ԹԵԺ ԱՇՆԱՆ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎԸ

ԹԵԺ ԱՇՆԱՆ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎԸ

Հայաստանում քաղաքական եղանակների հերթագայությունը, որպես կանոն, աննկատ է անցնում: Եթե Սերժ Սարգսյանի ավտորիտար կառավարման ընթացքում քաղաքական չորս եղանակներից միայն մեկի՝ գոլ աշնան եղանակային պայմաններն էին թելադրող, ապա Սարգսյանին հաջորդած Նիկոլ Փաշինյանի կառավարման այս մեկուկես տարվա ընթացքում միշտ տոթ ամառ է: 

Հայաստանում քաղաքական այս աշնան մեկնարկը տրվել էր դեռ օրացուցային ամռան ընթացքում, երբ մայրաքաղաքի կենցաղային աղբը սկսեց հոսել ապականված գետի պես՝ վերածվելով քաղաքական գործոնի եւ ի ցույց դնելով ոչ միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության հերթական ձախողումը, այլեւ հեղափոխության անզորությունը, ավելի ճիշտ՝ հետհեղափոխական Հայաստանի անզորությունը:  
Առավել ուշադիր դիտարկման դեպքում պարզ է դառնում, որ այն իրականում պետականության կերտման անզորություն է: Մի կողմից՝ նոր իշխանությունների փորձառության եւ գիտելիքների, Հայաստանի ներկայի ու ապագայի մասին պատկերացումների բացակայությունը, մյուս կողմից՝ մոռացված արդարության վերադարձի անհուսությունը եւ արդարադատության հաստատման խառնաշփոթը, երրորդ կողմից՝ հին Սահմանադրությամբ Նոր Հայաստանի կերտման արգելափակումը, չորրորդ կողմից՝ Հայաստանի ինքնիշխանության վերականգնման երկյուղածությունը Նոր Հայաստանի պետականությունը քայքայում են նույնքան ջանադրաբար, որքան ջանադրաբար միավորվում են հակահեղափոխության օջախները: 

Տարբերություններով հանդերձ՝ Սարգսյանի եւ Փաշինյանի կառավարման ընթացքում քաղաքական եղանակները երկու ընդհանրություն ունեն՝ նախ, եղանակային պայմանները մեծապես թելադրում են հենց իրենք, եւ երկրորդ՝ այդ եղանակները, իրականում, զուրկ են քաղաքական հիմքից: Եթե Սարգսյանի կոռումպացված եւ օտարահաճո իշխանության համար քաղաքականությունը չարիքների արմատն էր եւ իշխանության հռչակյալ թշնամին, ապա Փաշինյանի իշխանության համար քաղաքականությունը նույնքան երեւութական է՝ վիրտուալ է, որքան վիրտուալ է Նոր Հայաստանի արդեն մաշվող իշխանությունը: 

Սակայն պետականությունը վիրտուալ տարածք չէ. այն անհնար է կառուցել սոցցանցային գրառումներով, կեղծ օգտատերերով եւ ուղիղ եթերների որոշակի պարբերականությամբ, որտեղ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ գտնում է հերոսանալու թաքնված կածանը: Սակայն «ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, եթե չլինեին» քաղաքականությունը եւ իշխանությունը: Քաղաքականության մասին Փաշինյանի պատկերացումներն այսօր անգամ ավելի նեղ են, քան մինչեւ հեղափոխությունն էին: Բացի այդ, քաղաքականության ոլորտում Փաշինյանը ոչ այնքան ճկուն է, որքան՝ անսկզբունք, եւ անգամ վատ հիշողությամբ տառապող հանրության մեջ միշտ կլինի մեկը, ով կհիշի այդ մասին: Եթե քաղաքականությունը հաղթում է հերոսին, ապա իշխանությունը կարող է անգամ զգտնել նրան, մանավանդ երբ իշխանության փրփրաբաշ գինին սկսում է արբեցնել: Այդպես են հեռանում իշխանությունները՝ արբեցած իշխանությամբ եւ ձախողելով քաղաքականությունը:

Եվ եթե Սերժ Սարգսյանի քաղաքական եղանակի հեղձուկը խեղդում էր անձրեւաբեր ամպերի չգոյությունը, ապա Փաշինյանի տոթ ամառը խանձում է հեղափոխության մարող կրակների ծխից: Սարգսյանի եւ Փաշինյանի իշխանությունը մեկ ընդհանրություն եւս ունեն՝ երկուսն էլ կառավարում են ընդդիմության փաստացի բացակայության պայմաններում:

Սակայն եթե Սարգսյանի կառավարման ընթացքում պաշտոնական՝ կեղծ ընդդիմությունը նշանակովի էր, իսկ իրական ընդդիմություն լինելն անհեռանկար էր եւ վտանգավոր, ապա Փաշինյանի կառավարման ընթացքում ընդդիմություն լինելը համարվում է անպատվաբեր այն պարզ պատճառով, որ ներքաղաքական պայքարի խաչմերուկում կարող ես հանդիպել Քոչարյանի աջակիցներին: Քաղաքական օրակարգից զուրկ Հայաստանում Քոչարյանի իրավական եւ քաղաքական պատասխանատվության թեման դարձավ օրակարգային հարց ոչ այն պատճառով, որ նախկինների պատասխանատվության հարցը միշտ օրակարգային է, առավել եւս՝ հեղափոխական եւ հետհեղափոխական հանրության համար, այլ այն պատճառով, որ այդ թեման հնարավորություն է տալիս թե՛ Քոչարյանին, թե՛ Փաշինյանին գոյատեւել քաղաքական օրակարգի բացակայության պայմաններում:

Հայաստանում, ուր վերջին տասնամյակում քաղաքականությունը կերտում են կեղծ քաղաքական օրակարգի կամ դրա իսպառ բացակայության, գաղափարազրկության եւ կուսակցական դաշտի ամայության պայմաններում, ընդդիմության ծանր խաչը տանել քչերն են համաձայնում, մանավանդ որ այդ խաչի տակ կա՛մ կքում են, կա՛մ այն տանելու ընթացքում բարձրացնում «Մի պաշտոն էլ ինձ տվեք» կարգախոսը:  

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Նիկոլին ընդդիմություն լինելն իրականում բարդ է: Նախ, Փաշինյանն ինքն է ստանձնել ընդդիմության դերը՝ նա իշխանություն է, երբ ընտանյոք հանդերձ կառավարում է, արտերկիր ու Հայաստանի մարզեր մեկնում, եւ ընդդիմություն է, երբ դատաիրավական վերադասավորումներ է իրականացնում: Իշխանություն է, երբ Ամուլսարի շահագործման որոշում է կայացնում, եւ ընդդիմություն է, երբ Ազգային ժողովում հրահանգում է տապալել իր իսկ թիմի առաջադրած ՍԴ դատավորի թեկնածուներին: Իշխանություն է, երբ վայելում է  սահմանադրական գերլիազորությունները, եւ ընդդիմություն է, երբ նոր Սահմանադրության ընդունման պահանջ է դրվում: Փաշինյանի՝ իշխանություն-ընդդիմություն հերթագայությունը պայմանավորված է հանրային տրամադրությունների փոփոխվող կորով:

Թեպետ անգամ արագորեն նվազող հանրային աջակցության պայմաններում Փաշինյանը կարողանում է բորբոքել ներհասարակական խարույկը, մանավանդ որ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Մանուկյան-Տիգրան Սարգսյան քառամիասնության մեջ հայտնված մերձքաղաքական միավորումներն ու գործիչները զուրկ են հանրային աջակցությունից, ըստ այդմ՝ քաղաքական լեգիտիմություն չունեն: Սակայն ներհայաստանյան քաղաքական պարադիգման այն է, որ Փաշինյանի համար դա ամենահարմարավետ ընդդիմություն է՝ առանց հանրային աջակցության: Հենց այդ ընդդիմությունն էլ նրա ակամա քաղաքական հենարանն է: Հայկական թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը սկսել էր գայթել հետհեղափոխական հենց առաջին ամիսների ընթացքում՝ հետագայում տեղապտույտ ապրելով եւ ապա՝ ձախողելով: Թեպետ, իրականում, հեղափոխության ձախողումը հայ հասարակության ձախողումն է:

2019թ. քաղաքական թեժ աշնան մեկնարկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել է հեղափոխության հաջորդող շաբաթների ընթացքում՝ ապաքաղաքական խորհրդարան ձեւավորելով, հին Սահմանադրության կործանարար գինին ըմպելով, քաղաքական հեղափոխական բարեփոխումները ձախողելով, հանրային տրամադրությունների ուղղորդմամբ, կադրային թնջուկով եւ արտաքին քաղաքականության երկչոտությամբ:
Ներհայաստանյան իրադարձությունների զարգացման կորագիծը վկայում է, որ հետագա դեպքերն այլեւս անկառավարելի են դառնալու, եւ դրանք ուղղորդելն անհնար է: Հեղափոխության մսխման եւ պետականության ձախողման, հասարակական աճող անհամաձայնության պայմաններում քաղաքական տոթին եւ երաշտին միշտ էլ հաջորդելու է հորդառատ անձրեւը: