Այնքան են ատում Փաշինյանին, որ դարձել են անհամբեր, մշտապես ուշանում են եւ քաղաքական «բայղուշություն» անում

Այնքան են ատում Փաշինյանին, որ դարձել են անհամբեր, մշտապես ուշանում են եւ քաղաքական «բայղուշություն» անում

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը

- 2009թ․ մարտի 24-ին «Հրապարակում» անդրադարձել էինք մի հավաքի, որտեղ սորոսական կազմակերպություններն էին մասնակցում, Դուք նույնպես ներկա էիք։ Ի՞նչ է փոխվել այդ օրերի համեմատ սորոսական ՀԿ-ների եւ նրանց ազդեցության ու նրանց նկատմամբ վերաբերմունքի առումով։

- Թեպետ միջոցառումն անցնում էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, բայց մասնակից բարձրաստիճան պաշտոնյաները երրորդ նախագահին բաժին էին հասել երկրորդ նախագահից, ու նաեւ գրքերի տպագրությունն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները մի օրում չեն արվում ու գալիս էին դեռ Քոչարյանի ժամանակներից, ուստի ասել, թե չգիտեինք՝ ինչ ծավալի գործ էր անում Սորոսը ՀՀ-ում, տեղյակ չէինք, որ գրասենյակ ունեն, մեղմ ասած, լուրջ չէ, անգամ՝ գերագույն գլխավոր «բեխաբարի» պարագայում։ Միջոցառման մասնակից հանրային գործիչներ կային, որ լավ էլ համագործակցում էին Սորոսի գրասենյակի հետ, գրանտներ ստանում, բնական է՝ անուններ չեմ նշի, բայց իշխանությունները գիտեն, չէ՞, անուն առ անուն։ Այսօր այդ գործիչների մի մասը տեղավորվել է նախկինների թեւի տակ, ու պայքարում են Փաշինյանի դեմ։ Ստացվում է՝ Սորոսի բարի «վաստակները» պայքարում են Սորոսի չար «վաստակների» դե՞մ։ Երբ այդ մարդկանց համարում ես մեր պետության դեմ քայքայիչ գործունեություն իրականացնող, նրանց ով վճարեր, ինչ պատվիրեր, կանեին, այդ մարդիկ կա՛մ իրենք են դիմել ու ներգրավվել Սորոսի ծրագրերում, կա՛մ Սորոսի գրասենյակն է տեսել նրանց մեջ «դավաճանական» հակումներ ու հավաքագրել, հիմա էլ նույնկերպ է ընկալվում, երբ նույն մարդկանց նախկին իշխանություններն են փողի դիմաց հավաքագրել՝ հաշվի առնելով նրանց «անհայրենիք» էությունը, դարձյալ նրանց միջոցով օրվա իշխանության դեմ են պայքարում, կատարում պետության դեմ քայլեր։ Ու եթե կան գործիչներ, որ պայքար են մղում «սորոսիզացիայի» դեմ, պարբերաբար հրապարակում, թե ով որքան գումար է ստացել, բայց մոռանում են հրապարակել այն «վաստակների» անունները, որոնք հիմա նախկին իշխանություններինն են դարձել, դրանով իրենց պայքարը Սորոսի դեմ չե՞ն դարձնում անսկզբունքային ու անարդյունավետ։ Ուստի, կողմնորոշվեք՝ գուցե Սորոսը միայն բացասակա՞ն ծրագրեր չի իրականացնում մեր երկրում, իսկ եթե, ըստ մեր նախկինների, միայն բացասական են դրանք, ապա ստացվում է, որ Սորոսի գրասենյակն իր քայքայիչ գործունեության նպատակով հավասարապես կադրեր է մատակարարում թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։
Տարիներ առաջվա այդ միջոցառման ժամանակ թե՛ բարձրաստիճան պաշտոնյաները ու թե՛ հանրային գործիչները, որ այսօր Փաշինյանի՝ ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված ցանկացած բառը քննադատում են, ոնց որ թե այն ժամանակ չէին նկատում, որ հայոց լեզվով գիրք էր բաժանվում այդպիսի ներկայացուցչական միջոցառման ժամանակ, ու որ գրքի երեսի քարտեզի վրա Արցախ գոյություն չուներ, տարրալուծված էր Ադրբեջանի կազմում։ Ուստի, այսօր այդ նույն գործիչների՝ Արցախի հարցով խիստ մտահոգությունն ընդամենը մեղմ ժպիտ է առաջացնում։ 
Հետո էլ նախկին իշխանավորների ներկայացուցիչները սրտնեղում են, թե Փաշինյանն ամեն անգամ մարդու իրավունքներն է ոտնահարում, բայց արեւմտյան կառույցները չեն արձագանքում այնպես կոշտ, ինչպես դա անում էին նախկինների ժամանակ։

- Սխա՞լ են ասում, մինչ օրս Քոչարյանին մեղադրում են, թե ժամանակին փակել է «Ա1+» ու «Նոյյան տապան» հեռուստաալիքները, իսկ այսօր, երբ Փաշինյանն ակնարկում է, թե կան հեռուստաընկերություններ, որոնց հետեւում նախկիններն են կանգնած, ու հող է նախապատրաստում այդ ալիքները փակելու համար, արդյոք Արեւմուտքի կողմից կարժանանա՞ նույն գնահատականին։

- Նախ, ժամանակին հեռուստաընկերությունների վրա նախկին իշխանությունները սահմանել էին տոտալ վերահսկողություն, եւ Ձեր նշած ալիքները դուրս էին իշխանական ազդեցությունից, դրա համար էլ փակեցին, ու դա քաղաքակիրթ աշխարհը որակեց խոսքի ազատության սահմանափակում, իսկ այսօր իրականությունն այլ է։ Մասնավոր հեռուստաալիքներն ուղղակի կամ միջնորդավորված գրեթե ամբողջությամբ գտնվում են նախկին իշխանությունների ազդեցության տակ, ու սա դեռ ամենը չէ․ վերջիններս ասում են, թե ինչու հանրայինն իրենց էլ իշխանությունների հետ հավասար ուշադրություն չի դարձնում։ Ստացվում է՝ բոլորը մեզ, հանրայինն էլ բոլորի՞նս։ Բայց Հ1-ը չի կարող հասարակական լայն սպեկտրը ներկայացնել արդյունավետ ձեւով ու այդ մի ալիքով հանրային շահերի սպասարկման բալանսավորողը լինել։ Ուստի ոչ թե մասնավոր հեռուստաալիքի փակման մասին է խոսքը, այլ հաճախականությունների մրցույթի ժամանակ նախապատվություն տալու այն առաջարկներին, որոնք կապահովեն բազմակարծություն, քանի որ հիմա խոսքի ազատությունը սահմանափակվում է նախկինների հեռուստաալիքների կողմից, որոնք չեն հանդուրժում այլակարծություն։ Ուստի մրցութային հանձնաժողովը մի քանի դեպքերում պետք է հաղթող ճանաչի այն առաջարկները, որոնք կապ չեն ունենա նախկինների հետ։

- Բայց չե՞ք կարծում, որ հիմա էլ իշխանությունները կփորձեն իրենց վերահսկողության տակ առնել հեռուստաընկերությունները։

- Նման մտավախություն չունեմ, քանի որ իշխանությունները ո՛չ նյութական, ո՛չ էլ կադրային այնքան ռեսուրս չունեն, որպեսզի մի քանի հեռուստաալիք աշխատեցնեն ու որակյալ «կոնտենտ» ապահովեն, ուստի ոչ թե պետք է եղածն ամբողջությամբ մերժեն, ու դրանք անցնեն իշխանությունների ազդեցության տակ, այլ գոնե մի քանիսը չլինեն նախկինների ազդեցության տակ։ 

- Բայց ո՞վ է խանգարում իշխանության ներկայացուցիչներին, որպեսզի գնան ու մասնավոր հեռուստաալիքներով իրենց տեսակետները հայտնեն եւ դրանով ապահովեն բազմակարծություն, երբ մշտապես հրավիրում են իրենց, իսկ իրենք մերժում են։ 

