Սուգ է հայտարարվում, երբ չորս տարի սգի մեջ ենք․․․

Սուգ է հայտարարվում, երբ չորս տարի սգի մեջ ենք․․․

Հայաստանն արդեն բարձր ձայներից, գոռոցներից, աղմուկից, պատերազմի վտանգից չի արթնանա։ Վերջին տարիներին նրան տրվել է աղմուկի, ցավի, տառապանքի ամենաբարձր դոզան։ Վերջին տարիներին նրան տրվել է խաբվելու, հիասթափվելու, պարտվելու, նսեմացվելու, արժանապատվությունը տրորվելու պիկը։ Այդ մասին գիտի նրա «Բժիշկը»։ 

․․․Ու եթե խայտառակ  պատերազմից հետո Հայաստանը չարթնացավ, դժվար է նրան արթնացնել Սուրմալուով, տնեզրկմամբ, տարածքների կորստով ահաբեկչական տեղեկատվությամբ։ 

Բայց կա ելք։ Բժշկության մեջ էլ նման բան կա։ Երբ հիվանդը ամիսներ շարունակ «խորը քնի մեջ է լինում» ու հանկարծ նա հանգիստ արթնանում է մի նուրբ ու քնքուշ ձայնից։ Նման դեպքեր շատ են արձանագրվել։ Բարձր ձայները, գոռոցները նրա վրա չեն ազդում, բայց ուղեղը որսում է այդ նուրբ ձայնն ու արթնանում։ 

Հիմա Հայաստանն այդ վիճակում է։ Նրան կարող է արթնացնել, համախմբել նուրբ հուզական ձայնը։ Վերջին ամիսներին այդ նուրբ ձայնը երկու անգամ ուզում էր աշխատել, բայց երկու անգամ էլ լռեցվեց։ Առաջինն այն էր, երբ հղի կնոջը կառավարական շարասյան մեքենաներից մեկը վրաերթ էր արել ու սպանել։ Մարդիկ համախմբվեցին իրենց գթասրտությամբ, սիրով, ծնողական բնազդով։ Բայց օրենքի բիրտ ուժը լռեցրեց այդ հուզական լարը, ու Հայաստանը չարթնացավ։ 

Երկրորդը Սուրմալուի ողբերգությունն է,  երբ հղի կինն ու իր հնգամյա հրաշք տղան մնացին փլատակների տակ, մնացին կրակե դժոխքում։  Դա ամենանուրբ լարն էր, ամենանուրբ նոտան, որը կարող էր համախմբել Հայաստանը։ Բայց այդ ձայնն էլ շուտով օրենքի ուժով կլռեցվի։ Արդեն երևում են սև ծաղիկները։ Հայտնվել են անթև հրեշտակներ, ովքեր մտածում են իրենց ձեռքով գեհենի մեջ մտցրած Հայաստանի մասին ու ասում են՝ այդ մասին լռե՜ք, ցավ եք պատճառում։ Համազգային մակարդակով սուգ է հայտարարվում, երբ չորս տարի ՝ սգի մեջ ենք․․․ ու չենք գիտակցում մեր վիճակը։ Ու սուգ չի հայտարարվում։ Սգի օրվա մեջ այդ ձայնն էլ կխեղդվի, ինչպես խեղդվեց մյուս ձայնը․․․ Կրկին քնեցման պրոցես կընթանա ու կլռվի ամեն ինչ։ «Բժիշկը» լավ գիտե իր գործը։