Նախարարությունը թող հերքի, բայց փաստերն այլ բան են ասում

Նախարարությունը թող հերքի, բայց փաստերն այլ բան են ասում

Մինչ առողջապահության նախարարությունը հերքում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում 6 քաղաքացու՝ տեսողությունը կորցնելու փաստը, հանգամանքներն իրականում այլ բան են ասում։

Հիշեցնենք, որ քիչ առաջ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում «հերքում» էր տարածել՝ ավելի շատ հաստատելով, քան թե հերքելով մեր հրապարակած նյութը։ Իսկ «Հրապարակը», հիշեցնենք, գրել էր, որ «Avastin» դեղամիջոցի ներարկման հետևանքով 6 քաղաքացի կորցրել է տեսողությունը, միայն լույսն ու ստվերն է տաբերում, վերջիններիս 8 ժամվա ընթացքում հերթով վիրահատել են։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը մասնավորապես գրել էր․

«Թարմացում 1*
Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Վերջիններս վիրահատվել են։

Թարմացում 2*
Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում է դրա պատճառահետևանքային կապերը։
Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը
Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը։
Պետք է նշել, որ հիվանդների թիվը ոչ թե ութ, այլ վեց է։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում։
Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրմասները։
Հանձնարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ »։

Մինչ առողջապահության նախարարությունը հիմնվում է բաժնմունքի վարիչի պնդումների վրա, մենք նախընտրում ենք ներկայացնել փաստեր։ Լուսանկարում վիրահատություն անցած քաղաքցու աչքն է։ Կարծում ենք՝ այս լուսանկարից պարզ կդառնա, թե քաղաքացին կորցրե՞լ է տեսողությունը, թե՞ ոչ, պարզապես գանգատվե՞լ է, թե՞ հուսահատության եզրին է։