ՌԴ-ն ՀՀ-ին ասում է՝ եթե համարում ես, որ քո տարածքն է, կանգնիր`պաշտպանիր, որ մենք էլ քեզ օգնենք

ՌԴ-ն ՀՀ-ին ասում է՝ եթե համարում ես, որ քո տարածքն է, կանգնիր`պաշտպանիր, որ մենք էլ քեզ օգնենք

Հարցազրույց Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ

- Պաշտոնական մակարդակով հաղորդվեց, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ ՌԴ նախագահների միջեւ եռակողմ հանդիպումը կկայանա տեսակոնֆերանսի միջոցով, սակայն ժամկետն անցել է, իսկ այն տեղի չի ունենում։ Ունե՞ք վարկած։

- Վարկած չէ` հստակ տեղեկություն։ Չկա համաձայնություն։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կողմերը ոչ մի ընդհանուր մոտեցման չեն կարողանում գալ։ Կա ինչ-որ ընդհանուր առանձին տակտիկական հարցերով դիրքորոշումների մոտեցում, բայց ոչ ընդհանուր։ Եվ վիճակն այն է, որ Հայաստանը խուսափում է պատերազմից, Ադրբեջանը սպառնում ու շանտաժ է անում լայնամասշտաբ պատերազմական գործողություններով, իսկ երրորդ կողմի դիրքորոշումն էլ այն է, որ սահմանները որոշեք, թե որը որն է, որ մենք էլ իմանանք, թե ինչն ենք պաշտպանում, ինչը չենք պաշտպանում։ Բանակը բերեք նորմալ վիճակի։ Այս 3 հակադիր դիրքորոշումների պատճառով է, որ այս պահին հանդիպման իմաստը կորում է։ Իսկ երրորդ կողմի դիրքորոշման մասին խոսելով՝ նկատի ունեմ փաստաթղթերով տրված պատասխանները։ Ենթադրենք՝ Ադրբեջանը, օգտվելով իրավիճակից, ագրեսիայի է դիմում, ուզում է պոկել ամեն ինչ, վերահսկողություն սահմանել այդ սկզբունքային ճանապարհների վրա, իր բաղձալի միջանցքին հասնել, Հայաստանն էլ չի ուզում ներքաշվել պատերազմի մեջ՝ արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանին` չորոշված, Ռուսաստանն էլ պետք է ստիպված մասնակցի։ Սա բոլորը հասկանում են, բայց չեն կարողանում հասկանալ, թե որ կետից է մտնում Ռուսաստանը, որ կետից են սկսվում էդ ռազմական ընդհարումները, որոնք կարող են լոկալ պատերազմական իրավիճակից անցնել ավելի լայնածավալի։

- Բայց չի՞ ստացվում, որ չստորագրելով՝ այսպես ավելի վատ է։ Այսինքն՝ ինքը չի գնում, Ադրբեջանն անընդհատ մտնում է, գրավում։

- Ճիշտ եք։ Հենց դա կանխելու համար ասում ենք, առանց հուզական դաշտ մտնելու ու ասելու, որ չենք աշխատում ո՛չ Ռուսաստանի հետ, ո՛չ միջազգային հարթակներում եւ այլն։ Նաեւ այն, որ այսքան լկտիացել են, որ արդեն հնարավոր ամեն ինչ ուզում են պոկել, ու այստեղ արդեն հայկական բանակի հարցն է, հայկական պետության հարցն է, որը պետք է ցույց տա՝ բանակն իր ֆունկցիան կատարո՞ւմ է, թե՞ ոչ։ Ռուսական կողմն էլ է ասում․ «Եթե դուք համարում եք, որ ձեր սահմանն է, ձեր տարածքն է, ու համարում եք, որ պետականություն եք եւ ունեք բանակ, ձեր բանակը պիտի իր ֆունկցիաները կատարի, բանակը, սահմանային ծառայությունները եւ մնացած ուժային կառույցները»։ Այսինքն՝ այն, որ չեն կատարում, նշանակում է, որ կա՛մ հրաման չկա, կա՛մ հրամանը կիսատ-պռատ է, կա՛մ մտածված չէ, կա՛մ էլ շատ խորը ստրատեգիաներ են իրականացվում, որոնք բերում են կետերի, դիրքերի, տարածքների կորստի։ Էս իրավիճակում բանակի հարցն է։ Ադրբեջանը, որ անընդհատ ասում է՝ մենք ուժով կվերցնենք, էս կանենք, էն, էսօրվա դրությամբ չկա նման բան։

- Երբ ԱԺ-ում հարց բարձրացվեց, թե ով է տվել զորքերը հետ քաշելու հրամանը, Փաշինյանն ասաց՝ ես։ Իսկ Կարապետյանն ասել էր՝ ով ՀՀ սահմանից անցնի, գնդակահարեք, բայց ՀՀ դիրքապահները հանգիստ հանձնում են։

- Դրա համար իրեն փոխեց Սուրեն Պապիկյանով։ 

- Ինչո՞ւ փոխեց։

- Ցանկացած պաշտպանության նախարար, եթե իր պետության սահմանների վրա կրակում են կամ մտնում են, պարզ է՝ պիտի միջոցներ ձեռնարկի։ Եվ եթե հրաման է տրվում, պետք է հասկանալ, թե այդ հրամանը որտեղից է տրվում։ Եթե մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք, կա գլխավոր գերագույն հրամանատար, ուրեմն՝ իրենից, եթե ոչ` ոչ։ Այս ամեն ինչի պատճառն այս անորոշությունն է․ Հայաստանը պատերազմական իրավիճակի մե՞ջ է, թե՞ ոչ։ Ու էս իրավիճակում պետք է պարզ ասեն՝ սա մեր սահմանը չէ, մենք սպասում ենք սահմանազատման։ Ենթադրենք։ Ռուսական կողմն էլ ասել էր՝ եկեք կողմնորոշվենք, հստակեցրեք, թե ձեր սահմանները որտեղ ինչ են։ Ընդ որում, ասվել էր, որ անպայման չէ, որ գաք համաձայնության Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ։ Միայն թե ռազմական գործողություններ չծավալեք ու կրակ իրար վրա չբացեք։ Բայց եթե Ադրբեջանն առաջ է գալիս, ապա հայկական բանակը պարտավոր է պաշտպանել, եթե պետք է ՝ կրակել։ Թող կրակի օդ, թող կրակի նախազգուշական կրակահերթերով։ Ու սա էն չէ, որ մենք, իբր, սադրանք ենք անում, որպեսզի Ադրբեջանը մտնի, ռազմական գործողություններ իրականացնի։ Պետք չէ այդ խրտվիլակներով մարդկանց վախեցնել ու խաբել` որ հեսա Ադրբեջանը զորքով կմտնի ու էդ միջանցքը կստանա: Սա բանակը պետք է հասկանա ու կանգնի իր տեղում։ Ռուսական կողմը դա է ասում․ որ եթե դու համարում ես, որ քո սահմանն է, քո տարածքն է, կանգնիր, պաշտպանիր։ Ես գոնե ուրիշ բան չեմ լսել ամենա-ամենա բարձր իշխանության կողմից։ Ռուսաստանի։ Իսկ եթե գնում ես պայմանավորվածությունների, գնա մինչեւ վերջ, որոշիր, թե դրանք որ կետից որ կետն են: Բայց այս իրավիճակում սահմանային բանակ չունենալը Հայաստանի համար կատաստրոֆա է։ Ու սահմանային բանակն այն չէ, որ էդ խեղճ երեխեքը կանգնած լինեն սարերում-չոլերում, անտերուդուս՝ վրանների տակ, առանց ինժեներական բաների ու տեխնիկական հագեցվածության։ Իսկ իրենց դիմացն էլ կանգնած են ՆԱՏՕ-ի զինատեսակներով զինված ժամանակակից թուրքական, պակիստանյան կամ իսրայելական սպեցնազի ղեկավարներ՝ ադրբեջանական համազգեստներով։ Ասածս այն է, որ հայկական կողմը, ամեն դեպքում, պետք է իր սահմանը գծի ու կանգնի։ Կամ էլ թող ասի՝ ես պայմանավորվածություններ պիտի ունենամ, սպասեք։ Բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում՝ այդ պայմանավորվածություններն ունենալու ընթացքում Ադրբեջանն ո՞ւր է հասնում, ինչո՞ւ է գալիս։ Եթե դու կոնսուլտացիաների մեջ ես, ուրեմն չպիտի առաջ գա։ Կամ էլ՝ պետք է հայտարարես, որ սա է իմ սահմանագիծը, իմ կարմիր գիծը, որտեղ պետք է կանգնի ադրբեջանցին, այս կողմից էլ՝ իմ սահմանապահը։

- Իսկ վստա՞հ եք, որ ռուսական կողմին չի ասել, որ դա է իր պայմանավորվածությունը։

- Ռուսական կողմը համարյա թե բոլոր պայմանավորվածություններից տեղյակ է։ Բայց շատ ծանր իրավիճակի մեջ է` քննադատենք, տեղ կա, այո, մեր տեսանկյունից, բայց ռուսական կողմն էլ ուզում է տեսնել այդ երկու կողմերի պայմանավորվածությունները։ Ու ռուսական կողմը 2 ճանապարհ ունի․ կա՛մ ինքնակամ ոչ մի միջազգային պայմանավորվածությունների, կա՛մ օրենքների մեջ չմտնող ձեւով գա, կանգնի Հայաստանի սահմանին, որն ինքը համարում է, որ դա է սահմանը, ու դրա համար ռուսական զորք բերի՝ խաղաղապահ կամ ոչ, տարբեր անունների տակ կանգնի թուրքական զորքի կոալիցիայի դիմաց։ Կամ էլ թե չէ ռուսական կողմը Հայաստանին ասում է՝ դե հիմա ասա՝ դու հե՞տ ես գնում, թե՞ առաջ, թե՞ կանգնում ես քո տեղում։ Բայց հայկական կողմը չի վերջացրել էդ կոնսուլտացիաները, երկխոսությունը ու չի պատասխանում։

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Արշակ Կարապետյանին փոխարինեց Պապիկյանով։

- Չենք կարող ասել, թե անուղղակի ինչ հրամաններ է ստացել Արշակ Կարապետյանը, եւ շատ հետաքրքիր է՝ որտեղի՞ց է ստացել, եւ ո՞վ կարող էր նրան էս իրավիճակում հրաման տար, որպեսզի․․․ եթե դա է պատճառը։ Բայց չեն բացահայտում, թե ինչի համար է։ Ու շատ հնարավոր է, որ էդ դիրքի մարդն իր վրա չի ուզում պատասխանատվություն՝ իմանալով, թե հետագայում ինչ դեպքեր կարող են տեղի ունենալ։ 

- Այսինքն՝ ի՞նքն է հրաժարվել։

- Տեսականորեն, Արշակ Կարապետյանը պետք է պատասխաներ էդ գործողություններին` ռազմական ուժի պատասխան, ազդեր ադրբեջանական կողմի քայլերին։ Չգիտեմ՝ ինքը դրա կողմնակի՞ցն է եղել, թե՞ ոչ, բայց դա պետք է աներ։ Չի եղել։ Այսինքն՝ Հայաստանի ղեկավարությունը համարել է, որ դա ճիշտ չէ, կամ էլ մինչեւ վերջ չի արել։ Այստեղ հասկանալու հարց կա, որովհետեւ Կարապետյանն էլ «անհասկանալի» որոշումներ էր ընդունել մինչեւ այս ամենը։ 

- Այսինքն, ստացվում է՝ ինչպես պատերազմի ժամանակ, երբ ռուսները հրադադար էին առաջարկում, Փաշինյանը չէր համաձայնում: 

- Ես չեմ կարող ազգանուններ տալ, բայց թե՛ Հայաստանում, թե՛ ՌԴ-ում պաշտոնյաները, որոնք լիազորված են էդ բաներն ասելու, ասել են` բանակի հագեցվածությունը հզորացրեք, տեխնիկան հանեք, կանգնեք սահմանին։ Դա չի նշանակում, որ դուք սադրում եք։ Դուք ձեր ճիշտը, կոպիտ ասած, պահեք, եթե չեք պահում, հետ եք գնում, ասում եք՝ կոնսուլտացիաներ են։ Դու՝ որպես պետություն, պետք է անես։ Իսկ ռուսական կողմն էլ է ասում՝ դու պետք է կանգնես, որ քեզ օգնենք։ Եթե դու չկաս, ասում ես՝ չէ, ես խաղաղասեր եմ, եկեք, ինչ ուզում եք արեք, նրանք էլ անելու են։ Խաղաղությունը, այո, գերխնդիր է, բայց այսօրվա դրությամբ էս իրավիճակի հետ այն ոչ մի կապ չունի։

Ադրբեջանն այսօր հյուսիսային եւ հարավային կողմից, Նախիջեւանից, Արցախի հյուսիսի հատվածներից մտցնում է դիվերսիոն խմբեր, որոնք մտնում են Հայաստան, դուրս են գալիս, նայում են եւ այլն։ Հիմնականում իրենց հետաքրքրում են ճանապարհները․․․ Իրենց մեջ կան հայախոս մարդիկ, որոնք ապրել են Հայաստանում, Արցախում։ Ու էս ամեն ինչի դիմաց, ՌԴ-ում առնվազն տպավորություն կա, որ մեր ուժային կառույցները ոչ ադեկվատ արձագանք են տալիս։