Ուլլա Հան. Հայրս

Ուլլա Հան. Հայրս

Ո՞վ է նա՝
Հարցնում են ընկերներս՝
ակնարկելով տղամարդու
լուսանկարը՝ դրված գրասեղանիս՝
Սալվադոր Ալլենդեի ու
Անժելա Դեւիսի մեջտեղում:
Ասում եմ՝
հայրս: Մեռած է:
Ապա էլ ոչ ոք հարց չի տալիս:

Ո՞վ է՝
հարցնում եմ տղամարդուն,
որ անգամ
անձնագրի լուսանկարի համար չի ժպտում,
որն ինձ կողքից նայում է այնպես,
ինչպես բարեւելիս
նայում է մարդկանց,
որոնց չէր ցանկանա:

Գյուղացու տղան՝ մեկը տասներկուսից
Կամ դպրոցի տասնմեկի հետ եւս մեկը,
սովորել-վերջացրել էր՝
գլուխը հետ պահած
վերեւ նայելով:
Կորացած,
որպես մեքենայի բանվոր
եւ որպես զինվոր՝
ուղղված կարմիրների դեմ:

Դրանից հետո՝ եւս մեկ անգամ.
հավատալ, բայց չընկալել:
Մինչդեռ շարունակել:
Որպես մեքենայի բանվոր,
Որպես ընտանիքի հայր,
Իսկ կիրակի օրերին՝ եկեղեցում՝
հանուն կնոջ 
ու համագյուղացիների:

Ես ատել եմ նրան:

Ամեն երեկո, երբ գործարանից
տուն էր գալիս,
բառեր էի ճչում նրա դեմքին՝
լատիներեն, անգլերեն:
Պրոֆեսորների հետ սեղանի մոտ,
երբ իմ թեյը
դողացող ձեռքերիցս
նրա ծնկներին էր թափվում,
կատակներ էի թոթովում
ձեռքերի մասին,
որոնցից մեքենայի յուղի հոտ էր գալիս:

Մեծ չարչարանքով հավատալ սովորեցի:
Սովորեցի հասկանալ ու ընկալեցի.

Ես ուզում եմ սիրել նրան
մինչեւ բոլոր նրանց մահը,
ովքեր մեղավոր են
նրա կյանքի
ու իմ ատելության համար:

Երբեմն,
երբ ծածկոցն արդեն
նրա ծնկներին էր՝
անվասայլակին,
բռնում էր ձեռքիցս,
սեղմում էր այն
եւ մատներով ու հայացքով
հարցնում՝
ինչպես եմ ես ուզում վարվել նրա հետ՝
նոր աշխարհի հետ:

Քեզ հետ՝
ասում էի,
ու բռունցքս
սեղմվում էր նրա բռունցքի մեջ:

Մենք ժամանակը դարձնում էինք
մերը,
եւ երբ հողի
վեցերորդական մասը
կարմրած նրա սեղանին դրեցի,
մասնակի
ու մտածկոտ
հավատաց
դրան:

Ո՞վ է նա:
Հարցնում են ընկերներս,
իսկ ես ասում եմ՝ մեզնից մեկը:
Միայն թե լուսանկարիչը 
մոռացել է,
որ նա նայում է ինձ
ու ծիծաղում:

1993 թ.

................

Սալվադոր Ալլենդե - չիլիացի բժիշկ եւ քաղաքական գործիչ
Անժելա Դեւիս – ամերիկացի իրավապաշտպան, միջազգային կոմունիստական շարժման ակտիվիստ, սոցիոլոգ, մանկավարժ, եւ գրող

 

Թարգմանությունը գերմաներենից՝ Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