ՀԽ-ում կգտնվի՞ 23 չկառավարվող մարդ, որ Ստյոպայի կյանքը դժոխք կսարքի

ՀԽ-ում կգտնվի՞ 23 չկառավարվող մարդ, որ Ստյոպայի կյանքը դժոխք կսարքի

Ստյոպա Սաֆարյանի՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո ՀԽ շատ անդամներ հայտնել էին, որ պատրաստվում են հեռանալ խորհրդից, սակայն երեկվա դրությամբ, ինչպես հայտնեց ՀԽ մամուլի քարտուղարը, միայն Լարիսա Ալավերդյանն ու Հարություն Մեսրոբյանն էին դիմում գրել։ Իրականում, ինչպես տեղեկացանք, հիմա տրամադրությունները մի փոքր փոխվել են, եւ շատերն այն կարծիքին են, որ պետք է մնալ։ Թե չէ իրենց հեռացման դիմումներին Ստյոպա Սաֆարյանը միմիայն կողմ կլինի, եւ ավելին՝ իրենց անմիջապես կփոխարինի նոր, իշխանություններին ձեռնտու անդամներով։ Եվ հիմա շատերը հակվել են այդ մտքին՝ որ պետք է մնալ ու պայքարել։ Օրինակ՝ Անահիտ Աղոյանը մեր հարցին՝ մնալո՞ւ է, թե՞ գնալու, ասաց, որ դեռ որոշում չի կայացրել։ «Գնալու հավանականությունն ավելի մեծ է, բայց մտածելու բան կա»,- ասաց ՀԽ անդամը։ Նա չթաքցրեց, որ մտածելու բանն այն է, թե ինչքանով է գնալը եւ ամեն ինչ Ստյոպա Սաֆարյանին թողնելը ճիշտ։ Եվ բացի այդ էլ՝ տրամաբանական չէ․ եթե ամեն ինչում զիջում ես, ուրեմն ինչի՞ց ես բողոքում։

Իհարկե, կան անդամներ, որոնք անդրդվելի են չմնալու հարցում։ Մասնավորապես՝ Աիդա Թոփուզյանը։ «Հրապարակը» զրուցեց նաեւ առաջին դիմումը ներկայացրած Հարություն Մեսրոբյանի հետ։ Նա ասաց, որ իր հեռանալու պատճառը ոչ թե Ստյոպա Սաֆարյանի անձն է, այլ Հանրային խորհրդի նկատմամբ պետության կողմից այլ մոտեցումը։ «Անձերն ի՞նչ կապ ունեն։ Ի՞նչ կապ ունեն անձերը, եթե մինչեւ հիմա Հանրային խորհուրդը չունի անգամ տարածք։ Ա՛յ, նման հարցերն են, որ բացահայտում են պետության իրական վերաբերմունքը: Դուք լրատվամիջոց եք, դե պատկերացրեք, որ  չունեք տարածք։ Ի՞նչ եք անելու,- ասաց Մեսրոբյանն ու ավելացրեց, որ մի քանի շաբաթ առաջ զգուշացրել է, որ նման բան կարող է լինել, եւ հիմա դա դարձել է իրողություն։ - Ես խնդրում եմ բոլոր մարդկանց՝ եթե ինչ-որ բան են ուզում առաջարկել, մի հատ մտնեն այդ կայքն ու նայեն՝ ՀԽ-ն ո՞ր հարցերին է անդրադարձել, ի՞նչ լուծումներ է տվել, որոնք արդեն եղել են, որոնք արդեն ընթացքում են»։

Իսկ մնալու տրամադրությունների հիմնական բարձրաձայնողն Արծրուն Պեպանյանն է։ «Ես Հանրային խորհրդի վերջին նիստերից մեկի ժամանակ ասել եմ, որ, իմ տեղեկություններով, կան մարդիկ, որոնք մտածում են, որ եթե Վազգեն Մանուկյանից հետո ինչ-որ մարդկանց նշանակեն, պետք է հեռանան, ես առաջարկել եմ չշտապել եւ ասել եմ հետեւյալը։ Ես ուզում եմ հասկանալ՝ Հանրային խորհրդում կա՞ արդյոք 23 հոգի, ովքեր ինքնուրույն մտածում են եւ իրենք են որոշում կայացնում, որոնք չկառավարվող են։ Ասել եմ՝ եթե կհասկանամ, որ էդքան մարդ կա, հետեւաբար, իմաստ կունենան մնալն ու աշխատելը Հանրային խորհրդում։ Եթե կպարզվի, որ դրանից քիչ են, ինքս էլ կթողնեմ-կգնամ, որովհետեւ իմաստ չունի»,- ասաց Պեպանյանը։

Ինչ վերաբերում է 23 թվին, ապա սա, Արծրուն Պեպանյանի մեկնաբանությամբ, որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ թիվն է։ Կամ ավելի քիչ թվով, որովհետեւ կանոնադրությունն ասում է՝ «ներկաների պարզ մեծամասնությունը»։

Արծրուն Պեպանյանին հարցրինք՝ միայն որոշումներ ընդունելո՞ւ, թե՞ Ստյոպա Սաֆարյանի առաջարկները տորպեդահարելու, նրան, այսպես ասած, հանգիստ կյանք չտալու համար։ Հանրային խորհրդի անդամն ասում է՝ նման խնդիր ո՛չ ինքը, ո՛չ մյուսներն իրենց առաջ չեն դրել։ «Դա էական չէ, ես չեմ ասել՝ նրա դեմ պայքարելու։ Ես ասել եմ՝ եթե նա բաներ ասի, որ ես ողջունեմ, կողջունեմ, բայց եթե բաներ ասի, որ չողջունեմ, ես չեմ ողջունելու։ Ես ասել եմ՝ կա՞ 23 մարդ, որոնք ինքնուրույն մտածում են։ Ես դա եմ ուզեցել ճշտել։ Այլապես իմաստ չեմ տեսնում այնտեղ գնալ ձրի ու ժամանակ ծախսել, ներվեր քայքայել՝ այն պարագայում, եթե պարզվի, որ մարդիկ կառավարվող են։ Ես հրապարակախոս եմ եւ շատ այլ բաներով կարող եմ զբաղվել»։

Պեպանյանն ասաց, որ պատասխան չի ստացել, քանի որ ընդամենը առաջարկել է, չեն հասցրել նորմալ քննարկել, թեեւ նա էլ չհերքեց, որ ինչ-որ մարդիկ համաձայնել են․ այո, ինչո՞ւ գնալ։
Նշենք, որ ՀԽ անդամները «նոր ֆորմատով» դեռ չեն հանդիպել Ստյոպա Սաֆարյանին՝ պարզելու, քննարկելու, թե ինչ են նրանից ակնկալում, նա էլ՝ իրենցից։ Արծրուն Պեպանյանն ասում է․ «Ակնկալելով չի, Հանրային խորհրդի մասին օրենք կա, էդ օրենքով ինքը գործելու է որպես ՀԽ նախագահ, ինքը ո՛չ թագավոր է, ո՛չ հրամանատար»։

Պարզվեց՝ ՀԽ մի խումբ անդամներ դեկտեմբերի 26-ին նախաձեռնել են հանդիպում եւ հրավիրել են նաեւ Ստյոպա Սաֆարյանին՝ քննարկելու, թե այս իրավիճակում ինչ են անելու։