրականացնել: Գուցե այս վիրահատությունը նաեւ ժամանակ շահելու համար է, քանի որ վաղուց էր ծրագրված եւ հենց այս պահին հիվանդանոց պառկելը հույժ անհրաժեշտությունից չէր բխում:

Մենք կապվեցինք «Արմենիա» ԲԿ ընդունարան, որտեղ, լսելով մեր հարցը, թե` ինչ բժշկական միջամտության է ենթարկվել պարոն Ջհանգիրյանն, ասացին, որ ամբողջական տեղեկատվություն կարող է տրամադրել ԲԿ տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կորյունի Կուրղինյանը: Նա մեզ հետ զրույցում նախ ասաց. «Իսկ Ձեզ ո՞վ ասաց, որ պարոն Ջհանգիրյանը մեզ մոտ է: Ես հիմա Ձեզ ոչ մի բան չեմ կարող պատասխանել, մանավանդ` զանգերով ինտերվյու չեմ տալիս, հարցերին էլ չեմ պատասխանում, անծանոթ զանգերին էլ», եւ հավելեց, որ բժշկական գաղտնիք է, չեն կարող բացահայտել: