Փչացած ավտոյի, Նիկոլի և մեր հիմար վիճակի մասին

Փչացած ավտոյի, Նիկոլի և մեր հիմար վիճակի մասին

Անցան այն ժամանակները, երբ թյուրիմացաբար մտածում էինք, որ Նիկոլը մեր տղան է և չի անի բաներ, որոնք կվնասեն Արցախին ու Հայաստանին: Այդ ժամանակներն անցան անդառնալիորեն: Նիկոլ Փաշինյանն արդեն հատել է վերադարձի գիծը և շարունակում է առաջ ընթանալ Հայաստանում և Արցախում շատերի համար անհայտ ուղղությամբ: Այլ խոսքով` Նիկոլը դադարել է լինել մեր Նիկոլը: 

Մարդիկ կան, որ պնդում են, թե 20 թվի նոյեմբերի 9-ից էր պարզ, որ նա մերը չի: Ինձ համար, սակայն, դա պարզ դարձավ, երբ նա հրաժարական չտվեց և չհեռացավ` որպես կապիտուլացված ղեկավար: Նա եթե մերն էր, պարտավոր էր ստանձնել իր մեղքն ու հեռանալ, մինչդեռ արեց ամենաանհավանական քայլը` մնաց: Այդպես չէր արել դեռ ոչ մի պարտված առաջնորդ: Եվ ես նրա այդ քայլը ավելի մեծ մեղք եմ համարում, քան, այո, անհավասար պատերազմում դուռակ-դուռակ հրամաններ տալով պարտվելը: Պատերազմ էր, կարելի էր հասկանալ ու ներել անգամ զոհերի արյունը, բայց այդ արյան վրա խեղկատակություններ անելով մնալը, կներեք, վեր էր մարդկային երևակայության բոլոր սահմաններից:

Մնա՞ց, թե՞ պահեցին: Սա էլ մի ուրիշ հարց է, որ դեռ պետք է քննվի: Արդյոք նա պարտավոր չէ՞ր իր ժողովրդին ասել այդ մասին, խնդրել, որ իրեն խլեն այդ աներևույթ ուժի ձեռքից: Ինքը տեսնում էր չէ՞, գիտեր չէ՞, որ իրեն տանում են դեպի նոր պարտությունների և զիջումների, որ իր հետ էլ երկիրն են քարշ տալիս դեպի անդունդը: Եվ ո՞վ այդ ճակատագրական պահին նրա ձեռքը տվեց հայտնի բանտիկով չագուճը, որ շարունակի մանիպուլացնել ու հիմարացնել շարքային քաղաքացիներին: 
Չգիտեմ, այստեղ նրանց մեղքն էլ կա, որ գուցե և գիտեին, թե ով է շարժում Նիկոլին, բայց վախենում էին ձայն հանել: Ես ընդամենը մի ֆրազ եմ լսել Սերժ Սարգսյանից, այն է` ես Նիկոլին չեմ պարտվել, պարտվել եմ ավելի մեծ ուժերի: Իսկ ո՞ւր են հստակ մատնանշումները: Սորոս, Արևմուտք, ԱՄՆ... Այս բառերը ոչինչ չեն նշանակում: Ո՞ւր էր ԱԱԾ-ն: Եթե Սերժ Սարգսյանը գիտեր, թե ինչ ուժեր են դրանք, ԱԱԾ-ն չգիտե՞ր: Ո՞վ էր զեկուցել Սերժ Սարգսյանին: Հավանաբար ԱԱԾ-ն էլ Սերժ Սարգսյանից մի ոտ շուտ էր պարտվել մեծ ուժերին` այդ մասին իմանալով թերթերից:  Բայց տեսեք` ինչ են անում հիմա, ինչպես են ճնշում ընդդիմությանն ու ոտքի կանգնած ժողովրդին, որպեսզի Նիկոլին հանկարծ բան չպատահի: Եվ ինչո՞ւ միայն ԱԱԾ-ն: Ոստիկանությո՞ւնը երբ հասցրեց պարտվել այդ ուժերին, իսկ բանա՞կը, որ խայտառակ պատերազմից հետո անգամ ի վիճակի էր Հայաստանից վռնդել կամ հողին հավասարեցնել Նիկոլին էլ, նրան պահող ուժին էլ:
Նիկոլն իսպառ մոռացել է արգելակների մասին: Այս պահին արդեն օգուտ էլ չկա դրանցից: Նա դե ֆակտո այլևս Հայաստանի վարչապետ չէ: Չգիտեմ էլ ինչ է` ֆուտբոլի գնդակ, փափուկ խաղալիք, ոստիկանի փչած փուչիկ, ԱԱԾ-ի դուբինկա, լուսաձայնային նռնակ, Ալֆա ջոկատ... Նա այսօր վարչապետ է, որովհետև վարչապետ է, և միայն այդքանը: Լևոն Տեր-Պետրոսյանը մի առիթով չարախնդաց ընդդիմության երեսին` դուք ինչ էլ անեք, դրսինները խոսում են ՀՀ իշխանությունների հետ, իսկ ՀՀ իշխանությունները Նիկոլն է: Դե յուրե, այո, բայց նրան, ախր, ինչ ուզում անում են դրսինները: Տանում են Բրյուսել` ուրիշ երգեր են երգացնում, տանում են Մոսկվա` բոլորովին ուրիշ: Ժողովրդի առաջ էլ ուրիշ երգեր է երգում... Այնքա՜ն երգ գիտի, որ էլ չասելու: Ու մեզ ձեռ են առնում բոլորը, մեր հաշվին առաջ տալիս իրենց ծրագրերն ու քաղաքականությունը:

