Ռուսաստանում աշխատող հայերին առնչվող հաղորդումները կարոտ են պարզաբանման

Ռուսաստանում աշխատող հայերին առնչվող հաղորդումները կարոտ են պարզաբանման

Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցներին առանց բավարար հիմնավորումների աշխատանքից ազատելու մասին բազմաթիվ հրապարակումները, որոնց մի մասում, ի դեպ, ներկայացվում էին նաեւ այդ տխուր իրողությունն ապացուցող փաստաթղթեր, ստորագրությունների լուսանկարներ, Հայաստանում կարծես թե համարժեք արձագանքի չարժանացան: Մինչդեռ դա կարող է երկու երկրների հարաբերություններում առաջացած նոր խութերի, ավելի ճիշտ՝ ռուսական կողմի համար անհաճո ինչ-ինչ նոր հանգամանքների մասին հստակ ազդանշան լինել:

Երբ վերը նշված հաղորդումներին գումարվեցին նաեւ մամուլում տարածված տեղեկությունները, որ ՌԴ տարածքում աշխատող հայ տաքսիստներին զանգվածաբար անջատում են «Յանդեքս» ծառայության համակարգից, ինչի հետեւանքով վերջիններս այլեւս չեն կարողանում պատվերներ ընդունել, պարզ դարձավ, որ այս ենթադրությունն ամենեւին հիմնազուրկ չէ:   

Իհարկե, թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ տեղեկության հետ կապված՝ ռուսական կողմից հնչեցին ինչ-որ վախվորած, անհամոզիչ հերքումներ, բայց դրանց արժեքը հո բոլորս էլ լավ գիտենք: Ի դեպ, եթե այս համատեքստում հիշատակենք նաեւ Ռուսաստանի իշխանությունների կողմից ավելի վաղ հայ միգրանտների ու առհասարակ ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ մուտքի թույլտվության հետ կապված արհեստական, հաճախ ակնհայտ անարդարացիորեն հարուցված բարդությունները, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:

Ի՞նչ է կատարվում, հիմա՞ ինչ է տեղի ունեցել: Հետեւելով հայաստանյան «թավշյա հեղափոխությանն» անմիջապես հաջորդած՝ ռուսական լրատվամիջոցների հրապարակումների, հատկապես հեռուստահաղորդումների ակնհայտ հակահայկական միտումներին, կարելի էր ենթադրել, որ ներկայումս տեղի ունեցող գործընթացների պատճառը հենց այդ՝ Մոսկվայի համար մի շարք գործոններով պայմանավորված խիստ անհաճո հեղափոխության մեջ է թաքնված: Սակայն որոշ ժամանակ անց, երբ Հայաստանի նոր իշխանություններն ամեն կերպ հավաստեցին, որ Երեւանի արտաքին քաղաքական կողմնորոշումներում ու հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվելու, այդ ալիքը կարծես թե փոքր-ինչ մարեց:

Մինչդեռ այժմ ականատես ենք լինում ավելի տագնապեցնող միտումների: Ռուսաստանում հաց վաստակող եւ իրենց ընտանիքներին կերակրող հարյուր հազարավոր հայաստանցիներին կամ հայազգի անձանց հետեւողականորեն աշխատելու հնարավորությունից զրկելը չափազանց ցավոտ անդրադարձ կարող է ունենալ Հայաստանի վրա, ու այս մասին, դեռեւս տարիներ առաջ, Հայաստան կատարած այցի ժամանակ ակնարկել էր հենց Վլադիմիր Պուտինը՝ ասելով, թե Ռուսաստանում այժմ ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Էլ չենք խոսում այն մասին, որ պատմաքաղաքական բազմաթիվ հանգամանքների բերումով վերջին տարիներին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ձեռք են բերել խիստ յուրահատուկ բնույթ, եւ այդ հարաբերություններում առկա փխրուն հավասարակշռության խախտումը, գոնե Երեւանին, ոչ մի լավ բան չի խոստանում:         

Ինչեւէ, վերադառնալով այս միտումների հնարավոր պատճառներին՝ նկատենք, որ դրանք թերեւս կարող են կապված լինել կա՛մ ԵԱՏՄ պարտավորությունների շրջանակում Հայաստանի դրսեւորած վարքագծի, կա՛մ էլ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի շուրջ ծավալվող ինչ-ինչ՝ ոչ ակնհայտ խմորումների հետ: Երկու դեպքում էլ Երեւանը դիվանագիտական լուրջ ջանքեր գործադրելու անհրաժեշտության առջեւ է կանգնած: Կամ էլ առնվազն պետք է հայ հանրությանը համոզի, որ վերը հիշատակված հաղորդումները բացարձակապես անհիմն են, ու անհանգստանալու կարիք ամենեւին չկա: