Անվտանգության տեսանկյունից ռազմական դրությունը հանելը խնդիր չէ

Անվտանգության տեսանկյունից  ռազմական դրությունը հանելը խնդիր չէ

Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում մեկ հարց է՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացել է նիստին, քվորում կա, բայց  մինչ հարցի քննարկումը քսան րոպե ընդմիջում վերցրեց՝ մեկնաբանելով, որ ձեւակերպումների որոշակի խնդիր կա։
Խորհրդարանի ամբիոնից նախագիծը ներկայացնում է ԼՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Գորիգսրյանը։ Նա նշեց, որ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման մեջ նշված հանգամանքները՝ վտանգը ՀՀ-ի վրա զինված հարձակման, սպառնալիքը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, այլեւս չկան, ուստի անհրաժեշտություն կա վերացնելու ռազմական դրությունը։
Ասաց, որ ռազմական դրության պահպանմամբ շարունակվում են սահմանափակումները՝ հավաքների ազատության, գործադուլների, եւ այլն։ Նրա խոսքով՝ սա նաեւ տնտեսական վատ ազդեցություն է ունենում։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը Գորգիսյանի հետ համաձայնեց հավաքների ազատության, ազատ տեղաշարժի, երկրից դուրս գալու սահմանափակումների առումով, սակայն հարց հնչեցրեց՝ հնարավոր չէ՞ կառավարությանը ժամանակ տալ՝ չեղարկելով միայն այս ժամանակավրեպ սահմանափակումները եւ թողնել ռազմական դրության այն հատվածը, որը վերաբերում է հումանիտար օգնությանը եւ մոբիլիզացիոն գործընթացներին։

Գորգիսյանը պատասխանեց, որ ԱԺ-ն կարող էր նախաձեռնել ռազմական դրության մասնակի չեղարկման նախագիծ։ Նա նշեց, որ քանի օր է՝ իրենց այս նախագիծը շրջանառությանմեջ է, սակայն իրենք որեւէ առաջարկ չեն ստացել՝ այդ թվում «Իմ քայլը» խմբակցությունից։

Միաժամանակ, Գորգիսյանի խոսքով, Գլխավոր շտաբի ներկայացուցիչ գեներալ Ալբերտ Բաղդասարյանը հանձնաժողովի նիստում նշել է, որ անվտանգության տեսանկյունից խնդիր չի առաջացնում ռազմական դրության հանելը: «Ես առաջարկել եմ, որ ԱԺ-ն ընդունի որոշումը, որն ուժի մեջ կմտնի որոշ ժամանակ անց, որ մենք ունենանք որոշակիություն, որ հույսներս չդնենք Կառավարության գործունեության կամ անգործության վրա, մենք ի վերջո խորհրդարանական երկիր ենք»,- ասաց նա: