Փաշինյանը՝ կառավարության ակտիվիստ-պաշտոնյաների մասին

Փաշինյանը՝ կառավարության ակտիվիստ-պաշտոնյաների մասին
Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ քննարկեց նաեւ պետական պաշտոնյաների վարքը: Անդրադառնալով պաշտոնյա դարձած նախկինում քաղաքացիական ակտիվիստներին՝ Փաշինյանը նշեց, որ պետական պաշտոնյա դարձած երբեմնի ակտիվիստը մտածում է, թե պետք է գործի ինչպես նախկինում:

Փաշինյանի կարծիքով դա բարդույթ է, «որպեսզի չմտածեք հանկարծ ես իշխանության ներկայացուցիչ եմ և դադարել են ընդդիմադիր լինել: Ես ճիշտ է իշխող ուժի անդամ եմ, բայց ով աչքիս դիմաց գալիս է, քլնգում եմ, սնայպերը հանում, ճակատին խփում, փռում եմ գետնին»:

Վարչապետը նշեց, որ այդ պաշտոնյաներին թվում է, թե ինչպես նախկինում իր գործունեության ոլորտը Ֆեյսբուքի էջն է, հիմա էլ մնում է Ֆեյսբուքի էջը: «Նրանք պետք է գիտակցեն, որ իրենց կարգավիճակը փոխվել է: Չի կարող այսպես լինել: Իրեն թվում է, թե կարող է Ֆեյսբուքում սուր ստատուս գրել ու գնալ ստուգել ինչ-որ մի կազմակերպություն, իսկ այդ ստուգումները դատական գործի հիմք դառնան, ասեն, որ մինչև ստուգումը որոշել եք էս պետք է նստի, էս մեկն ազատության մեջ մնա»: