Նորընտիր ռեկտորն էլ ուրախ չէ ընտրության արդյունքից

Նորընտիր ռեկտորն էլ ուրախ չէ ընտրության արդյունքից

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում երեկ տեղի ունեցավ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի 2-րդ փուլը։ Հիշեցնենք, որ առաջին փուլը տեղի էր ունեցել երկու շաբաթ առաջ, երբ հայտ էր ներկայացրել ռեկտորի 6 թեկնածու, որոնցից 2-ը հանեցին թեկնածությունը, քանի որ, իրենց իսկ խոսքերով, ընտրության արդյունքներն ի սկզբանե կանխորոշված էին եւ ուղղորդված։ 

Երեկ արդեն՝ 2-րդ փուլից առաջ, ռեկտորի թեկնածու Պարգեւ Բալջյանը ռեկտորի 5 թեկնածուների եւ բուհի 30 դասախոսների անունից կարդաց համատեղ հայտարարություն՝ կոչ անելով վերցնել պատասխանատվություն եւ առաջնորդվել ոչ թե նեղ անձնական կամ խմբակային շահերով, այլ գերադասել պետական եւ հանրային շահը։ «Այս ընտրությունը ոչ թե անձերի, այլ սկզբունքների մեջ է։ Դուք ունեք հնարավորություն՝ կանգնեցնելու վերջին տասնամյակում մեր համալսարանի վարկանիշի շարունակական անկումը եւ վերականգնելու պոլիտեխնիկի համբավը կամ դրա փոխարեն վերարտադրել մեր համալսարանի անփառունակ շարունակական կառավարումը»,- նշեց Պ․ Բալջյանը, ով հայտարարության տեքստին հավելեց նաեւ իր կարծիքը․ «6 թեկնածու կար, բայց մտածում եմ, եթե 26-ն էլ լինեին, միեւնույն է՝ նույն արդյունքը կունենայինք, եւ անգամ եթե այդ ցուցակում Նյուտոնն էլ լիներ, այդ 16 ձայն ստացողը ստանալու էր էլի այդ ձայները»։ 

Երկրորդ փուլ անցած ռեկտորի միակ թեկնածուն՝ Գոռ Վարդանյանը, իր պատասխան ելույթում կարճ ներկայացեց իր հայեցակարգի թեզերը եւ նշեց, որ լիահույս է՝ խորհրդի կողմից ստանալ վստահության մեծ քվե։ Բուն քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում․ խորհրդի 32 անդամներից ներկա էր 23-ը, որոնց քվեները հաշվելու համար մոտ մեկուկես ժամ պահանջվեց, ինչից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը դուրս եկավ ու հայտարարեց, որ եղել են քվեաթերթիկներ, որոնք ակնհայտորեն հակասում են կանոնակարգի 34 կետին (ավելորդ ընդգծումներ, գրառումներ), բայց հանձնաժողովի անդամների մեծամասնությունը քվեարկել է, որ դրանք համարվեն վավեր քվեաթերթիկներ, ինչը ինքը՝ որպես հաշվիչ հանձնաժողովի նախագահ, հրաժարվում է արձանագրել։ Նման հայտարարությունից հետո պարալիզացվեց ընտրական ողջ գործընթացը, դահլիճում եղան անգամ փոխադարձ վիրավորանքներ, եւ անվտանգության աշխատակիցների միջամտությամբ վեճը տեղափոխվեց դահլիճից դուրս։ Այս հանգամանքը ստիպեց, որպեսզի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը բոլորին, այդ թվում՝ լրագրողներին, դուրս հրավիրեր դահլիճից։ Ակնհայտ էր, որ խոսքը գնում էր որոշիչ քվեաթերթիկների մասին, որոնց վավերականությունը հաշվել-չհաշվելուց էր կախված՝ Գոռ Վարդանյանը կընտրվի՞ բուհի ռեկտոր, թե՞ ոչ։

