Ո՞վ է այդ Մաշադյանը․ նա անվադողեր է հանում և 840 հազարի յուղ գողանում

Ո՞վ է այդ Մաշադյանը․ նա անվադողեր է հանում և 840 հազարի յուղ գողանում

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտել էին հոկտեմբերի 22-ին Երևանի Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակչուհի, 64-ամյա Ց. Բ.-ի առանձնակի դաժանությամբ սպանությունը: Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին մեղայականով ներկայացել էր նույն շենքի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանը: Հաղորդվել էր, որ նա ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է, սակայն երկար տարիներ նրանց միջև ոչ մի շփում չի եղել: «Կարելի է ասել՝ Գ. Մաշադյանն իր կյանքը վարել է եղբորից անկախ և նրանք երկար տարիներ միմյանց չեն հանդիպել»։ Հուզիչ պատմություն է, մնում էր գրվեր, որ եղբայրները իրար ճանաչել են 20 տարի անց՝ հնդկական կինոյի լավագույն ավանդույթներով՝ «նասկուց» ճանաչելով իրար։ 

Իհարկե, տարիներ առաջ, երբ մահացել էր Մաշադյանների հայրը, Գարիկը ներկա էր սգո բոլոր արարողություններին։ Առհասարակ, Մաշադյաններին առնչվող բոլոր պատմություններում մի հետաքրքիր նյուանս կա, բոլորը բոլորի հետ տարիներ ի վեր չեն շփվում։ Ռաֆիկ Մաշադյանն օրինակ, Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ ևս շփվել էր տարիներ առաջ, էլի՝ սգո արարողության ժամանակ։

Բայց սա դեռ բոլորը չէ։ Պարզվում է, որ Գարիկ Մաշադյանը ստաժավոր հանցագործ է։ Նրա անունով է հեղեղված Datalex տեղեկատվական համակարգում․ երկու քրեական և մոտ 150 վարչական գործերով։ Քրեական գործերի նյութերով՝ նա 2010 թ․նոյեմբերի 30-ին` ժամը 14:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի վճարովի ավտոկանգառում իր մոտ եղած ավտոպահեստամասային բանալիով քանդելու միջոցով գաղտնի հափշտակել է այդտեղ կայանված Թագուհի Ազիզյանին պատկանող «Տոյոտա ՌԱՖ-4 » մակնիշի ավտոմեքենայի պահեստային անվադողը` անվահեծով, վերջինիս պատճառելով զգալի չափերի` ընդհանուրը 50.000 ՀՀ դրամ գույքային վնաս: Իսկ ավելի վաղ, լինելով «Լյուդվիգ և որդի»  ՍՊԸ-ում հրամանագրված որպես վարորդ, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, հափշտակել է ՍՊԸ-ի կնիքը և ներկայանալով որպես հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն , գումարը կանխիկ կամ փոխանցման կարգով վճարելու կեղծ խոստումով , նույն կնիքով վավերացրել է 09.07.2008թ. «Մոսէսքո » ՍՊԸ-ի հետ կնքված առուվաճառքի պայմանագիրը և խաբեությամբ հափշտակել նշված պայմանագրի հիման վրա թիվ 535 հաշիվ ապրանքագրով ստացած խոշոր չափի` 842.400 դրամ ընդհանուր արժողությամբ «Վալվոլայն » 10 W 40 տեսակի յուղը:

Ըստ մեղադրականի՝ նա այնուհետև նույն եղանակով խաբեությամբ տիրացել է «Մաքսհուր» ՍՊԸ-ից ստացված խոշոր չափի` 1.867.500 դրամ արժողության դիզելային վառելիքին, 687.000 դրամ արժողության «Թեկսակո» շարժիչի յուղին, 649.572 դրամ արժողության «Շելլ» 15 W 40 շարժիչի յուղին։