- Երբ մասնավոր հեռուստաընկերության հաղորդումներին հյուր են գնում իշխանության ներկայացուցիչներ, եթե անգամ նրանցից ոմանք այդքան էլ լուրջ կերպարներ չեն, միեւնույն է, իրենց այցելությունով լրջություն են հաղորդում հեռուստաալիքին։ Բայց հրավիրում են իշխանության ներկայացուցիչների ու նրանց դեմ կիրառում էժանագին հնարքներ։ Տեսել ենք, թե հաղորդավարն ինչպես է վարում հաղորդումը, երբ հյուրը յուրային է։ Մոռանում է իր պրոֆեսիոնալ կոչումը, հյուրի հետ դառնում մեկ ամբողջություն ու «պասերով», իրար օգնելով՝ փորձում են ասելիքը համոզիչ դարձնել, իսկ երբ նույն հաղորդավարի հյուրն է իշխանության ներկայացուցիչ, դարձյալ դուրս է գալիս իր պրոֆեսիոնալ կերպարից, դառնում կոնֆլիկտի կողմ ու հարձակվում հյուրի վրա։ Ամեն ինչ անում է, որ իշխանության ներկայացուցիչը չկարողանա անգամ մի նախադասություն մինչեւ վերջ ասել, ընդհատում է ու նոր հարց տալիս, քննադատական խոսքեր հնչեցնում, որակումներ տալիս։ Եթե պետք է հյուրի համար դիսկոմֆորտ իրավիճակ ստեղծեն, չթողնեն, որ ասելիքը հասցնի հանրությանը, իրենք են խոսելու ու քննադատելու, ուրեմն թող խոսեն ու քննադատեն առանց իշխանական հյուրի, իրենք իրենցով հավաքվեն ու հաղորդման որակն իջեցնեն շենքի բակի «զրուցարանի» բամբասանքի մակարդակի։ Այո՛, լրագրողներն ու աշխատակազմը կարող են բարձր պրոֆեսիոնալներ լինել, բայց նաեւ գիտենք, որ ով վճարում է, նա էլ «երաժշտությունը պատվիրում է»։ Ուստի եթե պատվիրատուն ժամանակի պահանջներին համահունչ չի պատրաստվում փոխվել, ուրեմն նրան պետք է փոխի մրցութային հանձնաժողովը։ Հեռարձակման լիցենզիան անժամկետ չէ, նաեւ դրա համար։ Հեղափոխությունից առաջ հեռուստաեթերը ողողված էր ռաբիս երգերով, անճաշակ հումորներով ու սերիալներով, որպեսզի մարդկանց, ըստ իրենց, զոմբիացնեին ու նրանց հետ վարվեին այնպես, ինչպես կուզեին։ Բայց մարդիկ հեռացան հեռուստաէկրանից, նստեցին համակարգչի առաջ, ամեն ինչ էլ տեսան, հասկացան ու մերժեցին ժամանակակից պահանջներից հետ մնացած ու իրենց վարքուբարքը հանրությանը պարտադրող իշխանություններին։ Բայց այժմ համացանցային տեղեկատվական ու քարոզչական «աղբից» զզված (է՛լ հրեշավոր ապատեղեկատվություններ, է՛լ աշխարհակործան սենսացիաներ, է՛լ «յոթ հարկանի» հայհոյանքներ), իսկ այնտեղ վերահսկողություն սահմանելը կամ կանոնակարգելը շատ ավելի դժվար է, մարդիկ հազիվ վերադարձել են ու նստել հեռուստացույցի առաջ, բայց իրենց պաշտոնավարման ժամանակ հանրությանը եթերային տեռորի ենթարկածները հիմա էլ դարձել են ընդդիմադիր «տեռորիստներ» ու փորձում են իրենց վերահսկողության տակ պահել ողջ եթերային տիրույթը։

- Փաստորեն, հայտնի անեկդոտի ոճով, կարծում եք, որ այս իշխանությունները ոչ մի բանում մեղավո՞ր չեն։ 

- Իշխանությունները շատ սխալներ են անում, բայց քաղաքական դաշտում չեն երեւում ընդդիմադիր այնպիսի ուժեր, որոնք իրենց որակով զգալիորեն գերազանցում են նրանց, որպեսզի հանրությունն էլ հասկանա, թե ինչն ինչով կամ ում ումով է փոխելու ընտրությունների ժամանակ։ Ուղղակի ասում են՝ այս իշխանությունների օրերը հաշված են, նրանք հասարակական վստահություն չունեն ու ընդդիմության ամեն մի քննադատությունից սարսափում են։ Ժամանակին մի քաղաքական ուժ էր տարիներ շարունակ ասում, թե ռեժիմը խուճապի մեջ է, Սերժ Սարգսյանի առողջական վիճակն էլ լավ չէ, բայց ռեժիմը տապալվեց միանգամայն այլ ուժի կողմից, ու այն ժամանակ, երբ օրվա իշխանությունները կարծում էին, թե ամեն ինչ արել են իրենց իշխանությունն առնվազն քսան տարով երկարաձգելու համար։ Իսկ այսօր գրեթե ողջ ընդդիմադիր դաշտն է խոսում, թե իշխանությունը խուճապի մեջ է, պառակտվում է, Փաշինյանի առողջական վիճակն էլ լավ չէ, ցանկացած պահի կարող է հրաժարական տալ։ 

Մեզ ընդդիմություն է պետք՝ երկրի զարգացման լուրջ ծրագրերով, ապագայի տեսլականով, կուռ թիմով, փորձառու կադրերով, լայն քաղաքական ու հասարակական կոնսոլիդացիայի ունակ։ Ու այնպես չէ, որ չունենք, ուղղակի այնքան են ատում Փաշինյանին, որ դարձել են անհամբեր, այնքան են շտապում, որ մշտապես ուշանում են եւ քաղաքական «բայղուշությունից» դեռ չեն կարողանում անցնել հաջորդ փուլ, միայն հայտարարում են իշխանության օր առաջ հեռանալու անհրաժեշտության ու մի քանի օր հետո անխուսափելիորեն հեռանալու փաստի մասին, որն այդպես էլ տեղի չի ունենում, ժողովուրդն էլ հիասթափվում է՝ դեռ իրենցով մի կարգին չհիացած։