Կարդացե՞լ եք նրա ծննդյան օրվա կապակցությամբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների ուղերձները: Ձեռ են առել, չէ՞: Ականավոր ու ակնառու քաղաքական գործիչ են անվանում Նիկոլին: Հավատացեք, որ հոբելյարից ավելի լավ ոչ ոք չի հասկացել, որ իրեն ձեռ են առնում: Բայց դու ասա` նրա հոնքն էլ շարժվե՞ց դրանից: Չէ, ինքը գնում է դեպի ապագա, դեպի ժողովրդավարության ավելի բարձրագույն խումբ, դեպի խաղաղության դարաշրջան... Ասում ես` մի քիչ կամաց քշի, գոզալ, դեռ կարելի է ինչ-որ բան փրկել ավերածիցդ, տվածիցդ, քանդուքարափ արածիցդ... Տանձին չի, ինքը գնում է: Լավ, էլի թող գնա, բայց մի բերան Ալիևին ասի` զորքդ հանիր Հայաստանից, որ սահմանների հարցով զբաղվենք, թող մի բերան ասի` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մի քիչ ուրիշ բաներ խոսի, ձգի, երկարացնի, արգելակի վերջապես այս պրոցեսը, որ երկիրը տանում է անդունդ: Արգելակի՞: Արգելակ կա՞, որ արգելակի:

Եվ ի՞նչ անել այս իրավիճակում, ինչպե՞ս նրան հանել այդ մեքենայի միջից, ինչպե՞ս չունենանք Նիկոլ անունով դե յուրե վարչապետ, որ նրան պահողներն ու նրա հետ խոսողները վերջապես հասկանան` վերջ, չի կարելի գնդակի պես տշել մի բան, որ պարզապես գոյություն չունի որպես բանակցող: Ի՞նչ անենք, խփե՞նք... Ուր էր, թե մի ձևով հասկացներ` խփեք ինձ տղերք, էլ չեմ կարողանում: Բայց նույնիսկ այս իրավիճակում ավտոյի միջից ձեռքով է անում` լոխ լավ ա, անվտանգություն, իրավունքներ, ֆլան, ֆստան: Ու ես վախենում եմ: Վախենում եմ, որ նրան կխփեն դրսինները, երբ արդեն տեսնեն, որ Նիկոլ կոչված կատակերգությունը վերածվում է անհամության: Մի հիմար բան կանեն ու կգցեն մեզ վրա: Էն ՔԿ-ում մի խելացի երիտասարդ է աշխատում, այդ գործի վարպետն է: Բլթացրել է, թե Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած բախումը ընդդիմության ղեկավարներն են ուղղորդել: Այ հընգեր, դու այնտեղ չես եղել, ես եմ եղել, իմ ընտանիքի անդամներն են եղել, մեզ ոչ ոք չի ուղղորդել և ոչ էլ տարել բախման: Բախումը սադրել են քաղաքացիական հագուստներով անձինք, որոնց ոստիկանությունը ճանաչել և քնքշորեն հանել է ծեծկռտուքի միջից: Փաստեր կան, իմացա՞ր: Իսկ եթե քեզ այլ բան են զեկուցել, դա արդեն քո խնդիրն է և ոչ միայն քոնը: Դա շատ ավելի մեծ խնդիր է, քան դու ես պատկերացնում: Վաղը որ ձեր խելագար շոֆերին մի բոզի տղա խփի, պիտի նույն ձևի զեկուցեն քեզ, հասկանո՞ւմ ես:
Ազնվորեն խոստովանեմ` չգիտեմ սրա վերջն ինչ է լինելու: Ու ինձ այլևս մի հարցրեք` ի՞նչ ես ասում, սա կգնա՞: Սա գնում է, ժողովուրդ ջան, մենակ թե մեզ էլ հետն է տանում: Ու մեկ էլ մի տհաճ լուր, մենք արգելակներ չունենք: