Արդյունքն ակնհայտ է

Արդյունքն ակնհայտ է

Եթե մեր բոլոր ինստիտուտները կայացած լինեին, եւ պետության գլխին նստած լինեին հմուտ եւ գիտակ կառավարիչներ, կարելի էր նրանց վստահել ամեն ինչում։ Եվ ակնկալել, որ նրանք կծառայեն մեր պետության շահերին ու մեզ վտանգների չեն ենթարկի։ Կկարողանան արտաքին քաղաքականության մեջ դիվանագետ լինել, ներքին քաղաքականության մեջ՝ ճկուն։ Պատերազմի ժամանակ պաշտպանել մեր զինվորներին ու խաղաղ բնակչությանը։

Տնտեսական ճգնաժամերի ժամանակ տնտեսությունը զերծ պահել ցնցումներից։ Բնական աղետների ժամանակ արագ մոբիլիզացնել համապատասխան ռեսուրսները։ Համաճարակների ժամանակ կանխել դրանց տարածումը։ Սոցիալական հարցերը լուծել առանց հասարակությանն աղքատության եզրին հասցնելու, կրթական համակարգն այնպես կառավարել, որ որակյալ մասնագետներ ունենանք, առողջապահության համակարգում օպտիմալ կառավարում իրականացնել, գիտության մեջ տեղ տալ տաղանդավորներին եւ այլն։ Բայց ակնհայտ է, որ այսօր չունենք նման իշխանություն եւ առաջիկայում էլ դժվար թե ունենանք։ Ուստի յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվության աստիճանից են կախված մեր բարօրությունը, պաշտպանվածությունը, բարեկեցությունը եւ առողջությունը։

Եթե ոմանք կարծում են, որ տարբեր համակարգեր, դիցուք՝ արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարությունները, կոմպլեկտավորված են բացառապես խելացի եւ երկրի օգուտն ու վնասը հասկացող կադրերից, իսկ, ասենք, մտավորականները, բժիշկները կամ լրագրողներն ավելի վատ են հասկանում դա եւ չեն կարող տարբերակել, թե որն է մեր պետության շահը, ապա չարաչար սխալվում են։ ՊՆ-ում նստած մի կիսագրագետ չի կարող որոշել, թե որն է հայրենասիրությունը, որ գործողությունից ու խոսքից է մեր պետությունը շահում, որից՝ տուժում։ Այսքան տարի որոշել են՝ տեսել ենք դրա արդյունքը։