2018-ին վստահ էինք, բայց վիճարկելու բավարար փաստեր չունեինք 

2018-ին վստահ էինք, բայց վիճարկելու բավարար փաստեր չունեինք 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան  էջում օրերս գրել էր. «Ժողովրդավարության դասեր տալուց առաջ լավ կլինի նա պատասխանի հետեւյալ հարցին՝ 2018-ի դեկտեմբերին ո՞ւր կորան Հանրապետականին ընտրողների կողմից տրված 50-60 հազար հավելյալ ձայները»: Երեկ «Փաստ» թերթը նշել էր, որ, իր տեղեկություններով, «Աշոտյանի այս հայտարարությունը պատահական չէ, եւ ՀՀԿ-ն այս ընթացքում նոր փաստեր է հավաքել, ու հանրապետականներն այս թեման լուրջ քննարկման առարկա են դարձնելու, ինչը կարող է ստվեր նետել թե՛ 2018 թվականի ընտրությունների, թե՛ ներկայիս խորհրդարանի լեգիտիմության վրա»։ Չնայած պարզ չէ, թե ինչպես են ընտրություններից 2 տարի անց բարձրացնում ընտրակեղծիքների հարցը եւ վիճարկում ընտրությունների արդյունքները։

Մենք Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք, թե ինչու 2018 թ․ արտահերթ ընտրությունների արդյունքները ժամանակին չբողոքարկեցին, չդիմեցին դատարան, ԿԸՀ, չպահանջեցին վերահաշվարկներ անել, փաստեր չներկայացրին եւ հիմա՝ 2 տարի անց, բարձրացնում են իրենցից գողացված ձայների հարցը։ Արդյոք սա նույնքան անիմաստ չէ՞, որքան մանանեխը ճաշից հետո, եւ ինչպե՞ս են ապացուցելու ընտրակեղծիքների փաստը։ Արմեն Աշոտյանն ի պատասխան ասաց: «Համաձայն չեմ ձեւակերպման հետ, որովհետեւ տվյալ ձեւակերպումն արդար չէ։

Ընտրություններից անմիջապես հետո մենք ասել ենք, որ Հանրապետականի ձայները նվազեցվել են, ընթերցեք այդ ժամանակվա մեր բոլոր հարցազրույցները, եւ մենք հենց այդ պահին ենք ասել, որ ՀՀԿ-ն անցել է, եւ, ի դեպ, ողջ հանրապետությունը վստահ էր, որ ՀՀԿ-ն անցել է։ Հաշվարկի այդ փնթի տեխնոլոգիաները, որ կիրառվեցին, ընդհատումները հաշվարկի, հիշում եք, հեռուստատեսություններից մեկով, պարտադրանքը՝ անցնել բացառապես ԿԸՀ թվերին եւ այլն։ Այնպես որ, մենք հենց այդ պահին ենք ասել, որ իրականում հաղթահարել ենք 5 տոկոսը եւ պետք է լինեինք ԱԺ-ում։ Նիկոլն ամենասկզբից ընտրարշավը նվիրեց նրան, որ մեզ չթողնի պառլամենտ, ի հեճուկս՝ ժողովուրդը ձայն տվեց։ Օֆիցիալ 60 հազարին, մեր հաշվարկով, առնվազն 50-55 հազար ձայն մեզնից պակասեցվել է։ Եվ մենք միշտ ասել ենք, որ Հայաստանում նոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ փաստեր են ի հայտ գալու, թե ինչպես են կեղծվել 18 թվականի ընտրությունները, որպեսզի ՀՀԿ-ն չհաղթահարի 5 տոկոսանոց շեմը։ Իրականում մեր արդյունքը երկրորդ-երրորդն էր»։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ այն ժամանակ չվիճարկեցին, մանավանդ որ ընտրարշավի ու բուն ընտրական գործընթացի (խախտումների) մասին էլ, ինչպես պնդում են, բազմաթիվ փաստեր ունեին։ Արմեն Աշոտյանն ասաց՝ պարզապես իրավական տեսակետից Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու համար քաղաքական որոշում կայացվեց՝ ՀՀԿ-ն ինքնանպատակ գործողությունների չի մասնակցելու։ Նաեւ ասաց, որ թեեւ վստահ էին, բայց  ընտրական հանձնաժողովներից եկած տեղեկատվությունը չէր բավարարում, որպեսզի այդ պահին դիմեին ՍԴ։ 

Իսկ հիմա խոսելն ի՞նչ իմաստ ունի։ ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ անցել է 2 տարի, ու տեղերից այնպիսի պատմություններ են ի հայտ գալիս, որ միայն վերահաստատում են իրենց նախնական  տեղեկություններն ու տպավորությունները։ «Ավելին ասեմ՝ Հայաստանում նոր իշխանափոխությունից հետո 18 թ․ ընտրությունների միֆը՝ որպես եզակի ժողովրդավար եւ արդար, վստահեցնում եմ՝ հօդս է ցնդելու»,- ամփոփեց Արմեն Աշոտյանը։