Հանուն Արցախի

Հանուն Արցախի

Արցախը նորից Հայաստանից առաջ անցավ` 2020 թվականից հետո երրորդ պետնախարարն է փոխվում, անգամ նախագահի աթոռին նստած անձը, որն ընդամենը մի քանի ամիս էր պաշտոնավարել պատերազմից առաջ, հրաժեշտ տվեց այդ աթոռին:

Թեեւ բոլորը հասկանում են, որ պատերազմում պարտության գլխավոր մեղավորը նստած է Երեւանում: Իսկ Երեւանում նստածը հերթական հարցազրույցն է տալիս օտարերկրյա լրատվամիջոցին, եւ լրագրողի հարցերն ու շեշտադրումներն ավելի տրամաբանական են, քան 5 տարուց ավելի երկիրը ղեկավարած անձի պատասխանները, որն ընդամենը մի քանի խեղճուկրակ պահանջ ունի թշնամուց, որ նա ճանաչի մեր 29,8 ք/կմ-ն, մեզ հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, «որն իր մեջ կունենա մեխանիզմներ, որոնք ի վիճակի կլինեն իսկապես երաշխավորել խաղաղությունը», եւ մի խառնափնթոր միտք. «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցերի հասցեագրում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»:

Եթե սա պարզեցնենք, խնդրանք է` ուղղված մեր հակառակորդին, թե թողեք՝ արցախցիք գոյատեւեն ձեր երկրում: Եվ դա էլ ասվում է, որ չասեն՝ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախից ու արցախցիներին հանձնել թշամուն` հոշոտման: Բայց Հայաստանը դեռ Հայաստանի իշխանությունը չէ, այլ նաեւ մոտ 3 միլիոն մարդիկ են, որոնք ամեն հնարավոր եղանակով ցուցադրում են իրենց անհանգստությունն Արցախի եւ նրա խնդրի վերաբերյալ:

Սեպտեմբերի 2-ին էլ հերթական անգամ ցուցադրեցին` այցելելով Հայաստանում Արցախի ներկայացուցչություն եւ մասնակցելով Ազատության հրապարակի հանրահավաքին: Իհարկե, ցանկալի է, որ այլ դրսեւորումներ եւս լինեին` ավելի կտրուկ, ավելի գործնական: Բայց անկարող ու անկամ իշխանությունն անուժ եւ շփոթված հասարակություն է ծնում: