Իշխանությունը «զադնի» է դնում. որ դեպքերում արտոնություններ կլինեն

Իշխանությունը «զադնի» է դնում. որ դեպքերում արտոնություններ կլինեն

Երևանի ավագանու այսօրվա նիստում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը զեկուցեց Երևանի տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին 2024-ի մարտի 12-ի ավագանու որոշման մեջ փոփոխություն կատարելու, արտոնությունների շրջանակը լայնացնելու հարցը։

Նա ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները, որոնցով նախատեսվում են արտոնություններ Երևանից դուրս հաշվառված թոշակառուների, 4 և ավելի երեխաներ ունեցողների, հաշմանդամ երեխաների, ընտանեկան նպաստ ստացողների և այլ սոցիալական խմբերի համար, ինչպես նաև փաթեթների ժամկետների երկարացման վերաբերյալ։

Սուրեն Գրիգորյանը նշեց, որ 850 հազար քաղաքացի տրանսպորտից օգտվելու է արտոնություններով։

Պատասխանելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի հարցին, թե ինչու տրանսպորտի ուղևարձը 100 դրամ սահմանելու մասին իրենց նախագիծը 17 հազար քաղաքացիների ստորագրություններով չի գալիս օրակարգ, փոխքաղաքապետը նշեց, որ այսօր քննարկվելու է «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջարկած նախագիծը։

Պատասխանելով ավագանու ընդդիմադիր անդամ Հայկ Գևորգյանի հարցին, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ նախատեսվում են արտոնություններ սահմանել աղբահանության և գույքահարկի պարագայում։

Նշենք, որ նախորդ տարում ավագանու որոշմամբ (ոչ ընդդիմադիր խմբակցությունների) գույքահարկի գինը թանկացել էր, նաեւ աղբանահանությա վճարն արվելու էր տան քառակուսի մետրով, ինչը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել հանրության շրջանում։ Ելնելով նաեւ այդ դժգոհությունից՝ իշխանությունը այս բոլոր հարցերում «զադնի» է դնում։