Ի վերջո, քննարկումները մի կես ժամ էլ փակ դռների հետեւում շարունակելուց հետո խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը դեմքի տխուր արտահայտությամբ հայտարարեց, որ Գոռ Վարդանյանը հավաքել է անհրաժեշտ 17 ձայնը, հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից 3-ը ստորագրել են արձանագրությունը, 2-ը հրաժարվել են ստորագրելուց․ «Որոշեցին, որ մի քվեաթերթիկն է անվավեր, մնացած երկուսը՝ ոչ։ Արդյունքները ստորագրել են 3-ը, մնացած 2-ը հրաժարվեցին ստորագրել»։ Մուսայելյանն իր խոսքում նաեւ նշեց, որ ընտրությունների նման ընթացքը խայտառակ էջ էր բուհի պատմության մեջ։ «Ընդհանուր մթնոլորտը նկատի ունեմ՝ էս մի քանի ամիսը, վերջին 2 շաբաթը, որը, կարծում եմ, վայել չէր պոլիտեխնիկին, եւ երբեք չէի ուզենա, որ այս մթնոլորտը տիրեր պոլիտեխնիկում»,- մանրամասնեց նա։ 

«Ներկայացնել, որ սարսափելի խախտումներ են տեղի ունեցել եւ այլն, այդպես չէ, նորմալ է, որ ինչ-որ մարդկանց արդյունքը դուր չի եկել»,- իր խոսքում նշեց հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ՝ Վարդան Պետրոսյանը։ 

17 կողմ, 5 դեմ, մեկ անվավեր ձայներով ռեկտորի պաշտոնում ընտրված 29-ամյա Գոռ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ փորձել է այնպես անել, որ լարվածությունը քիչ լինի, մարդիկ հայտնեն իրենց կարծիքը, մոտեցումները, եւ այն մթնոլորտը, որ ներկայացվեց, դա իրականությունը չէ։ Ռեկտորի թեկնածուներից Պարգեւ Բալջյանի այն դիտարկմանը, որ եթե անգամ թեկնածուների ցուցակում Նյուտոնն էլ լիներ, ինքը, միեւնույն է, անհրաժեշտ ձայները հավաքելու էր, նորանշանակ ռեկտորը միանգամայն լուրջ հայտարարեց, որ եթե Իսահակ Նյուտոնը լիներ թեկնածուների ցուցակում, ինքն ինքնաբացարկ կաներ։

Հետաքրքրվեցինք․ իսկ իրեն գոհացրե՞ց ընտրությունների նման ընթացքը, եւ ինչո՞վ է դա բացատրում։ «Իհարկե չգոհացրեց, եւ դա բացատրում եմ նրանով, որ ընտրական պրոցեսում եղել է արհեստական լարվածություն, չեմ ցանկանում հասցեագրել, ունեմ իմ կասկածները, մոտեցումները, բայց իմ գործունեությամբ փորձել եմ բուհի ներսում այս պրոցեսները հեռացնել այլ մոտեցումներից ու ձեւակերպումներից, եւ, թվում է, լարվածությունն իր գագաթնակետին հասավ, ու այդ գագաթնակետը դուք լուսաբանեցիք։ Դրա համար ես այդ արդյունքից ուրախ չեմ, բայց սա ավելի է պարտավորեցնում ինձ, որպեսզի նպաստեմ, որ նման մթնոլորտ երբեւիցե էլ պոլիտեխնիկում չլինի»։

Այն, որ ռեկտորի այս ընտրությունները շատերը, այդ թվում՝ խորհրդի նախագահը, որակեցին խայտառակ բուհի ողջ պատմության մեջ, նորընտիր ռեկտորն ասաց․ «Ես համաձայն եմ, որ որակապես նման աստիճանի լարվածությամբ, նման վեճերի մակարդակով չի եղել, բայց էլի նախորդ տարիներին պոլիտեխնիկում ռեկտորի ընտրությունները եղել են մրցակցային սկզբունքներով, բայց հնարավորինս առողջ ձեւով, եւ այն դրսեւորումները, որ եղան այսօր, չեն եղել, եւ կարծում եմ՝ պարոն Մուսայելյանը համեմատելով է ասել, որ այս կարգի, այս ձեւաչափով ընտրություն չէր եղել»։