Ալիեւի «կրոնական խեղկատակությունների» առնչությամբ Մոսկվայում ասելիք չունե՞ն

Ալիեւի «կրոնական խեղկատակությունների» առնչությամբ Մոսկվայում ասելիք չունե՞ն

Երեկ Բաքվի բռնապետական վարչակազմը Ադրբեջանում բնակվող ուդիա-ալբանական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպել էր զատկական այցելություն Լաչին՝ Ծիծեռնավանք (Աղօղլան) վանական համալիր։ Այցելությանը մասնակցել են նաեւ մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ադրբեջանի՝ կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքը համակարգող գերատեսչության ներկայացուցիչներ։

Արդեն օրվա երկրորդ կեսին ադրբեջանական մամուլում հայտնվեցին ուդիա-ալբանական քրիստոնեական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբելիի եւ նրա տեղակալ Ռաֆիկ Դանակարիի հակահայկական հայտարարությունները, որոնցում փորձում են մեղադրել հայ ժողովրդին վանքի արտաքին տեսքի փոփոխման եւ կեղծարարության մեջ, որով իբրեւ թե ալբանական սրբավայրը դարձվել է հայկական։ Այն, որ այս մարդիկ այլ բան չէին կարող ասել, կասկածի տեղիք չի կարող տալ, ի վերջո՝ բոլորին է հայտնի, որ ուդիա-ալբանական քրիստոնեական համայնքն Ալիեւի հակահայկական «գործիքակազմի» մաս է կազմում։

Հետաքրքրականն այստեղ, ինչպես ասում են՝ «բեմականացման» գործող անձինք են։ Նախ՝ շատ զարմանալի է, որ Ռաֆիկ Դանկարին կրոնավորի տարազով է հանդես գալիս։ Որքան հայտնի է պատմությունից, Աղվանից պատմական եկեղեցին, որը Հայ եկեղեցու Աղվանից թեւն է հանդիսացել, ի դեմս Գանձասարի հայոց կաթողիկոսության, լուծարվել է 19-րդ դարի 20-30-ական թվականներին։ Խորհրդային տարիներին էլ, ինչպես ոլորտի մասնագետներն են նկատում, ուդիները հանդիսացել են Հայ եկեղեցու հետեւորդներ։

Հետեւաբար, հարց է առաջանում․ ըստ տեղեկությունների՝ պոլիտեխնիկական կրթություն ունեցող Դանկարին ինչպե՞ս է կրոնավորի տարազ հագել, ո՞վ է նրան այդ իրավունքը տվել։ Ի վերջո, որքան էլ բարդ լինի կրոնական-աստվածաբանական ոլորտը, պարզ հասկացություններ կան, որոնք քաղաքացիական կյանքում էլ են նույնը՝ եթե ոստիկան չես, իրավունք չունես ոստիկանի համազգեստ կրելու, եթե զինվորական չես, ինչո՞ւ պետք է կրես զինվորականի համազգեստ։ Նույնը նաեւ կրոնավորի համազգեստի մասին է։ Եթե Դանկարին իրոք կրոնավոր է, ապա, հարց՝ որտե՞ղ է ուսանել, որտե՞ղ է ստացել այդ կոչումը, ո՞ր պատմական եկեղեցական կենտրոնում կամ ո՞ր պատմական եկեղեցական կենտրոնի թույլտվությամբ է կրում կրոնավորի զգեստ ու նման ջանասիրությամբ հայ ժողովրդին մեղադրում կեղծարարության մեջ։ 

Սա արդեն անլրջությունից բացի նաեւ վիրավորական պետք է լինի Ադրբեջանում գործող եւ օրինական գործող կրոնական քրիստոնեական կառույցների ու հատկապես Ռուս ուղղափառ եկեղեցու համար, որովհետեւ Ալիեւի վարչակարգը նման խեղկատակ շոուներով, օրինակ, ռուս ուղղափառների կրոնական համազգեստին բավական մոտ համազգեստը ենթարկում է ծաղրանքի ու արժեզրկում է այն։